«Արվեստի գործառույթը այսօր մեկն է՝ մխիթարել մարդկանց». Վլադիմիր Սպիվակով

Սեպտեմբերի 12-ը աշխարհահռչակ ռուս դիրիժոր, ջութակահար, «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Սպիվակովի ծննդյան օրն է:

Հայերի ու Հայաստանի հետ Սպիվակովն ունի առանձնահատուկ բարեկամական կապեր: Ամուսնացած լինելով հայ ջութակահար, դիրիժոր Զարեհ Սահակյանցի դստեր՝ Սաթի Սահակյանցի հետ՝ նա առավել լայն գործունեություն է սկսել ծավալել մեր երկրում. համերգներ, մշակութային տարբեր հանդիպումներ, բարեգործական ակցիաներ և այլն:

2015թ-ին Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող համերգի ավարտին մի հին ավանդապատումից իմաստուն առաջնորդի խոսքը մեջբերելով՝ Սպիվակովը հայտնել է իր կարծիքը հայերի մասին. «Դուք աշխարհի լույսն եք, աստղերն եք, մաքրության տաճար եք, ձեզնից յուրաքանչյուրում տիեզերք է»:

Սպիվակովն այն անվանի արվեստագետներից է, ով աչքի է ընկնում իր անկեղծ քրիստոնեական հավատքով: Հատկանշական է, որ նրա համերգների ժամանակ երաժշտությունից բացի, բեմից հնչում են հատվածներ Աստվածաշնչից:

2016թ-ին հյուրընկալվելով Կոմիտասի նորաստեղծ թանգարան-ինստիտուտ՝ Վլադիմիր Սպիվակովը նշել է. «Պետք է պահպանել մարդկային ոգու նման բարձրությունը: Դրա օրինակը Կոմիտասն է, նրա կյանքն ու գործունեությունը, ծառայությունը: Հարկավոր է ծառայել: Աստվածաշնչում գրված է, որ մենք կոչված ենք ծառայելու, այլ ոչ թե ղեկավարելու»:

Եվս մի քանի ուշագրավ մեջբերումներ ներկայացնենք անվանի արվեստագետից.

«Արվեստի գործառույթը այսօր մեկն է՝ մխիթարել մարդկանց ու ներդաշնակեցնել նրանց զգացմունքները: Այսօր մարդիկ դարձել են մի տեսակ ցրված, մեկուսացած, անտարբեր, շուրջն իրոք այնքան շատ ատելություն կա, բայց չի կարելի թույլ տալ, որ այն զարգանա, քանի որ այն շատ վատ կավարտվի»:

«Ես վաղուց ապրում եմ այն զգացողությամբ, որ մենք պետք է ուշադիր նայենք մեր երեխաներին, պետք է լսենք նրանց, որովհետև նրանք մաքուր են: Մաքուր են նրանց մտքերը, նրանց սրտերում չկա ատելություն: Մենք պետք է վերադառնանք սկզբնաղբյուրին: Եթե մենք բոլորս Արարչի պատկերով ու նմանությամբ ենք ստեղծված, ապա այդ պատկերը մենք՝ մեծահասակներս, անողորմ կերպով ցածրացրել ենք, տրորել: Այժմ մենք կարիք ունենք ստեղծված իրավիճակից դուրս գալու: Այս դժվար գործում մեծագույն օգնականը արվեստն է՝ դարեցդար, սերնդեսերունդ, մարդուց մարդ փոխանցվող իր հարատև արժեքներով: Եվ այս հարցում մեզ կարող են օգնել մեր հրաշալի, տաղանդավոր երեխաները»:

«Երջանկության զգացողությունը տրվում է մարդուն ունեցածով կիսվելու միջոցով, երբ մարդը դուրս է գալիս իր եսից ու զգում, որ ինչոր մեկին կարող է երջանիկ դարձնել»:

«Անհատի լիարժեք ձևավորմանը օգնում են մեծ խոչընդոտները, որոնք հաղթահարման համար պահանջվում է ներքին ուժերի համատեղում»:

«Եթե մեզնից յուրաքանչյուրն անի թեկուզ մեկ բարի գործ, աշխարհը կդառնա կատարյալ, իսկ կյանքը՝ լուսավոր և ուրախ»:

 Պատրաստեց Գոհար Ավագյանը