1976 թ-ի սեպտեմբերի 16-ը. Շավարշ Կարապետյանի հերոսական սխրանքը

1976 թ-ի սեպտեմբերի 16-ը. Շավարշ Կարապետյանի հերոսական սխրանքը42 տարի առաջ՝ սեպտեմբերի 16-ին, լողորդ Շավարշ Կարապետյանը Երևանյան լճում խորտակված ավտոբուսից դուրս բերեց 20 (ըստ որոշ աղբյուրների՝ 22) ուղևորի:

Շավարշ Վլադիմիրի Կարապետյանը ծնվել է 1953թ-ի մայիսի 19-ին Կիրովական (այժմ՝ Վանաձոր), ՀԽՍՀ) քաղաքում:

Նրա անցած սպորտային ուղին արժանի է գովասանքի միայն.  11-անգամ աշխարհի ռեկորդակիր, 17-անգամ աշխարհի չեմպիոն, 13-անգամ Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն ջրասուզալող սպորտաձևում։

Սուզալողի ռուսական ասոցիացիայի պատվավոր նախագահ։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և UNESCO-ի «Արդար խաղ» (Ֆեյր փլեյ) մրցանակով։ Աշխատել է պատանեկան դպրոցի տնօրեն։

2010 թ. մայիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Արիության մեդալով:

Դեռ գուցե շատ շարունակվեին նրա մարզական հաջողությունները, եթե չլիներ 1976 թ. սեպտեմբերի 16-ը: Այդ օրը նա եղբոր հետ մարզվում էր լճի ափին, երբ տեսնում է, թե ինչպես է ճանապարհից տրոլեյբուսը նետվում ջուրը ու սկսում սուզվել:

1976 թ-ի սեպտեմբերի 16-ը. Շավարշ Կարապետյանի հերոսական սխրանքըՏեսնելով կատարվածը, հաշվի չառնելով ոչ հոգնածություն, ոչ իր իսկ կյանքին սպառնացող վտանգը՝ անմիջապես նետվում է ջուրը՝ օգնություն ցույց տալու խեղդվող մարդկանց։ Այդ օրը տրոլեյբուսը գերծանրաբեռնված էր՝ 92 ուղևոր, որոնցից 46-ը, ցավոք, խեղդվում են: Շավարշ Կարապետյանին օգնում էր եղբայրը՝ Կամո Կարապետյանը։ Ականատեսները պատմում են, թե ինչպես է նա կարողանում ուժերի գերլարումով փրկել մարդկանց:

10 մետր խորության վրա՝ զրոյական տեսանելիության պայմաններում, Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրում է տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերում 20 ուղևորի։ Մյուս ուղևորներին փրկել չի հաջողվում:

Դեպքից հետո Շավարշ Կարապետյանը ծանր հիվանդանում է թոքաբորբով, արյան վարակում է ստանում, և այդ ամենը բերում է նրան, որ ավարտվում է հերոսի սպորտային կարիերան ու նա 23 տարեկան հասակում այլևս չի կարողանում վերադառնալ լողի ասպարեզ:

1976 թ-ի սեպտեմբերի 16-ը. Շավարշ Կարապետյանի հերոսական սխրանքըՀետաքրքիր է, որ Խորհրդային Միությունը փորձել է թաքցնել այս իրադարձությունը և միայն 6 տարի անց է բացահայտվել հերոսի անունը: Երբ լրագրողներից մեկը հարցնում է Շավարշին, թե ինչպես համարձակվեց նետվել ջուրը, չէ՞ որ դա վտանգավոր էր, Շավարշը պատասխանում է. «Իմ մասին մտածելու ժամանակ չկար: Մտածում էի միայն նրանց մասին, ովքեր հայտնվել էին ջրի տակ»:

Բժիշկների խոսքերով՝ գրեթե անհնարին էր, որ մարդ այդքան անգամ կարողանար սուզվել սառը (13 աստիճան) ջրի մեջ ու հանել մարդկանց:

Այժմ նա բնակվում և աշխատում է Մոսկվայում, և իր գործունեությունն ու բիզնեսն անվանել է «Երկրորդ շնչառություն»: Նրա անունով տիեզերքում անվանակոչվել է մի աստերոիդ, իսկ Ռուսաստանի Ռիբինսկ քաղաքում նրա անվան սուզալողի մրցումներ են անցկացվում:

Պատրաստեց Արմեն Նիազյանը՝

ըստ wikipedia-ի նյութերի