Ես հաղթող եմ. դեպք Ռայնհարդ Բոնկեի կյանքից

Ժամանակ առ ժամանակ ինձ հրավիրում են մասնակցելու հեռուստահաղորդումների՝ կրոնական թեմաների քննարկման շուրջ: Մասնակիցները, սովորաբար, հանդիպում են հենց ուղիղ եթերից առաջ:

Մեկ անգամ, երբ ինձ հրավիրեցին հերթական հաղորդմանը մասնակցելու, ոչ ոքի չէի ճանաչում, մեզ պետք է ներկայացնեին: Նախքան հաղորդումը՝ ունեինք մի կարճ ժամանակ, երբ կարող էինք զրուցել իրար հետ:

Խոսակցությունը ձիարշավների մասին էր, քանի որ այդ օրերին Հուլիսյան Ձիարշավի  ժամանակն էր: Զրուցակիցներիցս մեկը խոստովանեց, որ աթեիստ է: Թվում էր, թե նա իր ձեռքի տակ ուներ բոլոր ձիերի և նրանց հեծնորդների անունները: Ես ոչինչ չէի կարող ասել, քանի որ շատ բան չգիտեի ձիարշավների և դրանց հետ կապված խաղադրույքների մասին: Այնպես որ լուռ նստել էի՝ ժամանակս անցկացնելով լուռ աղոթքի մեջ: Ուզում էի, որ Աստված առաջնորդեր ինձ այն քննարկման մեջ, որը շուտով պետք է սկսվեր:

Նրանք շարունակում էին քննարկել ձիերին ու խաղադրույքները, հետո, հանկարծ, հոգուս մեջ մի բան զգացի: Դա բարձրացրեց ինձ, և ես դիմեցի ձիերի այդ մասնագետին:

«Հիմա մի բան եմ ուզում ասել ձեզ ձիերի մասին,- ասացի ես:- Ես իմ բոլոր գումարները դնում եմ Հայտնության Գրքի Սպիտակ ձիու վրա»:

Այդ մարդը շփոթված ինձ նայեց ու կրկնեց. «Սպիտակ ձի՞, Հայտնության գրքո՞ւմ»:

Սպիտակ ձին, ըստ էության, միակ ձին էր, որի մասին ձիերի այդ մասնագետը երբեք չէր լսել:

«Լավ, ուրեմն ասեք ինձ, թե ո՞վ է այդ Սպիտակ ձիու հեծնորդը»,- հարցրեց նա:

Իհարկե, սա հենց այն հարցն էր, որ ես ակնկալում էի ստանալ:

«Հայտնության 19-րդ գլխում գրված է հեծնորդի անունը՝ «Հավատարիմ և Ճշմարիտ, և արդարությունով է դատաստան անում և պատերազմում»: Նա Աստծո Որդին է՝ Հիսուս Քրիստոսը,- ապա արագորեն ավելացրի,- և ես, պարո՛ն, ուղղակի խաղադրույք չեմ անում՝ իմ գումարները նրա վրա դնելով: Ըստ էության՝ ես ոչ մի գումար էլ չունեմ: Բայց ես դրել եմ իմ կյանքը և հոգին՝ հանուն Հիսուս Քրիտոսի, ու գիտեմ, որ պատրաստվում եմ հաղթել»:

Աթեիզմը ինտելեկտուալ վանդալիզմ է, և այդ աթեիստը ստիպված էր ընդունել, որ ինքը իր գումարները սխալ ձիերի վրա էր դնում:

Մենք գիտենք, որ պատրաստվում ենք հաղթել, որովհետև կարդացել ենք Սպիտակ ձիու վրա նստող Հաղթողի մասին Աստծո Գրքի վերջում: Մեզ համար վերջը կենդանի ապացույցն է: Սա հաստատումն է, որ Հիսուսը հավիտենական և տիեզերական Հաղթողն է:

«Ես հաղթող եմ…»՝ արշավներից մեկի ժամանակ երգում էր Աստծո ժողովուրդը Նիգերիայում: Ի՞նչ կասես քո մասին:

Աստված օրհնի քեզ: