Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիան

ֆրանսիացի դասական գրող, դիվանագետ, ֆրանսիական գրականության մեջ ռոմանտիզմի նախակարապետ Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանը ծնվել է 250 տարի առաջ՝ այս օրը. 1768 թ-ի սեպտեմբերի 4-ին:

Մեծ է եղել Շատոբրիանի ազդեցությունը իր ժամանակի ոչ միայն ֆրանսիական, այլև համաեվրոպական գրականության վրա:

Շատոբրիանի կոթողային ստեղծագործությունն է «Քրիստոնեության հանճարը» մեծածավալ խոհափիլիսոփայական աշխատությունը (լույս է տեսել 1802 թ-ին), որն ամբողջապես տոգորված է քրիստոնեական գաղափարախոսությամբ:

Ինչպես հայտարարում է ինքը՝ հեղինակը, «Քրիստոնեության հանճարը» գրքի նպատակն է «…ապացուցել, որ այն բոլոր կրոններից, որոնք երբևէ գոյություն են ունեցել, քրիստոնեական կրոնը ամենաբանաստեղծականն է, ամենամարդկայինը, ամենանպաստավորն ու օգտակարը ազատությանը, արվեստներին և գիտությանը… Ժամանակակից աշխարհն իրեն պարտական է ամեն ինչով. սկսած երկրագրոծությունից մինչև աբստրակտ գիտություններ, աղքատների համար հիվանդանոցներից մինչև տաճարներ, որ վեր են խոյացվել Միքելանջելոյի ու զարդարվել Ռաֆայելի կողմից… Այն հովանավորում է հանճարին, կատարելագործում ճաշակը, զարգացնում վեհանձն ձգտումներ, տալիս ուժ՝ մտքին, գրողին հաղորդում հիասքանչ ձևեր և նկարչին՝ կատարյալ կերպարներ»:

Այն բովանդակում է քրիստոնեական վարդապետությունը և ընդգծում քրիստոնեական արժեքների մեծ կարևորությունը հասարակության կյանքում:

Դրա լույս տեսնելուց հետո ֆրանսիական գրականության մեջ աճեց հետաքրքրությունը քրիստոնեության նկատմամբ:

Ետմահու լույս տեսած «Անդրշիրիմյան հուշեր» (1848-1850) բազմահատոր գիրքը գրողի գեղագիտական ու փիլիսոփայական հայացքների հանրագումարն է։ Շատոբրիանին հատուկ է հարուստ բառապաշարը, ընդգծված բանաստեղծականությունը, բնապատկերների գունեղ վերարտադրությունը:

«Քրիստոնեության հանճարը» ստեղծագործությունը մասամբ թարգմանվել է հայերեն Պարգև Շահբազյանի կողմից՝ հրատարակվելով 2008 թ-ին:

«Վեհ է ոչ թե այն հոգին, որը ներում է, այլ այն, որը ներելու կարիք չի զգում». Շատոբրիան: