Արքայադուստր, ով ծառայեց հետնախորշերում. այս օրը մահացել է Մայր Թերեզան

Երբ արդեն մահամերձ Մայր Թերեզային հարցնում են, թե արդյոք նա հանգստյան կամ տոնական օրեր ունեցե՞լ է, պատասխանում է. «Այո՛, ինձ համար ամեն օր տոն է»:

«Հիշում եմ, դեռ երիտասարդ տարիքում ինձ ցնցեց մի վավերագրական ֆիլմ, որտեղ մի փոքրամարմին ծեր կին ճարպկորեն մաքրում-լվանում էր սենյակները: Մահճակալներում պառկած էին մահամերձ երեխաներ, որոնց նայելիս միայն արյունդ սառչում էր երակներումդ»:

Մի լրագրող, ով հետևում էր, թե ինչպես են Մայր Թերեզան և գթության քույրերն ամեն օր խնամում բորոտներին, հիվանդներին և մահամերձ մարդկանց, ինքնաբերաբար արտահայտվում է. «Ես այդ գործն անգամ մեկ միլիոն դոլարի դիմաց չէի անի»: «Մեկ միլիոնի համար ես էլ չէի անի, – պատասխանում է Մայր Թերեզան, – միայն անվճար` ի սեր Քրիստոսի »:

Մայր Թերեզան (Ագնես Գոնջա Բոյաջիու) ծնվել է 1919թ.` օգոստոսի 26-ին, Սկոպե քաղաքում` կանաչեղեն վաճառողի ընտանիքում: Դեռ դպրոցական տարիքում է հասկանում, որ պետք է իր կյանքն Աստծուն ընծայի: Եվ ահա 18 տարեկան հասակում Ագնեսը լքում է հայրական հարմարավետ տունն ու դառնում «Լորետական քույրերը» միսիոներական միության միանձնուհի: Իր վանական կյանքը սկսում է Հնդկաստանում` մի երկրում, որ հայտնի է իր ծայրահեղ աղքատությամբ: Եվ 16 տարի շարունակ, հավատքով և ճշմարտությամբ ջանում է հաղթահարել այդ աղքատությունը` աղջիկներին պատմություն և աշխարհագրություն դասավանդելով իրենց մայրենի լեզվով:

Նա հագեցած կյանքով էր ապրում: Երգում էր եկեղեցական երգչախմբում, աշխատում էր տեղի դպրոցներից մեկում որպես տնօրեն և վայելում էր ուսուցիչների ու աշակերտների անկեղծ հարգանքը:

Եվ հանկարծ… 1948թ. օգոստոսի 16-ին, Մայր Թերեզան, իր ձեռքում ունենալով միանձնուհի դառնալու  Հռոմի թույլտվությունը, հագնում է շուկայից գնված էժանագին սաարին ու լքում մենաստանը: Գրպանում ունենալով ընդամենը 5 ռուպի` նա անհետանում է Կալկաթայի հետնախորշերում: Նա այդ քայլին է դիմում հնազանդվելով Քրիստոսի կոչին. ծառայել Նրան` խոնարհաբար ծառայելով հետնախորշի ամենաաղքատ խավին:  Այդ կոչին Մայր Թերեզան հետևում է  իր ամբողջ կյանքի ընթացքում…

Աղբակույտերի կողքին` մի լքված տան մեջ, նա դպրոց է հիմնադրում: Իսկ դպրոցում ուսանում էին աղբակույտերից հանված, հաշմանդամ ու որբ երեխաներ… Նրա ակտիվ գործունեությունը, սակայն, չի սահմանափակվում միայն դպրոցներ ու մանկատներ հիմնելով: Նա որոշում է նաև օգնել մահամերձ մարդկանց: Առաջին հիվանդը, ում օգնության իր ձեռն է մեկնում Մայր Թերեզան, առնետներից ու մրջյուններից կրծոտված մի կին էր, որ բարեբախտաբար կենդանի էր մնացել: Ոչ մի հիվանդանոց նրան չէր ընդունում, իսկ Մայր Թերեզան առանց հետ նահանջելու,  հայտարարում է, որ չի լքի կնոջը, քանի դեռ նա կենդանի է: Կալկաթայի փողոցներում հարյուրավոր աղքատներ էին մահանում, և մահամերձ մարդկանց ինչ-որ տեղ քաշքշող երանելի միանձնուհու մասին լուրը հասնում է քաղաքային իշխանություններին: Քաղաքապետարանը վանք է հատկացնում նրան, որ ժամանակին ընծայված էր հնդիկների Կալի աստվածուհուն:

Այդ մեծ շենքում, ուր մի ժամանակ զոհաբերության անասուններն էին պահվում, մահամերձ աղքատներին են տեղավորում: Այսպես է ձևավորել «Մահամերձների ապաստանը», ուր մահվան դատապարտված աղքատ մարդուն շրջապատում էին սիրով ու հոգատարությամբ, որպեսզի նա արժանապատվորեն ավարտի իր կյանքը… Որոշ ժամանակ անց Մայր Թերեզայի սերը աշխարհի ամենատարբեր ծայրերից բարեգործների է համախմբում իր շուրջը: Նրանք վստահ էին, որ իրենց զոհաբերած գումարները կօգնեն տառապող ու աղքատ մարդկանց:

Նրան ասում էին. «Դուք բուժում եք ոչ թե հիվանդության արմատը, այլ հետևանքը: Դուք կարկատում եք պատռվածքը: Ձեր ջանքը խորտակվում է խնդիրների օվկիանոսում, որոնք կարող են լուծվել միայն պետական միջամտությամբ»: Բայց նշենք, որ Մայր Թերեզան չէր ընդունում նման քննադատությունները և համարում էր, որ Աստվածաշնչի հոգուն ու յուրաքանչյուր տառին համապատասխան է վարվում. չէ՞ որ Քրիստոս ասաց. «…սոված էի, հաց տվեցիք, ծարավ էի, ջուր տվեցիք, օտար էի, ինձ ձեզ մոտ առաք, մերկ էի, հագցրիք ինձ, հիվանդ էի, այցելեցիք, բանտում էի, ինձ տեսության եկաք»:

Սրտի հերթական կաթվածից ապաքինվելուց հետո, հիվանդանոցում իր օրագրում գրում է. «Ո՞վ է Հիսուս ինձ համար. Հիսուս…»: Այդ արտահայտությանը հետևում է մի հրաշալի ցանկ.

«Անուն է, որն արժե արտաբերել: Լույս, սեր, խաղաղություն է… Հիսուս այն քաղցածն է, ում հարկ է կերակրել, ծարավն է… անտունն է… հիվանդն է… միայնակն է… անցանկալին է… բորոտն է… աղքատն է… կույրն է… կաղն է… բանտարկվածն է»: Եվ որ ամենատարօրինակն է. «Հիսուս քարացած սրտով այն մարդն է, ում պետք է օգնենք»:

Մանկատները, հիվանդանոցները, բորոտների համար հատկացված կացարանները հետագայում են կառուցվել: Սկզբում Մայր Թերեզան միայնակ էր և հաճախ ստիպված էր լինում քաղցած քնել: Սակայն 3 տարի անց` 1949-ին, նրան 12 հետևորդներ միացան, հիմնականում նախկին աշակերտները, իսկ 1950-ին «Գթության միությունն» ընդունվեց Հռոմի կողմից:

Կամավորների կյանքը դժվար ու միապաղաղ էր: Նրանց սեփականության իրավունքով պատկանում էր միայն սաարին, բոկոտիկներն ու բարակ ներքնակը: Նրանց կյանքը համբերության ու տոկունության հրաշալի օրինակ է, սիրո անվերջանալի դաս, որն սկսվում էր առավոտյան` ժամը 4-ին,  Ֆրանցիսկ Ասիզացու աղոթքով.

Տեր, ինձ ուժ տուր,

Որ մխիթարեմ, ոչ թե մխիթարվեմ,

Հասկանամ, ոչ թե հասկացված լինեմ,

Սիրեմ, ոչ թե սիրվեմ:

Չէ՞ որ երբ տալիս ենք, հետ ենք ստանում,

Իսկ ներելով` ներում ենք գտնում:

Այն, միությունը, որ սկսվեց 12 մարդուց, այս պահին 300 000 հետևորդ ունի, ովքեր աշխատում են աշխարհի 80 երկրում` ղեկավարելով մանկատներ, հիվանդանոցներ` ՁԻԱՀ, բորոտություն բուժելու նպատակով:

1997 թվականին Մայր Թերեզային Նոբելյան մրցանակ է շնորհվում, և քանի որ այդ պարգևը ստանում էր հանուն «անցանկալի, չսիրված և քնքշանքի կարոտ մարդկանց», նա հագել էր այն նույն սաարին, որը կրում էր միության հիմնադրման օրը…

Իսկ բոլոր միջոցները, որոնք պետք է ծախսվեին խնջույքի վրա, նրա խնդրանքով փոխանցվում են «նրա մարդկանց»:

Նրա գործունեության շրջանակը մոլորակի թեժ հատվածներն էին. Հյուսիսային Իռլանդիան, Հարավային Աֆրիկան, Լիբանանը և այլն: 1982-ին Բեյրութի պաշարման ժամանակ Մայր Թերեզան համոզում է Իսրայելի և Պաղեստինի զորքերին, որ դադարեցնեն կրակոցները, որպեսզի նրան ժամանակ տան դուրս բերելու, այն երեխաներին, ովքեր փակված էին ռազմաճակատային հիվանդանոցում:

Մայր Թերեզան` Հիսուսի սիրելի արքայադուստրը, ինքն իրեն «Աստծո ձեռքերում մատիտ» էր կոչում: Նրա մտքերն ու արտահայտությունները կարելի է ոչ միայն շատ ու շատ գրքերում գտնել, այլ, ասենք` հնդկական փոքրիկ ռեստորանի ճաշացուցակի կազմին կամ նրա կողմից հիմնադրված` ՁԻԱՀ-ից մահացողների համար ապաստարանի պատին.

Կյանքը հնարավորություն է, օգտագործի՛ր:

Կյանքը գեղեցկություն է, հիացի՛ր:

Կյանքը երանություն է, ճաշակի՛ր:

Կյանքը երազ է, իրագործի՛ր:

Կյանքը մարտահրավեր է, դիմագրավի՛ր:

Կյանքը  պարտականություն է, կատարի՛ր:

Կյանքը խաղ է, խաղա՛:

Կյանքն թանկ է, գուրգուրի՛ր:

Կյանքը հարստություն է, պահպանի՛ր:

Կյանքը սեր է, վայելի՛ր:

Կյանքը խորհուրդ է, իմացի՛ր:

Կյանքը խոստում է, հարգի՛ր:

Կյանքը վիշտ է, հաղթահարի՛ր:

Կյանքը երգ է, երգի՛ր:

Կյանքը պայքար է, ընդունի՛ր:

Կյանքը ողբերգություն է, սրտապնդվի՛ր:

Կյանքը արկածախնդրություն է, հանդգնի՛ր:

Կյանքը կյանք է, կերտի՛ր:

Կյանքը շա՜տ թանկ է, մի՛ կործանիր…

CrossNews.am