Ընդունել և ազատվել՝ Նրա հարության զորությամբ. Ջոշ Մաք-Դաուել

Այսօր մենք հակված ենք խուսանավել հանցանքի պատասխանատվությունից: Մեր արած սխալ արարքների համար անձնական պատասխանատվություն վերցնելու փոխարեն մենք փորձում ենք ինչ-որ կերպ մեղադրել հասարակությանը, գեներին կամ մի երրորդ կողմի: Մենք հաճախ ենք ասում՝ «Իմ դաստիարակությունն է պատճառը» կամ «Ես այդպիսին եմ ծնվել», երբ փորձում ենք խուսափել  պատասխանատվությունից մեր մեղքերի, որոշումների կամ սխալների համար:

Շատերն իրենց մխիթարում են՝ ուրիշների հետ համեմատվելով: Կարևոր չէ՝ ինչ ես դու անում, միշտ էլ հնարավոր է գտնել մեկին, ով ավելի վատ է վարվել և հնարավորություն տվել մեզ ասելու. «Դե, գոնե ես այդքան վատը չեմ, ինչքան նա է»:

Սուրբ Գիրքը հստակ ասում է, որ բոլոր մարդիկ խախտել են Աստծո բարոյականության օրենքը. «Որովհետև ամենքը մեղանչեցին, և Աստծո փառքիցը պակասած են» (Հռոմեացիս 3.23): Ցանկացած մարդ, որ երբևէ ապրել է, սխալ քայլեր արել է: Մենք բոլորս էլ ունեցել ենք վատ մտքեր և վատ վերաբերմունք, և մենք բոլորս էլ ընդունել ենք վատ որոշումներ: Հիսուսը ասաց, որ մարդու սրտից են ելնում չար խորհուրդները… և պղծում մարդուն (Մարկոս 7.21-23):

Այսպիսով, հիմնական խնդիրը մարդու սիրտն է: Եթե մենք պնդում ենք, որ մենք անմեղ ենք, մենք խաբում ենք ինքներս մեզ ու Աստծուն ստախոս ենք անվանում: Մենք ապստամբել ենք Աստծո առաջ, խախտել Նրա օրենքները: Մենք ուրացել ենք Նրա սերը: Մենք մերժել ենք Նրան մեր կյանքից: Մենք իրոք հանցավոր ենք: Եվ մինչև մենք մեր հանցանքի համար լուծում չգտնենք, կշարունակենք թաղված մնալ մի կյանքում, որը ծանրաբեռնված է բացասական զգացումներով, որոնք շատ դժվար է հաղթահարել:

Քրիստոսի հարության բարի լուրը այն է, որ այլևս կարիք չկա, որ հանցանքը մեզ տանջի, և որ մեր հարաբերությունն Աստծո հետ կարող է վերականգնվել: Նրա մահվան ու հարության արդյունքում մենք այլևս չենք ապրում օրենքի իշխանության տակ: Քրիստոսը մեզ ազատեց՝ Իր վրա կրելով օրենքը պահելու մեր անկարողության պատիժը: Այսպիսով, «հիմա դատապարտություն չկա նրանց համար, ովքեր Քրիստոս Հիսուսի մեջ են» (Հռոմեացիս 8.1): Նա կրեց պատիժը, որպեսզի մենք ներվենք: Եվ եթե մենք ընդունենք մեր մեղքերը, ապավինենք Քրիստոսի հարությանը, այլևս չենք կրի մեր մեղքերի պատիժը: Նա վերցրեց մեր հանցանքը՝ որպես իրենը, և կրեց դրա պատիժը: