Երբ Աստված խառնվում է մեր ծրագրերին…

Երբ Աստված խառնվում է մեր ծրագրերին…Վերջերս մենք մեկնում էինք հանգստի, և Աստված խախտեց մեր ծրագրերը: Մեր ողջ ընտանիքը մի քանի ժամ շարունակ անցկացրեց ինքնաթիռի մեջ, որպեսզի մի շաբաթ հանգստանա ծովի ափին մի հարմարավետ հյուրանոցում:

Երեկոներից մեկը ես մտադիր էի անցկացնել ընկերներիս հետ: Բայց նախօրեին իմ երեխաներից մեկը հիվանդացավ: Հաջորդ ողջ օրը ես անցկացրեցի հյուրանոցային համարում՝ տխուր հետևելով պատուհանից այն ամենին, ինչն ինձ այնքան մոտ էր, բայց, միևնույն ժամանակ, այնքան անհասանելի:

Իմ կյանքում շատ են նման խախտումները, անհարմարությունները, հուսահատությունները ու անսպասելի իրադարձությունները: Հիվանդության պատճառով քանդվում են մանրակրկտորեն մտածված ծրագեր: Ես կարող եմ այսպես շարունակել այս ցուցակը, օրինակ՝ հենց ամենաքիչ գումարն է լինում ձեռքումս, հանկարծ տանը սառնարանի կամ լվացքի մեքենայի հետ է մի բան կատարվում: Եվ այսպես շարունակ:

Իսկ խնդիրն այն է, որ նման անախորժությունների ես արձագանքում եմ ոչ համբերատար կերպով, որպես կանոն՝ բարկությամբ ու նյարդայնանալով: Ես գրեթե միշտ պատրաստ եմ երեխայի պես բղավել՝ «Սա արդար չէ» և իմ անհարմարությունների համար մեղավորությունը գցել ուրիշների վրա:

Կյանքի այս բոլոր հանգամանքները ինձ անակնկալի են բերում: Բայց Աստծուն չես զարմացնի: Սրանք, ես գիտեմ, որ պատահական ու անիմաստ դեպքեր չեն, այլ ունեն իրենց նպատակը: Իսկ Աստված օգտագործում է այդ իրավիճակները, որպեսզի փոխի մեզ ու դարձնի ավելի նման Քրիստոսին:

Աշխատանքի ճանապարհին խցանումը, հիվանդ երեխան կամ տնային պարագաների վրա մեծ գումարներ ծախսելու անհրաժեշտությունը թվում է, թե այնքան էլ հարմար «գործիքներ» չեն իմ սրբագործման համար, բայց հենց դրա համար են դրանք ծառայում: Որպես կանոն՝ կյանքի այս մանրուքները մենք բաց ենք թողնում՝ ակնկալելով, որ Աստված մեզ առավել նշանակալի ու մեծ մի բան կուղարկի, և մեր ողջ կյանքը կփոխվի:

Բայց իրական կյանքում հաճախ մանրուքները ստիպում են վստահել Աստծուն ու հնազանդվել Նրան: Մեզ չեն խնդրում կառուցել տապան, ոչ էլ խնդրում են, որ մեր որդուն զոհաբերենք մի հին սարի վրա: Ընդհակառակը, այդ փոքրիկ աննշան դեպքերով, որոնք այդքան նյարդայնացնում են մեզ, մենք հնարավորություն ենք ստանում ապավինելու Աստծուն ու Նրան տալու ողջ փառքը:

«Մենք ապրում ենք աննշան ու ոչ դրամատիկ դեպքերի շղթայում: Մենք ստիպված չենք ամեն օր ընդունելու որոշումներ, որոնցից կախված է կյանքն ու մահը: Մենք ապրում ենք փոքր աննշան դեպքերի դարաշրջանում: Իսկ բնավորությունը կերտվում է ոչ թե տասը գլխավոր իրադարձություններով, այլ տասը հազար մանրուքներով: Եվ հենց մանրուքների մեջ բացվում է այն, ինչ կա մեր սրտերում». գրում է Փոլ Թրիփը:

Օրինակ, քո առջև տրակտոր է մի նեղ ճանապարհի վրա, նրանից առաջ անցնելն էլ արգելված է, իսկ դու ուշանում ես կարևոր հանդիպումից: Բացի այդ, մեքենայիդ ակն էլ պայթել է: Հենց նման պահերին, երբ ամեն բան մեր կամքին հակառակ է, մենք փորձվում ենք. արդյոք ավազի՞ վրա ենք կանգնած, թե՞ ժայռի: Հավատո՞ւմ ենք, որ այդ մանրուքների մեջ էլ Աստված վերահսկում է մեր կյանքը: Հավատո՞ւմ ենք, որ Քրիստոսի Ավետարանն ունի իշխանություն ոչ միայն փրկելու մեզ հավիտենության համար, այլև զորություն տալու՝ հաղթահարել մեր կյանքի ամեն նման «ընդհատումները»:

Այս մանրուքներն են, որ մերկացնում են մեր մեղքերը: Սրանց շնորհիվ մեր աչքերը բացվում են, և մենք սկսում ենք տեսնել, թե որքան Ավետարանի կարիք ունենք մեր առօրյա կյանքի ամեն վայրկյանում:

Այս մանրուքները հնարավորություն են Աստծո շնորհի առավել ցայտուն դրսևորման: Քրիստոսին մտահոգում է մեր վերափոխումը, ոչ թե հարմարավետությունը: Նա չի տալիս մեզ հեշտ կյանք, այլ «խախտում» է այն Իր շնորհով, որպեսզի ցույց տա մեզ ամենաանհրաժեշտը մեր կյանքում՝ Իրեն:

Արդյոք դո՞ւք էլ ձեր կյանքի մանրուքներում տեսնում կամ որոնում եք Աստծո ձեռքը:

Քրիստինա Ֆոքս