Աստծո երկյուղի ու մարդու վախի տարբերությունները. Ջոն Բիվեր

Աստծուց երկյուղ ունենալ՝ նշանակում է Նրան տալ այն պատիվը, փառքը, հարգանքը, գոհությունը, փառաբանությունը և լավագույնը, որին Նա արժանի է: (Ուշադիր եղեք՝ որ դա այն է, ինչին Նա արժանի է, այլ ոչ թե, որ մենք ենք կարծում, թե Նա արժանի է): Աստված այս դիրքն ունենում է մեր կյանքում, երբ մենք հարգում ենք Նրան և Նրա ցանկությունները վեր ենք դասում մեր սեփականից: Այդ դեպքում՝ մենք կատենք այն, ինչ Աստված է ատում և կսիրենք այն, ինչ Նա է սիրում, ակնածանք կունենանք Նրա ներկայության և Խոսքի հանդեպ:

Երբ վախենում ես մարդուց, միշտ լինում ես խուճապի, անհանգստության, սոսկումի և կասկածի մեջ՝ վախենալով մահկանացու մարդուց:

Երբ ընկնում ենք վախի այս ծուղակի մեջ, ապրում ենք փախուստի մեջ, թաքնվում ենք վնասից ու մեղադրանքից, մշտապես խուսափում ենք մերժվածությունից և հակամարտությունից: Մենք զբաղված ենք լինում մեզ պաշտպանելով և մարդկանց ծառայելով, իսկ Աստծուն ծառայելու մեջ դառնում ենք անարդյունավետ: Վախենալով այն բանից, թե ինչ կարող է մեզ անել մարդը, մենք չենք տա Աստծուն այն, ինչին Նա արժանի է:

Աստվածաշունչն ասում է. «Մարդի վախը որոգայթի մեջ կգցի» (Առակաց 29.25): Որոգայթը ծուղակ է: Մարդու նկատմամբ վախը գողանում է քեզ տրված Աստծո իշխանությունը: Այնուհետև քո մեջ հանգում է Աստծո պարգևը: Դու անզոր ես քեզ զգում ճիշտ գործելու համար, որովհետև Աստծո զորությունը չի գործում քո մեջ:

Եսայի 51.7-13-ը խրատում է. «Լսեցեք ինձ, ով արդարություն ճանաչողներ, ով ազգ, որ իմ օրենքն ունես սրտումդ. մի վախեցեք մարդկանց նախատինքից և նրանց բամբասանքից մի զարհուրեք… դու ո՞վ ես, որ վախենում ես մահկանացու մարդից, և մարդի որդիից, որ խոտի նման է շինված։ Եվ մոռանում ես քեզ ստեղծող Տիրոջը»:

Երբ մենք հաճեցնում ենք մարդկանց՝ խուսափելով նրանց հակառակվելուց, դրանով մոռանում ենք Տիրոջը: Մենք հեռանում ենք Նրա ծառայությունից: «Եթե տակավին մարդկանց հաճո լինեի, Քրիստոսի ծառա չէի» (Գաղատացիս 1.10):

Դու կծառայես ու կհնազանդվես նրան, ումից վախենում ես: Եթե դու վախենաս մարդուց, ուրեմն կծառայես նրան: Եթե վախենաս Աստծուց, կծառայես Նրան: Դու չես կարող Աստծո երկյուղն ունենալ, եթե վախենում ես մարդուց, որովհետև չես կարող ծառայել երկու տերերի (Մաթևոս 6.24): Մյուս կողմից՝ դու չես վախենա մարդուց, եթե ունես Աստծո երկյուղը:

«Կոտրել երկչոտությունը» գրքից