Աստված գոյություն ունի՞

Աստված գոյություն ունի՞Արդյո՞ք Աստված կա… Ստորև ներկայացնում ենք վեց հստակ հիմնավորում, որոնք խոսում են Աստծո իրական լինելու մասին:

Կցանկանայի՞ր, չէ՞, որ գոնե մի անգամ ինչ-որ մեկը քեզ հստակ, առանց պարտադրանքի և ստիպելու, որ հավատաս, ապացուցեր, որ Աստված կա, որ Նա գոյություն ունի… Ահա´, սա հենց Աստծո գոյությունը ապացուցելու և ասվածը հիմնավորելու անկեղծ մի փորձ է:

Բայց նախ մի րոպե կանգ առնենք ու հարցնենք ինքներս մեզ` արդյո՞ք իսկապես ուզում ենք ճանաչել Աստծուն: Աստվածաշունչն ասում է, որ շատ մարդիկ բազում ապացույցների են ականատես եղել, սակայն իրենց մեջ ճնշել են դրանք և խուսափել ճշմարտությունից (Հռովմեացիս 1:19-21): Աստված ինքն է ուղղորդում իրեն գտնել ցանկացողներին. «Եթե Ինձ փնտրեք, ապա կգտնեք: Եթե ձեր ամբողջ սրտով Ինձ որոնեք, ապա կգտնեք Ինձ» (Երեմիա 29:13-14):
Ահա´ Աստծո գոյության մասին խորհել տվող մի քանի փաստարկներ:

1. Տիեզերքի և Երկիր մոլորակի բարդ կառուցվածքը ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ այն ոչ միայն արարվել, այլ նաև կարգավորվում է մի հմուտ Ճարտարապետի կողմից:

Քննարկենք մի քանի օրինակ` իբրև ասվածի ապացույց:

Երկիր մոլորակ… Մոլորակը, որի վրա ապրում ենք, ունի բարդ, սակայն կյանքի համար չափազանց կատարյալ կառուցվածք: Երկրի ձգողականությունը պահում է նրա մակերևույթին մոտ, հիմնականում ազոտական և թթվածնային գազերից կազմված, մոտ 50 մղոն հաստությամբ մթնոլորտային մի շերտ, որը չափազանց մեծ ճշգրտությամբ է համապատասխանում Երկիր մոլորակի չափերին:

Բավական էր միայն Երկիրը շատ չնչին կերպով փոքր լիներ, որպեսզի այդ շերտի գոյությունը, հետևաբար նաև ձգողականությունն անհնար լինեին մեր մոլորակի համար այնպես, ինչպես Մերկուրի մոլորակի դեպքում է, և բավական էր, որ Երկիրը մի փոքր մեծ լիներ, որպեսզի մթնոլորտում առկա լիներ ազատ ջրածնի` կյանքի հետ անհամատեղելի քանակություն այնպես, ինչպես Յուպիտեր մոլորակում է (Ռ. Ե. Դ. Քլարք, Արարչագործություն (Լոնդոն: Թինդայլ Պրես, 1946թ.), էջ. 20): Երկիրը մեզ հայնտի միակ մոլորակն է, որի մթնոլորտը հագեցած է բույսերի, կենդանիների և մարդկային կյանքը պահպանելու համար անհրաժեշտ գազերի ճիշտ համադրությամբ:

Այս ամենից զատ Երկիրն ունի նաև կատարյալ հեռավորութուն արևից, որն ապահովում է ներկայիս ջերմաստիճանային տատանման ճշգրիտ միջակայքը: Չնչին մոտիկությունն արևին կամ շատ քիչ հեռավորությունը նրանից կհանգեցներ այն բանին, որ կա՛մ կսառչեինք, կա՛մ կայրվեինք: Այսինքն` Երկիր մոլորակի` Արեգակից ունեցած հեռավորության ճշգրտությունը, դրա շուրջ 110000 կմ/ժ արագությամբ, ինչպես նաև իր առանցքի շուրջ պտույտներն էլ հենց ապահովում են կյանքի գոյությունը. դրանք չափազանց կարևոր այն նախապայմաններից են, առանց որոնց կյանք պարզապես գոյություն ունենալ չէր կարող, որովհետև հենց դրանք են մեր մոլորակի վրա ջերմության և սառնության` կյանքի համար համատեղելի մակարդակ ապահովում:

Կատարյալ է նաև Երկրի հեռավորությունը Լուսնից, որի արդյունքում յուրահատուկ գրավիտացիոն դաշտ է ստեղծվում: Լուսինը օվկիանոսային կարևոր մակընթացություններ և տեղատվություններ, ջրի հզոր տեղաշարժեր է առաջ բերում, սակայն իր ուժգնության մեջ այնպիսի ճշգրտությամբ, որ օվկիանոսներն, այնուամենայնիվ, չեն ողողում մեր մոլորակի աշխարհամասերը (Աստծո արարչագործության հրաշալիքները, Գիտության Մուդիի ինստիտուտ (Չիկագո, ԻԼ):

Ջուր… Անգույն, անհոտ, անհամ միներալ է, սակայն կյանքի ամենակարևոր պայմաններից մեկն է, առանց որի կյանքը գոյություն չէր ունենա: Բույսերը, կենդանիները և նույնիսկ մարդիկ մեծամասամբ ջրից են կազմված (մարդկային մարմնի մոտ երկու երրորդը ջուր է): Վստահաբար` ջուրը կյանքի էլեքսիրն է, որի բնութագրերը կատարյալ համապատասխան են կենսագործունեության համար: Չնայած եռման և սառեցման աստիճանների միջև բավականին մեծ միջակայքին` ջրի շնորհիվ կենդանի մարդը կարողանում է ապրել փոփոխական ջերմության միջավայրում` պահպանելով մարմնի` 36.6 հաստատուն ջերմաստիճանը:

Ջուրը համընդհանուր լուծիչ է, և նրա կարևորագույն հատկանիշներից է այն, որ մարմնի` նույնիսկ ամենանեղ մազանոթների միջոցով ապահովում է սննդանյութերի, տարբեր քիմիական տարրերի, հանքանյութերի տեղաշարժը: Լինելով քիմիապես զեզոք` ջուրը մասնիկները կրում է`չազդելով դրանց վրա և հնարավորություն է ստեղծում մարմնի կողմից սննդի, դեղերի և օգտակար նյութերի կլանման համար (Աստծո արարչագործության հրաշալիքները, Գիտության Մուդիի ինստիտուտ (Չիկագո, ԻԼ):

Ջրի կարևոր հատկանիշներից է նաև մակերևութային լարվածությունը: Այս հատկանիշի շնորհիվ, հաղթահարելով ձգողականության ուժը, այն վեր է բարձրանում բույսերի մեջ և կենարար սնունդ հասցնում ծառերի` նույնիսկ ամենաբարձր գագաթներին:
Ջրի` վերից վար սառչելու հատկանիշի շնորհիվ էլ, օրինակ, ձկները կարողանում են ապրել ցրտաշունչ ժամանակներում:

Երկիր մոլորակի ջրային պաշարների իննսունյոթ տոկոսը օվկիանոսներում է: Սակայն Երկրի վրա կա զտման և բաշխման մի համակարգ, որը ջրից նախ հեռացնում է աղը և հետո բաշխում այն երկրագնդով մեկ: Գոլորշիացման շնորհիվ առանց աղի ջուրը վերածվում է ամպերի և քամու միջոցով օվկիանոսներից հեշտությամբ տեղափոխվում է ցամաքային տարածքներ և, վերածվելով անձրևների, օգտագործելի է դառնում բուսականության, կենդանիների և մարդկանց կարիքների համար: Զտման և բաշխման այս համակարգը ապահովում է մեր մոլորակի վրա կյանքի գոյությունը, շրջանառում և բազմակի անգամ օգտագործում է նույն ջուրը (Աստծո արարչագործության հրաշալիքները, Գիտության Մուդիի ինստիտուտ (Չիկագո, ԻԼ):

Մարդկային ուղեղ… Ահռելի քանակությամբ տեղեկատվություն միաժամանակ ընդունելու և մշակելու ունակություն ունեցող այս օրգանը մշակում և նույն պահի մեջ դասակարգում է մի քանի բան միանգամից` շրջապատի ձայները, առարկաներն ու նրանց գույները, բերանի չորությունը, համակարգչի ստեղնաշարի կառուցվածքը, հատակի վրա ոտքի սեղմումը, սենյակի ջերմաստիճանը և այլն: Ուղեղն ընկալում և վերլուծում է զգացմունքներ, մտքեր, հիշողություններ, վերահսկում է ընթացող գործողությունները` շնչելու, աչքերի թարթման, քաղց կամ ծարավ զգալու, ձեռքի մկանների շարժման և այլն: Մարդկայնին ուղեղը կատարյալ մի համակարգ է, որ մեկ միլիոնից ավելի ազդակներ է մշակում և որակավորելով այս ողջ տեղեկատվությունը` դասակարգում է` ըստ առաջնահերթության` կարևորներ և երկրորդականներ: Ուղեղի այս ունակությունը թույլ է տալիս կենտրոնանալ և արդյունավետ կերպով աշխատել: Ի տարբերություն այլ օրգանների` ուղեղը օժտված է մտածելու, տրամաբանելու, զգացմունքներ ծնելու, երազելու, ծրագրեր կազմելու, աշխատելու, այլ մարդկանց հետ հարաբերություններ կառուցելու և շատ այլ կարողություններով:

Աչք…Աչքը տարբերում է ավելի քան յոթ միլիոն գույն, ի զորու է միաժամանակ ընդունելու 1.5 միլիոն ազդակ և ունի ավտոմատ կերպով կենտրոնանալու ունակություն (Հյու Դավսոն, Աչքի ֆիզիոլոգիա, հինգերորդ հրատ.Նյու Յորք: Մակ-Գրո Հիլ, 1991թ.): Էվոլյուցիան, կենտրոնանալով գոյություն ունեցող օրգանիզմների ներքին և դրանցից դուրս կատարվող մուտացիաների և փոփոխությունների վրա, այնուամենայնիվ, չի կարողանում բավարար կերպով բացատրություն տալ աչքի կամ ուղեղի` անկենդան նյութից այդքան կատարյալ օրգանների ստեղծմանը կամ առաջացմանը:

2. Տիեզերքը սկիզբ է ունեցել. ի՞նչն է եղել դրա պատճառը:

Գիտնականները համոզված են, որ մեր տիեզերքին սկիզբ է դրել էներգիայի և լույսի մի ահռելի պայթյուն, որին նրանք տվել են «Մեծ պայթյուն» անվանումը: Այն ընկալվում է որպես գոյություն ունեցող բոլոր բաների սկիզբ՝ տիեզերքի, տարածության և անգամ ժամանակի: Աստղաֆիզիկոս Ռոբերտ Ջեսթրոուն, ով ինքն իրեն որակում է նաև որպես ագնոստիկ, հեղինակել է հետևյալ պնդումը. «Տիեզերքում գոյություն ունեցող բոլոր բաների սերմը տնկվել է հենց այս սկզբնական իրադարձության մեջ. յուրաքանչյուր աստղ, բոլոր մոլորակները և ամեն մի կենդանի արարած առաջացել են իրադարձությունների այն հաջորդականության արդյունքում, որը գործի դրվեց տիեզերական պայթյունի շնորհիվ… Պայթյունի շնորհիվ Տիեզերքը դարձավ իրողություն, սակայն մենք անկարող ենք հասկանալ, թե ի՞նչը դարձավ այդ պայթյունի պատճառը» (Ռոբերտ Ջեսթրոու «Ուղերձ պրոֆեսոր Ռոբերտ Ջեսթրոից» LeaderU.com; 2002թ.):

Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր Սթիվեն Վայնբերգը գրում է. «Պայթյունի ժամանակ տիեզերքի ջերմաստիճանը հարյուրավոր միլիարդների է հասել` ըստ Ցելսիուսի, և ողջ տիեզերքը ողողված է եղել լույսով»:

Եղել է ժամանակ, երբ տիեզերքը գոյություն չի ունեցել: Այն սկզբնավորվել է: Ի՞նչը կամ ո՞վ է դրել այդ սկիզբը: Գիտնականները ոչ մի բացատրություն չունեն լույսի և մատերիայի այդ անակնկալ պայթյունի պատճառների վերաբերյալ:

3. Տիեզերքում գործում են բնության նույնանման օրենքներ: Ինչո՞ւ է դա այդպես:

Կյանքը շատ անհասկանալի կողմեր ունի, սակայն անդրադառնանք մի քանի փաստերի, որոնք մեր աչքի առջև են. ձգողականության ուժը անփոփոխ է, սեղանին թողնված մեկ գավաթ սուրճը որոշ ժամանակ անց սառում է, երկրագունդը պտտվում է միևնույն 24 ժամում, իսկ լույսի արագությունը չի փոփոխվում թե՛ Երկրի վրա և թե՛ հեռավոր գալակտիկաներում: Ինչու՞ է այդպես և ինչպե՞ս…

Ինչպե՞ս է ստացվում, որ մենք ունակ ենք բացահայտելու բնության օրենքները, սակայն երբեք չենք կարողանում դրանք փոփոխել: Ինչո՞ւ է տիեզերքն այսքա՜ն կանոնակարգված և այսքա՜ն վստահելի: «Մեծագույն գիտնականների համար շշմեցուցիչ փաստ է այս ամենի տարօրինակությունը: Տիեզերքի հարցում օրենքներին ենթարկվելու տրամաբանություն չկա, սակայն այն ենթարկվում է դրանց մաթեմատիկական ճշգրտությամբ: Այս զարմանքն ավելի է ուժգնանում, երբ գիտակցում ենք, որ տիեզերքը չպետք է նման դրսևորում ունենար. դյուրին չէ պատկերացնել մի տիեզերք, որում պայմանները անկանխատեսելիորեն են փոփոխվում, կամ էլ մի տիեզերք, որում որոշակի բաներ գալիս են գոյության և հետո անհետանում» (Դինեշ Դ’Սոուզա, Ի՞նչն է այդքան հրաշալի քրիստոնեության մեջ (Ռեգների հրատ., 2007թ., գլուխ 11):

Ռիչարդ Ֆեմանն, որը Նոբելյան մրցանակ է ստացել քվանտային էլեկտրադինամիկայի ոլորտում, ասում է. «Այն, թե ինչու է բնությունը մաթեմատիկական, խորհրդավոր մի գաղտնիք է…Փաստը, որ ամեն բանի մեջ օրենքներ կան, հստակ կերպով կարող ենք հրաշք համարել» (Ռիչարդ Ֆեյնման, Այդ ամենի նշանակությունը. Քաղաքացի-գիտնականի մտորումները,Նյու Յորք, Բեյսիկ բուքս, 1998թ, 43.):

4. ԴՆԹ կոդը տեղեկացնում և ծրագրավորում է բջջի վարքագիծը:

Բոլոր խրատները, ուսուցումներն ու մարզումները որոշակի նպատակ ունեն, իսկ ուղեցույց- ձեռնարկների բոլոր հեղինակները հստակ նպատակներ են հետապնդում: Գիտե՞ք արդյոք, որ մեր մարմնի յուրաքանչյուր բջջի ներսում գոյություն ունի կոդի տեսքով և բավականին մանրամասն շարադրված ուղեցույց, որը շատ նման է փոքր չափերով համակարգչային ծրագրի: Հայտնի է, որ համակարգչային ծրագրերը կազմվում են մեկերի և զրոների միջոցով, ինչպես օրինակ՝ 110010101011000: Դրանց դասավորությունը համակարգչին է փոխանցում իր անելիքը:

Մեր բջիջներում առկա ԴՆԹ կոդը գործում է նույն սկզբունքով: Այն կազմված է չորս քիմիական բաղադրիչից, որոնք գիտնականներն անվանել են լատինական այբուբենի համապատասխան տառերով՝ A, T, G, և C: Մարդկային մարմնի բջիջներում դրանք դրված են որոշակի հերթականությամբ, օրինակ՝ CGTGTGACTCGCTCCTGAT և այլն: Յուրաքանչյուր բջջի ներսում գրված է երեք միլիարդ այսպիսի տառ: Ճիշտ այնպես, ինչպես մեր հեռախոսներն ենք հրահանգավորում տարբեր նպատակների համար ազդանշան տալ, այնպես էլ ԴՆԹ կոդն է հրահանգներ ուղղում բջջին:

ԴՆԹ-ն երեք միլիարդ տառից բաղկացած ծրագիր է և գործունեության ամբողջական և լիարժեք ուղեցույց, որը բջջին ցուցումներ է տալիս վերջինիս գործողությունների վերաբերյալ: (Ֆրենսիս Ս. Քոլինզ, Մարդկային գեն ծրագրի տնօրեն և Աստծո լեզուն գրքի հեղինակ, Ֆրի պրես, Նյու Յորք, ՆՅ, 2006թ.)

Ինչու՞ է այս ամենն այսքա՛ն զարմանալի: Հարցեր են առաջանում` որտեղի՞ց այս տեղեկատվական ծրագիրը հայտնվեց մարդկային բջջի ներսում, չէ՞ որ սա զուտ քիմիական բաղադրիչ չէ, այլ տեղեկատվություն փոխանցող և շատ մանրամասնորեն գրված մի կոդ, որում ներկայացված է, թե ինչպես պետք է զարգանա և ձևավորվի մարդկային մարմինը:

Նման ճշգրիտ և նպատակային տեղեկատվության գոյությունը բացատրել զուտ կենսաբանության տեսանկյունից, բացարձակապես հիմնավոր չէ. սա հստակորեն ինչ-որ մեկի կողմից գիտակցված, միտումնավոր կազմված և ճշգրտորեն մշակված ծրագիր է` զետեղված մարդու մեջ:

5. Մենք գիտենք, որ Աստված գոյություն ունի, որովհետև Նա կանչում է մեզ: Նա անդադար իրավիճակներ է ստեղծում և ուղիներ առաջարկում, որ մենք մոտենանք Իրեն:

Կար ժամանակ, երբ ես աթեիստ էի: Շատ այլ աթեիստների նման Աստծո հանդեպ մարդկանց հավատքի հարցը ինձ էլ էր անհանգստացնում: Ուրիշ աթեիստների պես` ինձ համար ևս սա այն թեման չէր, որի վրա արժեր ժամանակ, ուշադրություն, էներգիա վատնել և խոսել մի բանի մասին, որի գոյությանը չէի հավատում, սակայն…ինչու՞, ուրեմն ի՞նչ պատճառով էի ես շարունակ խոսում այդ մասին, ո՞վ էր ինձ ստիպում դա անել:

Սկզբում հոգածությունից դրդված էի խոսում նրանց`հավատավորների հետ, ուզում էի ազատել «մոլորված և սխալ մտածելակերպի տեր այդ խեղճ» մարդկանց, հետո ցանկանում էի օգնել նրանց իրենց հույսի «անհիմն» լինելը գիտակցելու հարցում: Անկեղծ ասած` այլ շարժառիթներ էլ ունեի. ես մարտահրավեր էի նետում բոլոր նրանց, ովքեր հավատում էին Աստծուն: Ինձ շատ էր հետաքրքրում, թե արդյոք նրանք կարո՞ղ են ինձ հակառակում համոզել: Իմ նպատակներից էր նաև Աստծո հարցից ազատվելը: Եթե ես տրամաբանորեն ապացուցեի հավատացյալներին, որ նրանք սխալ են, ապա հարցը լուծված կարող էի համարել և կարող էի գնալ ու ազատ ապրել կյանքս:

Ես չէի էլ գիտակցում, որ Աստծո մասին թեմաները ծանրակշիռ տեղ են գրավել իմ մտքի մեջ, և Աստծված Ինքն էր այս թեման հետևողականորեն բարձրացնում իմ մեջ: Ու… հասա այնտեղ, որ հասկացա, որ Ինքն ուզու՛մ է, որ ես ճանաչե՛մ Իրեն: Նա մեզ ստեղծեց, որ մենք ճանաչենք Իրեն, Նա մեզ շրջապատեց Իր գոյության ապացույցներով, և Իր գոյության մասին հարցը շարունակում է պահել մեր տեսադաշտում:

Այնպես էր թվում, թե մտքիցս երբեք չեմ կարողանա հեռացնել Աստծո գոյության մասին մտորումները: Եվ…իսկապես եկավ այն օրը, երբ ես վերջնականապես ընդունեցի Աստծո գոյության փաստն ու աղոթեցի այսպես. «Դու հաղթեցիր…»:

Շատ հնարավոր է, որ Աստծուն հավատալու հարցում աթեիստներին անհանգստացնող պատճառների տակ թաքնված է այն, որ Աստված բավականին ակտիվ կերպով համոզում է նրանց: Ես միակ մարդը չեմ, ով վերապրել է այս զգացումը: Սոցիալիստ և փիլիսոփա Մալքոլմ Մագերիջը գրում է. «Ինձ թվում էր, որ բացի իմ փնտրտուքներից, ինչ-որ մեկը նաև համոզում է ինձ»:

Մեկ այլ հեղինակ էլ` Սի Էս Լյուիսը պատմում է. «…գիշեր գիշերվա վրա, երբ միտքս թեկուզ մեկ ակնթարթով կտրվում էր իմ աշխատանքից, ես զգում էի այն Մեկի անընդհատ, աննահանջ մոտենալն ինձ, Ում ես այդքա՜ն ուժգին կերպով ձգտում էի չհանդիպել: Ես այլևս անկարող էի դիմակայել և ընդունեցի, որ Աստված Աստված է: Ծնկի եկա և աղոթեցի: Այդ գիշեր ես Անգլիայի` թերևս ամենադժկամ և դիմադրող նորադարձն էի»:

Որպես Աստվածաճանաչության մեծ ընծա և պտուղ, Լյուիսը հետագայում գրեց իր`«Ցնծությունից զարմացած» վերնագրով գիրքը:

Ես, Աստծո գոյության ճշմարտությունը ընդունելով, ակնկալիքներ չունեի, սակայն ընդամենը մի քանի ամսվա ընթացքում ցնցված էի Նրա` իմ հանդեպ դրսևորած այդքան շատ սիրուց:

6. Ի տարբերություն Աստծո մյուս հայտնությունների` Հիսուս Քրիստոսն Աստծո ` Իրեն մեզ հայտնելու ամենահստակ պատկերն է:

Ինչո՞ւ Հիսուս: Նայե՛ք աշխարհի հիմնական կրոններին և կհայտնաբերեք, որ Բուդդան, Մուհամեդը, Կոնֆուցիոսն ու Մովսեսն իրենք իրենց որպես ուսուցիչներ ու մարգարեներ են ներկայացրել, և նրանցից ոչ մեկը երբևէ չի պնդել, թե հավասար է Աստծուն: Զարմանալի է, բայց Հիսուսն արել է դա: Սա է, որ Հիսուսին առանձնացնում է մյուսներից: Նա ասում է. «Աստված գոյություն ունի, և դուք տեսնում եք Նրան»: Թեև Նա խոսում էր Իր երկնային Հոր մասին, սակայն դա Նրանից առանձնացված լինելու տեսակետ չէր, այլ` շատ սերտ միության: Նա նաև ասաց, որ ամեն ոք, ով Իրեն տեսավ, տեսավ նաև Հորը, և ով Իրեն հավատաց, հավատաց նաև Հորը:

«Ես եմ աշխարհի լույսը, Իմ հետևից եկողը խավարի մեջ չի մնա, այլ կյանքի լույսը կընդունի»:14,- ասում էր Հիսուս և պնդում, որ ունի այնպիսի իշխանություն, որ միայն Աստված ուներ՝ մարդկանց մեղքերը ներելու, մեղքի կապանքներից նրանց ազատելու, մարդկանց հավիտենական կյանքի պարգևը շնորհելու և այլն: Ի տարբերություն մյուս ուսուցիչների` որոնք կենտրոնանում էին իրենց խոսքերի վրա, Հիսուս մարդկանց ուշադրությունն Իր Անձի վրա էր կենտրոնացնում: Նա չէր ասում. «Հետևեք իմ խոսքերին և կգտնեք ճշմարտությունը»,- այլ ասում էր,- «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը, ոչ ոք չի կարող գնալ Հոր մոտ, եթե ոչ՝ Ինձնով» (Հովհաննես 14.6):

Ինչպե՞ս էր Հիսուսն ապացուցում Աստված լինելու Իր պնդումները: Նա հրաշքներ էր գործում և այնպիսի արարքներ անում, որոնք վեր էին մարդկային զորության սահմաններից: Նա բժշկում էր կույրերին, կաղերին, խուլերին, հաշմանդամներին. նույնիսկ մեռածին հարություն տվեց: Նա իշխանություն ուներ առարկաների վրա (մի անգամ այնքան սնունդ ստեղծեց, որ հնարավոր եղավ մի քանի հազար մարդու կերակրել) և հրաշքներ կատարեց նաև բնության մեջ՝ քայլեց ջրերի վրայով, հրամայեց և խաղաղեցրեց փոթորիկը: Մարդիկ ամենուր հետևում էին Հիսուսին, որովհետև Նա մշտապես գերբնական կերպով սատարում և օգնում էր նրանց: Նա ասաց, որ եթե մարդիկ անգամ չհավատան Իր խոսքերին, ապա գոնե պետք է հավատան իրենց աչքերով տեսած հրաշքներին (Հովհաննես 14.11):

Հիսուս Քրիստոսով Աստծուն տեսանք և ճանաչեցինք որպես հեզ, սիրող Մեկին, Ով, իմանալով մեր եսակենտրոնությունը և տեղյակ լինելով մեր տկարություններից, այնուամենայնիվ, չի մերժում մեզ և փափագ ունի մեզ հետ հարաբերություններ հաստատելու: Հիսուսը ցույց տվեց, որ թեև մենք պատժի արժանի մեղավորներ ենք, սակայն Իր սերը մեր հանդեպ անսահման է և հավիտյան: Աստվածն Ինքը մարդու կերպարանք առավ և մեր փոխարեն կրեց մեղքերի պատիժը: Անհավանակա՞ն է հնչում: Գուցե: Սակայն, չենք հերքի նաև, որ բազմաթիվ սիրող հայրեր քաղցկեղի դեմ պայքարում մեծ փափագով կփոխվեին տեղերով իրենց երեխաների հետ, եթե միայն այդպիսի հնարավորություն տրվեր նրանց:

Աստվածաշունչն ասում է, որ Աստծուն սիրելու մեծ պատճառ է այն, որ նախ Նա՛ մեզ սիրեց:

Հիսուս մեռավ մեր փոխարեն, որպեսզի մենք ներում ունենանք: Մարդկությանը հայտնի բոլոր կրոններից միայն քրիստոնեության մեջ է, որ Աստվածորդու միջոցով հաղորդակցություն է ստեղծվում Աստծո և մարդկանց միջև: Հիսուս աստվածային սիրով լցված սրտի ապացույցն է, քանի որ լրացնում է մեր պակասությունները և մոտեցնում մեզ Աստծուն: Հիսուսի մահվան և հարության շնորհիվ մենք նոր կյանքի, ներման և Աստծո համար ամբողջովին ընդունելի դառնալու հնարավորություն ենք ստանում, հույս ենք փայփայում Նրա կողմից սիրվելու համար: Աստված ասում է. «Հավիտենական սիրով եմ սիրել քեզ, դրա համար քաշեցի քեզ ողորմությունով» (Երեմիա 31.3): Աստված ահա այսպես է գործում:

Կա՞ արդյոք Աստված: Ուզու՞մ ես իմանալ այս հարցի պատասխանը, ուրեմն ուսումնասիրի՛ր Հիսուս Քրիստոսին: Աստված չի ստիպում հավատալ Իրեն, թեև կարող է դա անել, դրա փոխարեն Նա բավարար ապացույցներ է տալիս, որ մենք մեր սեփական կամքով հավատանք Իրեն՝ Երկիր մոլորակի կատարյալ հեռավորությունն արևից, ջրի յուրահատուկ քիմիական հատկությունները, մարդկային ուղեղը, ԴՆԹ-ն, Աստծուն ճանաչող մարդկանց թիվը, Աստծո մասին ճշմարտությունն իմանալու մեր սրտի և մտքի փափագը, Աստծո հայտնությունը Հիսուս Քրիստոսի միջոցով: Հիշի՛ր. «Աստված այնպե՜ս սիրեց աշխարհը, որ Իր Միածին Որդուն տվեց, որ ամեն ոք, ով Նրան հավատա, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3.16):

Իսկ հիմա, եթե սա կարդալուց հետո ուզեցար ընդունել Աստծուն և հարաբերություն ստեղծել Նրա հետ, ապա արա՛ դա:

Որոշումը քոնն է: Ոչ մի պարտադրանք: Բայց եթե իսկապե´ս ծնվեց այդ ցանկությունը, մի´ խեղդիր այն, այլ խնդրի՛ր Նրան գալ քո կյանք և ներել քեզ, ստեղծի՛ր հարաբերություն Նրա և քո միջև, ներու՛մ հայցիր մեղքերիդ համար: Աստված լսում է քեզ, Նա ասում է. «Ահա, կանգնած եմ դռան [քո սրտի] առջև և թակում եմ: Եթե մեկը լսի Իմ ձայնը և բացի դուռը, ապա Ես կգամ նրա մոտ» (Հայտնություն 3.20):

Եթե չգիտես ինչպես շարադրել միտքդ, ապա ուղղակի ասա. «Հիսու´ս, շնորհակալ եմ, որ մահացար իմ մեղքերի համար: Դու գիտես իմ կյանքը, և որ ես ներման կարիք ունեմ: Ես այժմ խնդրում եմ, որ ներես ինձ և մուտք գործես իմ կյանք: Ես ուզում եմ Քեզ ճանաչել այնպիսին, ինչպիսին Դու կաս: Արի´ իմ կյանքի մեջ հիմա: Շնորհակալ եմ, որ այդքա՜ն փափագում էիր կապ ստեղծել ինձ հետ: Ամեն»:

«Ես ճանաչում եմ նրանց, և նրանք հետևում են իմ ձայնին, և Ես նրանց հավիտենական կյանքը կտամ, և նրանք երբեք չեն կործանվի, և ոչ ոք չի կարող խլել նրանց իմ ձեռքից» (Հովհաննես 10.27-29),- ասում է Հիսուս և քեզ հետ իր կապը դարձնում հավիտենական:

Հայացք գցելով այս բոլոր փաստերի վրա՝ կարելի է եզրակացնել, որ Աստված գոյություն ունի, և Նրան հնարավոր է ճանաչել անձնապես…

Հեղինակ՝ Մերլին Ադամսոն

Աղբյուրը՝ 1patasxan.com