Մի՛ սպանիր. սեպտեմբերի 10-ը ինքնասպանությունների կանխարգելման օրն է

Մի՛ սպանիր. սեպտեմբերի 10-ը ինքնասպանությունների կանխարգելման օրն էԱռողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ 2003 թվականից սկսած՝ սեպտեմբերի 10-ը նշվում է՝ որպես ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր:

Ու թեև ամեն օր է անհրաժեշտ խոսել այս մասին, այնուամենայնիվ, այսօր ևս, ելնելով օրվա նշանակությունից, ցանկանում ենք մեր հորդորը փոխանցել մեր ընթերցողին:

Ինքնասպանությունը մեղք է, «Մի՛ սպանիր» պատվիրանի խախտում (Ելից 21.13), և ամենացավալին այն է, որ եթե որոշ մեղքերից հետո մարդը ապաշխարության հնարավորություն է ունենում, ապա ինքնասպանությունն ինքնին բացառում է այն. մարդը ինքնակամ գնում է մահվան:

Պատճառները տարբեր կարող են լինել՝ պարտքեր, վարկեր, հիվանդություն, անձնական խնդիրներ… Բայց հետևանքը նույնն է. ոչ միայն ֆիզիկական մահ, այլև հոգևոր մահ՝ հավիտենական բաժանում Աստծուց:

Ամբողջ աշխարհում այսօր հաշվվում է տարեկան ավելի քան 800.000 ինքնասպանության դեպք, մեր փոքրիկ Հայաստանում ևս գրեթե ամեն օր լսում ենք ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի մասին որևէ ցավալի տեղեկություն… ու ակամայից տխրում ենք, երբ հասկանում ենք, որ մի կյանքի պատմություն էլ ավարտվեց…

2014 թ-ին միայն պաշտոնական տվյալներով Հայաստանում գրանցվել է 699 ինքնասպանության փորձ, որից ինքնասպանությամբ ավարտվել է 168-ը: Ստացվում է՝ գրեթե երկու օրը մեկ ինչ-որ մեկը զրկում է իրեն կյանքից, այն կյանքից, որ պարգևել է Աստված:

Գնահատի՛ր կյանքը, մա՛րդ, գնահատիր այն՝ անկախ դժվարություններից ու խնդիրներից և հիշիր, որ ցանկացած դժվարություն ժամանակավոր է: Թույլ մի տուր չարին նման մտքեր բերել, մեկընդմիշտ մոռացի՛ր. ինքնասպանությունը խնդիրների լուծման տարբերակ չէ՛, այն ոչ միայն չի լուծում խնդիրները, այլև եղածին էլ ավելացնում է ևս մեկը:

Թող Աստծո օրհնությունը լինի քեզ վրա, սիրելի՛ ընթերցող, փնտրիր և գտիր Աստծո մեջ հանգստություն և հարցերի պատասխան, որովհետև միայն Հիսուսն է, որ կարող է բավարարել իմ ու քո կարիքը և տալ մեզ լիառատ կյանք:

«…Ես եկա, որ կյանք ունենաք, և էլ ավելի ունենաք» (Հովհաննես 10.10):

CrossNews.am