Թողարկվել է նոր քրիստոնեական ֆիլմ՝ Մայքլ Սմիթի մասնակցությամբ

Օգոստոսի 24-ից ամերիկյան կինոթատրոններում էկրաններ բարձրացավ նոր՝ «Զարմանահրաշ ձևով կոտրված» (Beautifully Broken) քրիստոնեական ֆիլմը: Այս ֆիլմի դերասանական կազմում է քրիստոնյա հայտնի մենակատար Մայքլ Սմիթը, ով նոր կինոնկարի թողարկման շրջանակներում վերջերս տված հարցազրույցներից մեկում պատմել է իր կյանքի ճգնաժամային պահերի մասին, այդ թվում՝ մերձ ի մահ փորձառության և նյարդային խանգարման մասին, որոնք նորից կանգնեցրել են նրան «դեպի Հիսուսը տանող զարմանահրաշ ձևով կոտրված ճանապարհի վրա»:

Ֆիլմը ներկայացնում է երեք ընտանիքների պատմություններ, որոնք հիմնված են իրական փաստերի վրա. գաղթականի փախուստը, բանտարկյալի խոստումը և դստեր ցավալի  գաղտնիքը. տեղեկացնում է invictory.com-ը:

Երեք ընտանիքներ՝ երկու աֆրիկյան և մեկ ամերիկյան: Սյուժեի զարգացմանը զուգընթաց պատկերվում է, թե ինչպես են այդ մշակույթները միաբանվում և օրհնություն դառնում միմյանց համար: Սմիթը համարում է, որ այս պատմությունը ստացված արտացոլումն է այն բանի, թե ինչպիսին պետք է լինի Քրիստոսի մարմինը այս ժամանակներում՝ անկախ ռասայական ու մշակութային խտրականությունների:

Սմիթի խոսքերով՝ ֆիլմն իսկապես առանձնանում է ընդհանուր քրիստոնեական ֆիլմերից իր բացարձակ անկեղծությամբ:

«Յուրաքանչյուրի կյանքում ինչ-որ բան կատարվում է. յուրաքանչյուր հավատացյալի, յուրաքանչյուր անհավատի, նկատի ունեմ, որ դուք պարզապես չեք կարող դրանից խուսափել: Մենք ապրում ենք քանդված աշխարհում, և, ցավոք սրտի, ինձ թվում է, որ քրիստոնեական ֆիլմերի գլխավոր սխալը՝ կյանքը հրաշալի ու անամպ պատկերելու փորձն է: Դրանցում չենք տեսնում իրավիճակներ, որոնք իսկապես կատարվում են մարդկանց կյանքերում: Ահա թե ինչու է ինձ դուր գալիս այս ֆիլմը»,- ասել է Սմիթը:

Երբ Սմիթին խնդրում են կիսվել իր անձնական վկայությամբ, նա խոստովանում է, որ ունի բազում պատմություններ, բայց երկուսը հատկանշական ձևով առանձնանում են.

«Ես հիշում եմ, թե ինչպես մեկ անգամ մահվան շեմին էի: 70-ականների վերջն էր, և ես խաղում էի կրակի հետ, մահվան շեմին էի կանգնած, ուստի սկսեցի աղոթել, որ Աստված փրկի ինձ: Ես գիտեի, որ կմեռնեմ, եթե ոչինչ չփոխվի»,- կիսվել է նա:

Նա նաև հիշել է նյարդային խանգարումը, որը վերապրել է մի քանի տասնամյակ առաջ: Շնորհիվ դրա՝ հայտնի մենակատարը նորոգել է իր նվիրումն Աստծուն:

«Մեկ օր ես ունեցա լուրջ նյարդային խանգարում:  Աստված իմ կողքին էր, մինչ ես արտասվում էի և երեք ժամ շարունակ ջղաձգումների մեջ էի՝ կեսգիշերից մինչև առավոտվա ժամը 3-ը: Երբ ոտքի կանգնեցի, այլևս նույն մարդը չէի»,- վկայել է Սմիթը:

Մինչ այս դեպքը նա չարաշահել է ալկոհոլն ու թմրանյութը: Նա նշել է, որ ծնողները մշտապես աղոթել են իր համար և երբեք չեն մեղադրել իրեն:

Հիմա երկրպագության առաջնորդը տեսնում է, թե ինչպես է Աստված գործում իր երեխաների կյանքում՝ նրանց իսկ պայքարի շրջաններում:

«Մենք պետք է ապավինենք միայն այն Մեկին, Ով կարող է մխիթարել և լրացնել բացը՝ մեզ դարձնելով ամբողջական»:

Ֆիլմի մասին խոսելիս՝ Սմիթը նաև նշել է. «Հպարտությունը՝ մեր աշխարհում բոլոր խնդիրների արմատն է: Եթե միայն մենք կարողանայինք տեղ գտնել կարեկցանքի համար և դառնալ ավելի ակտիվ… Ո՞վ է ասել, որ այդ տղայի կյանքը պետք է նման լինի իմ կյանքին: Մենք պետք է սիրենք Աստծուն և սիրենք մեկ մեկու: Ես կարծում եմ, որ այդ ֆիլմը ցույց է տալիս, որ դա շատ-շատ լավ է»: