Կես ժամ տևած ձկնորսությունը վերածվում է հնգօրյա փորձության

Այս զույգը առանց ջրի ու կերակուրի ծովում հինգ օր անցկացնելուց հետո փրկվում է:

Ամուսիններ Նադեժդան ու Միխայիլը՝ Նովոռոսիյսկ քաղաքից, ուղևորվում են կարճատև ձկնորսության Սև ծովում, բայց արդյունքում՝ ծովում անցկացնում են հինգ օր. ուժեղ քամու պատճառով նրանց նավակը հեռանում է ափից: Այդ հինգ օրերի ընթացքում նրանց միակ հույսն Աստված էր: Ամեն բան ավարտվում է, երբ հորիզոնում նավ է հայտնվում:

Զույգը ռետինե ձկնորսական նավակ էր գնել և ուղևորվել ծով ձկնորսության՝ Միսխակո շրջանում. տեղեկացնում է bog.news-ը: Սա է պատճառը, որ բացի ձկնորսական պարագաներից նրանք ոչինչ չէին վերցրել՝ կարծելով թե մեկ ժամից վերադառնալու են:

Սակայն ծովում ձուկ որսալուց մի փոքր անց ուժգին քամի է սկսվում, որը նրանց ձկնորսական նավակը հեռացնում է ափից: Փորձելով պայքարել ալիքների դեմ՝ զույգը կորցնում է թիակներից մեկը:

«Գիշերը մի կերպ անցկացրեցինք… Շատ ցուրտ էր, սպասում էինք, թե երբ է առավոտը գալու, որ արևի տակ տաքանանք: Բայց երբ արևը բարձրացավ, այն չէր տաքացնում, այլ փոխարենը՝ արևի այրող ճառագայթների ներքո մեր մաշկը այրվում էր այնպես, որ շերտ-շերտ սկսում էր դուրս գալ»,- պատմում է կինը՝ Նադեժդա Աչապկինան:

Հետագա օրերին հոսանքը նավակը Նովոռոսիյսկից հասցնում է մինչև Գելենջիկ, իսկ հետ էլ մինչև Ուտրիշ և Թամանի թերակղզի: Ընդ որում՝ մոտակայքով անցնող նավերը չէին նկատում զույգի նավակը, չնայած որ Նադեժդան ու Միխայիլը փորձում էին գրավել նրանց ուշադրությունը:

Ամեն օրվա հետ շատանում էին փորձությունները, ինչպես ֆիզիկական, այնպես էլ մտային: Ամեն բան ավելի վտանգավոր էր դառնում, երբ հորիզոնից կորչում էր ափը: Եվ բացի դա էլ՝ նրանց մոտ հալյուցինացիաներ էին սկսվում:

«Ծովը զարմանալի բան է,- կիսվում է Նադեժդան:- Մենք երկար ժամանակ չէինք ընդունում, մտածում էինք՝ մեզ թվում է, թե մենք ձայներ ենք լսում: Բայց հետո պարզեցինք, որ երկուսս էլ լսում էինք»:

«Մեզ սկսել էին փնտրել ընկերները, որոնումներ էին հայտարարել ոչ միայն այստեղ, այլև Մոսկվայում: Ցավալի էր, որ այստեղ մեզ ոչ ոք չէր փնտրում: Մենք մտածում էինք, որ նման հայտարարություններից հետո գուցե ուղղաթիռներով մեզ կորոնեն կամ նավակով,-պատմում է Նադեժդան:- Չգիտեմ, թե ինչու սա կատարվեց մեզ հետ: Գուցե այս պատմությունը կփրկի ինչ-որ մեկի կյանքը: Որովհետև ամենագլխավորը ցանկացած արտակարգ իրավիճակում՝ սառնասրտությունը պահելն է, խուճապի չմատնվելը, վատի մասին չմտածելը: Մտածել, թե ինչ է պետք անել դրությունից դուրս գալու համար, ոչ թե ուժերը վատնել իրար ցավակցելու համար: Սա շատ կարևոր է: Եթե մեզնից մեկը խուճապի մատնվեր, անկեղծ եմ ասում, մենք կենդանի չէինք լինի հիմա»:

Նա պատմում է, որ այդ ողջ ընթացքում իրենք ամուսնու հետ աղոթում էին ու ապավինում Աստծուն: Հենց այդ պահերից մեկում էլ հորիզոնում նավ է հայտնվում, որը փրկում է նրանց: Խորհրդանշական է, որ նրանց օգնության հասած նավի նավապետի անունը Քրիստոս էր:

Նավապետը՝ Քրիստոս Կոնստանտինիդիսը, պատմում է, որ սովորաբար կեսօրին ինքը աղոթում է նավախցիկում: Սակայն այդ օրը, չգիտես ինչու, աղոթքի փոխարեն որոշում է դուրս գալ տախտակամած, որտեղ նավաստիները հայտնում են նրան, որ հեռվում նավակ է նշմարվում: Արդյունքում՝ զույգը փրկվում է: