Ի՞նչ կարող է Աստված ստանալ անհաջողակներից. Դեյվիդ Ուիլքերսոն

Մի ընկճված կին մեկ օր ինձ մոտ էր եկել ու ասում էր. «Հովիվ Ուիլքերսոն, Աստված մեկ անգամ ինձ ազատագրել է հարբեցողությունից, բայց վերջին ժամանակներում տարբեր իրավիճակներից ելնելով՝ ես շատ եմ թուլացել ու դրա համար նորից սկսել եմ խմել: Այժմ չեմ կարողանում կանգ առնել: Տերը այնպես ուժգին է հիասթափվել ինձնից, որ ամեն բան ինձ համար անիմաստ է դարձել: Այն ամենից հետո, որ Նա արել է ինձ համար, ես այնքան խորն եմ հիասթափեցրել Նրան: Ամեն բան անիմաստ է, ես էլ չեմ կարող վերականգնվել»:

Իմ կարծիքով՝ սա դիվային ռազմավարությունն է՝ ցանկացած նման բացթողումից սարքել մի անհաղթահարելի արգելք՝ ընկած մարդուն Աստծուց հեռացնելու համար: Մենք չպետք է թույլ տանք, որ մեր նախկին պարտությունները սատանան վերածի դժոխքի ինչ-որ մի տեսակի:

Կարծում եմ՝միլիոնավոր մարդիկ կան նման վիճակում հայտնված, ինչպես, օրինակ, մի երիտասարդ նավաստի, ով նույնպես եկել էր մեկ օր ինձ մոտ արցունքոտ աչքերով ու ասում էր. «Իմ հայրը հովիվ է: Բայց ես այնպես ուժգին հիասթափեցրել եմ նրան: Հոգեպես ես այնքան թույլ եմ, որ վախենում եմ՝ երբեք չկարողանամ ծառայել Աստծուն այնպես, ինչպես պետք է որ ծառայեմ: Մեղքը այնքան հեշտությամբ է ինձ գրավում»:

Նման խոստովանությունները արժանի են ափսոսանքի: Բայց մեծ ոգեշնչում ես գտնում եմ այն փաստի մեջ, որ աստվածաշնչյան բազում հոգևոր հերոսներ ժամանակ առ ժամանակ նույնպես չեն կարողացել ընդդիմանալ մեղքի գայթակղությանը: Կարելի՞ է արդյոք Մովսեսին համարել անհաջողակ: Դժվար թե: Իսրայելի ժողովրդի համար նա մեծագույն հոգևոր առաջնորդ էր: Բայց նայեք այս մեծ օրենսդիրի կյանքին մոտիկից. նա սկսեց իր կարիերան մարդասպանությունից ու 40 տարի ստիպված էր թաքնվել արդարադատությունից: Մովսեսին ծանոթ էին վախի ու անհավատության զգացումները:

Երբ Աստված կանչեց նրան Իսրայելի ժողովրդին հանելու ստրկությունից, նա ներողություն էր խնդրում ու ասում. «Օհ, Տեր իմ, ես ճարտարախոս չեմ… աղաչեմ՝ ուղարկիր որի ձեռքով որ ուզում ես ուղարկել» (Ելից 4.10-13): Սա բորբոքեց Աստծո բարկությունը: Իր ամբողջ կյանքում Մովսեսը փափագում էր մտնել Խոստացված երկիր, բայց չցուցաբերեց սրբություն և զրկվեց դրանից: Բայց և այնպես՝ Աստված Մովսեսի հավատարմությունը համեմատեց Քրիստոսի հետ ու դրեց նրան հավատքի հերոսների շարքում. «Ուստի, սուրբ եղբայրք, երկնավոր կոչումին մասնակիցք, մտիկ տվեք մեր դավանության Առաքյալին և Քահանայապետին՝ Քրիստոս Հիսուսին, որ հավատարիմ է իրեն հաստատողին, ինչպես Մովսեսն էլ նրա բոլոր տան մեջ» (Եբրայեցիս 3.1-2):

Հակոբին մենք սովորաբար նայում ենք՝ որպես աղոթքի նվիրյալի, ով գոտեմարտեց Աստծո հրեշտակի հետ ու հաղթեց: Հակոբին Աստված ցույց տվեց աստիճանների մեծ տեսիլքը: Բայց, միևնույն ժամանակ, այս մարդու կյանքը հագեցած է ցնցող անհեթեթություններով, և աստվածաշունչը չի լռում այդ մասին: Երիտասարդ տարիքում Հակոբը խաբեց իր կույր հորը, որպեսզի տիրեր իր եղբոր առաջնեկությանը: Ամուսնության մեջ նա անարգում էր իր կնոջը՝ Լիային, և թույլ էր տալիս անազնվություն իր աներոջ՝ Լաբանի հանդեպ (Ծննդոց 30.41-43): Հակոբը մի մարդ էր, ում կյանքում մենք այնքա՜ն խորամանկ ու անհավատարիմ քայլեր կարող ենք գտնել, բայց, չնայած այդ ամենին, Աստված Իրեն հայտարարում է նրա կողմնակիցը:

Դավիթ թագավորը Աստծո սրտի համեմատ մարդ էր: Ուրախանում էր Աստծո օրենքով և սաղմոսներում խոսում այն մասին, որ չի ուզում որևէ ընդհանուր բան ունենալ անօրենների հետ: Բայց որքա՜ն զարմանալի եղավ այս մարդու անկումը: Նա խլեց ուրիշի օրինական կնոջը, իսկ ամուսնուն ուղարկեց մահվանն ընդառաջ: Նաթան մարգարեի շուրթերով Աստված հայտարարեց նրան, որ նա մեծ չարություն է գործել և Տիրոջ թշնամիներին առիթ տվել՝ հայհոյելու Իրեն:

Սակայն Աստված կարողացավ օգտագործել մարդասպան Մովսեսին, խաբեբա Հակոբին ու շնացող Դավթին այն բանից հետո, երբ նրանք խոնարհվեցին իրենց անկումներից հետո: Աստված կարողացավ դրանից հետո օրհնել նրանց զորավոր կերպով:

Դուք հուսահատված եք ձեր բացթողումներով ու անկումներո՞վ: Այդ դեպքում՝ ես ունեմ լավ լուր ձեզ համար. անհաջողակներից Աստված կարող է ստանալ այնպիսի մարդիկ, ովքեր կապրեն Իր օրհնությունների մեջ, Իր հաղթանակների մեջ, և որոնց միջոցով Նա կանի մեծ գործեր: