Պատմեք սա ձեր երեխային՝ երբ դեռ նոր է սկսել դպրոց գնալ

Պատմեք սա ձեր երեխային՝ նախքան նրա դպրոց գնալը Սկսվել է նոր ուսումնական տարին և հազարավոր աշակերտներ ու ծնողներ գտնվում են հուզումնալից ապրումների ու սպասումների մեջ:

Ներկայացնում ենք ձեզ նամակ, որը մայրը գրել է իր որդուն՝ նախքան նրա դպրոց գնալը:

«Բարև սիրելիս:

Վաղը քեզ կարևոր օր է սպասվում, դու կգնաս 3-րդ դասարան:

Երբ ես 3-րդ դասարանում էի սովորում, ինձ հետ մի տղա էր սովորում Ադամ անունով: Նա մի փոքր տարբերվում էր մյուսներից ու կրում ծիծաղելի հագուստ: Ադամը երբեք չէր ժպտում, ոչ ոքի չէր նայում ու միշտ դասարան էր մտնում գլուխը կախ: Նա տնային աշխատանքները չէր կատարում, և հազիվ թե նրա ծնողները հիշեցնեին նրան այդ մասին:

Երեխաները ծաղրում էին Ադամին, և նրա գլուխն ավելի ու ավելի էր իջնում: Ես երբեք չէի ծաղրում նրան, բայց նաև չէի փորձում կանգնեցնել մյուսներին:

Ես երբեք չեմ խոսել նրա հետ: Տեսնես՝ հիշո՞ւմ է նա ինձ: Հավանաբար, ո՛չ:

Մենք երբեք հենց այնպես չենք հանդիպում մարդկանց, հիմա ես հասկանում եմ դա: Քո դասարանցիներն այս կյանքի նվերն են քեզ:

Սիրելի՛ս, եթե դու տեսնես, որ ինչ-որ մեկը ծաղրում է մյուսին, ծեծում ու անարգում, անտարբեր մի՛ մնա, քո սիրտը թող չընդունի դա: Ես ու հայրդ ուզում ենք, որ դու լսես քո սրտի ձայնին: Սրտի ցավը կոչվում է սրտացավություն, և այն որպես ազդանշան կծառայի քեզ՝ մղելով անտարբերության շղարշից դուրս:

Սրտացավությունն այն է, երբ թույլ չես տալիս ուժեղին վիրավորելու թույլին: Երբ դու անարգվածին հրավիրում ես քո հետ նստելու, երբ նրա կողքին ոչ ոք չկա: Երբ դու քո թիմի մեջ կանչում ես մեկին, ում սովորաբար վերջինն են ընտրում: Դա դժվար է անել, բայց հենց այդ քայլերն են խոսելու այն մասին՝ հասո՞ւն ես դու, թե՞ ոչ:

Երբ քո սիրտը ցավում է ուրիշի համար, երբ քո մեջ արթնանում է սրտացավությունը,  պարզապես արա ինչ-որ բան: Անտարբեր մի՛ մնա: Ես մինչ օրս հիշում եմ, թե որքան էր սիրտս ցավում Ադամի համար, բայց այն ժամանակ վախը հաղթեց իմ սրտացավությանը:

Մա՛րկ, ինձ համար կարևոր չէ, որ դու ամենախելացին համարվես դասարանում: Դպրոցում շատ մրցույթներ կլինեն, իմ ու քո հոր համար այնքան էլ կարևոր չէ, թե քանիսը դրանցից դու կհաղթես:

Դու դպրոց չես գնում, որ ինչ-որ բանում լավագույնը դառնաս: Մենք արդեն սիրում ենք քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս: Դու կարիք չունես մեր սերը վաստակելու կամ ստիպելու մեզ քեզնով հպարտանալ: Դու գնում ես դպրոց, որ սովորես գիտություն, նաև լինես խիզախ ու բարի:

Բարի մարդիկ խիզախ մարդիկ են: Որովհետև խիզախությունը ինչ-որ հատկանիշ չէ, այն որոշում է: Եվ քո որոշումը՝ սրտացավություն դրսևորելու, ավելի կարևոր է, քան վախը նախապաշարումներից:

Այս ուսումնական տարում մի՛ ձգտիր ամեն ինչում լավագույնը լինել: Դա այնքան էլ կարևոր չէ: Կարևորը՝ լինես ավելի լավը, քան եղել ես նախորդ տարում:

Պարզապես գոհացիր ամեն ինչի համար, ինչ արդեն ունես: Եվ եղիր բարի ու խիզախ: Սա ամենն է, ինչ անհրաժեշտ է:

Հո՛գ տար քո դասարանցիների համար, որոնց ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Հիմա դու երջանիկ տղա ես նոր գիտելիքներով, ով կարող է մեկ ուրիշին երջանիկ դարձնել:

Շնորհակալ եմ, որ դու կաս: Դու իմ լավագույն նվերն ես բոլոր ժամանակներում:

Սիրում եմ քեզ, քո մայր»:

Աղբյուր՝ adme.ru