Յուրաքանչյուրը կարող է լցվել Սուրբ Հոգով. Ջոն Բիվեր

Իմ սիրտը տրտմում է, երբ քրիստոնյաներն անարգում են այլ հավատացյալներին այն պատճառով, որ նրանք չեն խոսում կամ աղոթում լեզուներով: Այդ եղբայրներն ու քույրերը Քրիստոսի մեջ պարզապես դեռ չեն վերապրել Հոգու այս զարմանալի պարգևը: Պետք չէ ամաչեցնել կամ թերագնահատել նրանց, որովհետև բոլորս մեկ ենք Քրիստոսում:

Լեզուներով խոսելու պարգևը հասանելի է յուրաքանչյուր հավատացյալի, և նրանք, ովքեր դեռ չեն խոսում լեզուներով, չեն զրկվել այս խոստումից: Հիսուսն ասաց. «Նրանց էլ, որ հավատացին, այս նշանները կհետևեն… նոր լեզուներով կխոսեն» (Մարկոս 16.17):

Աստված ի սրտե ցանկանում է, որ Իր բոլոր զավակները վայելեն մեր երկնային լեզուների զարմանալի առավելությունները:

Մենք պետք է միայն խնդրենք, և մեր երկնային Հայրը կտա Իր Հոգին: Եթե դուք արդեն խնդրել եք այս պարգևը, ուրեմն պետք է պարզապես սովորեք՝ ինչպես տրվել դրան:

Նախ և առաջ, մինչև կարողանաք ընդունել Սուրբ Հոգու լեցունությունը, դուք պետք է ընդունեք Հիսուս Քրիստոսին՝ որպես ձեր Տեր և Փրկիչ: Հիսուսն ասաց, որ այս աշխարհը (նրանք, ովքեր չեն ընդունել փրկությունը) չի կարող ընդունել Սուրբ Հոգին (Հովհաննես 14.17):

Եթե դուք արդեն Աստծո զավակ եք, բայց ձեր կյանքում գիտակցված և շարունակական մեղք կա, այն կխոչընդոտի, որ վայելեք Հոգու լեցունությունը: Աստված տալիս է Սուրբ Հոգին «Իրեն հնազանդվողներին» (Գործք Առաքելոց 5.32): Սա չի նշանակում, որ դուք պետք է կատարյալ լինեք, այլ, պարզապես, պետք է խոնարհեցնեք ձեզ Նրա առջև՝ անձնատուր լինելով Նրա կամքին: Երբ խոնարհեցնեք ձեզ, Աստված կտա Իր շնորհը, որպեսզի հաղթահարեք մեղքի որոգայթները, և դուք ևս մեկ անգամ բաց կլինեք Հոգու լեցունության համար:

Անհնազանդության ամենամեծ որոգայթներից մեկը շատ հավատացյալների կյանքում՝ վիրավորանքն է: Դուք պետք է գիտակցաբար ներեք նրանց, ովքեր սխալ են վարվել ձեր հանդեպ: Ես նկատել եմ, որ երբ վիրավորված հավատացյալը, ով ցանկանում է ընդունել Հոգու լեցունությունը, ներում է, Հոգին անմիջապես հայտնում է Իրեն. սա օրինաչափություն է՝ առանց բացառության: Հենց հիմա մի պահ կանգ առեք. ներեք նրանց, ովքեր սխալ են վարվել ձեզ հետ, և խնդրեք Աստծուն՝ ձեզ հաղորդել Իր սրտի վերաբերմունքը նրանց հանդեպ: