Աննա Գրեհեմ Լոտցը իր մոտ քաղցկեղի հայտնաբերման մասին. «Աստված եղել է և կա իմ ապավենն ու զորությունը»

Աստծո ծառայող, Բիլլի Գրեհեմի դուստր Աննա Գրեհեմ Լոտցը իր ծառայության պաշտոնական կայքում պատմել է, թե ինչ փորձությունով է ներկայումս անցնում: Ըստ վերջին բժշկական ախտորոշումների՝ Աննա Գրեհեմը տառապում է կրծքագեղձի քաղցկեղով:

Աննայի համար սա առաջին հերթին հնարավորություն է, որ Աստծո փառքը դրսևորվի: Այս պատճառով նա շարունակում է «կանգնել աղոթքով» և հավատալ բժշկությանը. տեղեկացնում է Charisma News-ը:

Աննան օրինակ է բերել, թե ինչպես է Հիսուսը կատարում իր աշխատանքը ամեն մարդու մեջ: Կերպարներից մեկը կա Աստվածաշնչում. «Նրանով կուրախանաք, թեև հիմա՝ ինչպես որ հարկը պահանջում է՝ մի քիչ տրտմած եք կերպ կերպ փորձանքների մեջ, որ ձեր հավատքի փորձառությունն ավելի պատվական գտնվի, քան կորստյան ոսկին, որ կրակով է փորձվում, գովության պատվի և փառքի համար Հիսուս Քրիստոսի հայտնությունումը» (Ա Պետրոս 1.6-7):

«Ես ոգեշնչված եմ այն օրինակով, թե ինչպես է զտիչը մաքրում ոսկին, նա հալեցնում է այն կճուճի մեջ կրակի վրա: Նա շարունակում է բարձրացնել ջերմաստիճանը, մինչև բոլոր շլակները կամ այլ խառնուրդները մակերեսի վրա բարձրանան: Հետո դրանք հեռացվում են, և այդ ընթացքը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև ոսկին ցույց չտա արտացոլանքը,- ասել է Աննա Գրեհեմը:- Կրակի մեջ մաքրվող ոսկին նշանակալի վիզուալ օրինակ է, թե ինչպես է Աստված մաքրում ձեզ և ինձ: Նա հաստատապես գիտի, թե որքան բարձր պետք է լինի կրակը՝ մեր ուշադրության «մակերեսի» վրա հանելու մեր սրտերի, մտքերի ու կյանքի անմաքրությունը, ինչն էլ թույլ կտա Նրան ազատել մեզ դրանցից, մինչև կտեսնի, որ Իր սեփական պատկերը արտացոլվում է մեր մեջ»:

Աննա Գրեհեմը մեջբերել է տարիներ առաջ իր ամուսնու հետ կատարված միջադեպը և զարմանքով հայտնել, որ այս տարի իր ախտորոշումն ինքը ստացել է տարվա այդ նույն ժամանակաշրջանում:

«2015թ-ի օգոստոսի 17-ի կեսօրին, 3.00-3.30-ի սահմաններում, ինչպես գիտեք, ես գտա իմ ամուսնուն՝ Դեննին, ուշագնաց ընկած մեր լողավազանում: Երկու օր անց նա երկնքում էր: Երեք տարի անց, նույն օրը, նույն ժամին՝ 2018թ-ի օգոստոսի 17-ին, ես ստացա կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշումը: Երբ հասկացա ժամանակի տարօրինակ «համընկնումը», եկա եզրահանգման, որ դա փորձություն էր թշնամու կողմից: Բայց նույն պահին լսեցի Սուրբ Հոգու մեղմ շշունջը: Նա հիշեցրեց ինձ, որ կեսօրվա նույն ժամին, ուրբաթ օրը, զատկական գառը մորթվեց: Հիսուսը մահացավ շաբաթվա նույն օրը, օրվա նույն ժամին՝ օձի գլուխը ջախջախելով և ընդմիշտ հաղթելով սատանային ու մահին: Փառք Աստծուն: Խաչը՝ Աստծո սիրո ապացույցը, գերազանցում է ամեն բան, ինչ սատանան կարող է անել մեզ կամ նշանակել մեզ համար»:

Աննա Գրեհեմը որոշել է շարունակել երկրպագել Աստծուն և լիակատար վստահել Նրան: Չէ՞ որ, վերջին հաշվով, ամեն բան Իր վերահսկողության տակ է. «Աստված եղել է և կա իմ ապավենն ու զորությունը, նեղության մեջ՝ իմ օգնականը: Սրա համար՝ չեմ վախենա (Սաղմոս 46.1-2): Նա նաև պարզ է դարձրել ինձ համար այն, որ իմ բժշկությունը կլինի ոչ պարզապես իմ աղոթքի պատասխանը, այլև աղոթքի պատասխան շատերի համար»:

«Կարո՞ղ եք աղոթել ինձ համար. խնդրում եմ՝ աղոթեք, որպեսզի Աստված բժշկի ինձ այնպես, որ փառքը միայն Նրանը լինի: Խնդրում եմ, աղոթեք ինձ և իմ ընտանիքի համար հատկապես այս ժամանակում, երբ մենք հետևում ենք Բարի Հովվին այս շուքի ձորով անցնելիս: Մեր աղոթքի էությունը նրանում է, որ մեր հավատքը զտված լինի, Աստված լինի փառավորված, և Հիսուսը լինի ավելի մեծարված ամեն քայլից հետո, որ մենք կանենք այս նոր ճամփորդության մեջ»:

Աննա Գրեհեմ Լոտցը Բիլլի և Հռութ Գրեհեմների երկրորդ դուստրն է, «AnGeL» ծառայության հիմնադիրը: Նա գրել է 15 գիրք, վերջին գիրքն է՝ «Դանիելի աղոթքը»: