Ես մի թերություն ունեմ. չեմ կարող անտարբեր լինել

Ես մի թերություն ունեմ. չեմ կարող անտարբեր լինելՁեզ հետ մի պատմությամբ եմ ուզում կիսվել:

Սկսեմ մի փոքր նախաբանով. ես մի թերություն ունեմ՝ չեմ կարողանում անտարբեր լինել:

Շատ տարիներ առաջ գյուղից տեղափոխվել եմ մեծ քաղաք և մինչ օրս չեմ հասկանում, թե ինչու է այստեղ ընդունելի համարվում անտարբեր անցնելը մարդու կողքով, ով օգնության կարիք ունի:

Կամ ինչպե՞ս կարելի է կնոջը՝ երեխան ձեռքին, փողոցում թողնել, որովհետև նա չի կարողանում վճարել բնակարանի ամսվա վարձը, և այդ երևույթին նորմալ վերաբերվել: Իհարկե, կան բացառություններ, սակայն դրանք այնքան էլ հաճախակի չեն:

Իսկ ինձ մոտ հակառակն է, սիրտս կոտրվում է, երբ տեսնում եմ, որ մեկի մոտ մեծ խնդիրներ կան: Ախր չե՛մ կարող ձևացնել, թե ոչինչ չեմ նկատում: Չեմ կարող երջանիկ լինել, քանի դեռ դիմացինս երջանիկ չէ: Դրա համար ջանում եմ օգնել բոլորին, ով իսկապես օգնության կարիք ունի:

2006 թվականն էր: Մեկ օր աշխատանքային օրվանից հետո ես գործերով մտել էի առևտրի կենտրոն և երբ արդեն դուրս էի գալիս, իմ ուշադրությունը գրավեց մի երիտասարդ կին, ով իր դստեր հետ էր: Երևում էր, որ նա, մեղմ ասած, այնքան էլ լավ տրամադրություն չուներ:

– Դե՛, ի՞նչ ես ուզում,- բարկացած գոռում էր նա:

– Սոված եմ: Ուզում եմ հաց ուտել,- կամաց պատասխանում էր փոքրիկ աղջիկը:

Դատելով նրանից, թե որքան համեստ էր այդ փոքրիկ աղջիկը հագնված և որքան տխուր էր խոսում, հասկանալի էր, որ նա իրոք սոված էր: Իսկ մայրը էլ ավելի էր բարկանում ու հրում երեխային: Բղավելով, որ նա իր ողջ կյանքը փչացրել է՝ հանկարծ այդ կինը հեռանում է ու կորչում տեսադաշտից՝ թողնելով փոքրիկին մենակ:

Աղջիկը շուտով վեր կացավ և հասկանալով, որ չգիտի, թե մայրը որտեղ է, նստեց մոտակա նստարանին ու սկսեց լացել: Դա երես առած քմահաճի բարձր լաց չէր, այլ երեխայի կամաց լաց, ում հետ վատ էին վարվել:

Սիրտս ցավեց այդ երեխայի համար, բայց ես կասկածում էի, թե արժե՞ խառնվել նրանց հարաբերություններին: Հավանաբար մայրը շուտով կվերադառնա, նրանք կհաշտվեն, և ամեն բան լավ կլինի: Անցավ 20 րոպե: Աղջկան ոչ ոք չէր մոտենում, իսկ ամենակարևորը՝ նրա մայրը այդպես էլ չհայտնվեց: Ես այլևս չէի կարող լուռ դիտորդ լինել: Մի քիչ անհարմար էի զգում անծանոթ երեխայի մոտենալ, մարդիկ կարող էին մտածել, թե վատ դրդապատճառներ ունեմ: Բայց իրականում բոլորի համար միևնույնն էր, թե ինչ էր կատարվում:

Նա սկզբում ամաչում էր ու վախենում ինձ հետ խոսել, բայց երբ պահակին կանչեցի ու փորձեցի նրա մորը գտնել, մի փոքր սկսեց վստահել ինձ: Մենք կարողացանք պարզել, որ նրա անունը Դաշա է, և նա 6 տարեկան է: Հիշեցի, որ նա ուտել էր ուզում, ուտելիք գնեցի նրա համար, մինչ մենք նրա մորն էինք սպասում:

Ինչպես ավելի ուշ պարզվեց, նա արդեն մեկ օր էր, ինչ ոչինչ չէր կերել, իսկ արդեն երեկո էր: Մայրն այդպես էլ չհայտնվեց, և ստիպված էինք ոստիկանություն կանչել: Ինձ ոչինչ չէր մնում, բացի երեխային իրավապաշտպան մարմիններին հանձնելը, որ նրանք գտնեին ծնողներին: Բայց ներքուստ գիտեի, որ այս պատմությունը չի ավարտվել: Ի ուրախություն ինձ՝ ես ոստիկանությունում հին ծանոթ ունեի, ով ինձ օգնում էր իմանալ աղջկա հետագա կյանքի մասին:

Պարզվեց, որ Դաշայի հայրը վաղուց էր թողել նրանց, և մայրը ստիպված էր եղել միանյակ մեծացնել երեխային: Նա քիչ էր վաստակում, որովհետև այդ հղիությունը կոտրել էր նրա կյանքն ու անանցանելի խոչընդոտ դարձել հետագա մասնագիտական ընթացքի համար, ինչը նա մշտապես դստերը հիշեցնում էր: Արդյունքում նա որոշել էր պարզապես «ազատվել» երեխայից. «Իսկ ի՞նչ: Միևնույն է, մանկատուն են տանելու»:

Դաշան լացել էր ու ներողություն խնդրել մորից, որ վերջինս իրեն տուն տանի: Բայց քանի որ այդ կնոջ մայրական բնազդը վաղուց քնել էր, նա հեշտությամբ հրաժարվել էր երեխայից: Աղջիկը բավական ծանր էր դա տարել:

2008 թվականն էր: Ես ու կինս կարողացանք որդեգրել Դաշային: Նա արդեն 8 տարեկան էր, հաճախում էր 2-րդ դասարան: Մինչ որդեգրումը ու թղթաբանական բոլոր հարցերի լուծումը նա մանկատանն էր մնում:

Շատերն ինձ ասում էին. «Օտար երեխա՞: Ինչի՞դ է պետք»:

Արագ անցան տարիները: Այժմ Դաշան արդեն 15 տարեկան է: Ինձ հաճախ են հարցնում, թե ափսոսացե՞լ եմ արդյոք իմ որոշման համար: Երբե՛ք: Ու վստահ եմ, որ երբե՛ք էլ չեմ զղջալու:

Ի՞նչ իմաստ ուներ այս պատմությունը պատմելը:

Այս քայլերի պատճառով բարեկամներս ինձ թուլամորթ են անվանում: Ասում են, իբր ամեն ինչ անում եմ ուրիշների համար, իսկ փոխարենը ոչինչ չեմ ստանում: Ո՛չ, դուք սխալվում եք: Փոխարենը ես ստանում եմ գիտակցումն այն բանի, որ ես անօգուտ չեմ այս աշխարհում: Իսկ դա նշանակում է, որ իմ կյանքն անիմաստ չէ:

Աշխարհը դաժան է, բայց մեզնից ամեն մեկը կարող է այն ավելի լավը դարձնել իր բարի գործերով: Եվ այսպես, եթե ինքդ քեզ համոզել ես, որ ոչ ոքի պետք չէ քո օգնությունը, պարզապես նայիր մեկ անգամ ևս քո շուրջը:

Ըստ adme.ru-ի