Աղոթքը Աստծուն չի փոխում, այլ փոխում է նրան, ով աղոթում է

Աղոթքը Աստծուն չի փոխում, այլ փոխում է նրան, ով աղոթում է«Եթե ամեն առավոտ մեկ ժամ ես Աստծո ներկայության մեջ եմ մնում, ապա օրեցօր, շաբաթ շաբաթի հետևից, անգամ վերապրելով լիակատար շփոթության վիճակ ու շեղվելով միլիոնավոր կողմնակի մտքերով, միևնույնն է, այդ հարատև աղոթքը ծայրահեղ կերպով փոխում է իմ կյանքը»:

Խոնարհություն ու հնազանդություն սովորելով՝ շատ ժամեր աղոթքի մեջ անցկացնելով, բայց ակնհայտ պտուղներ չտեսնելով, այնուամենայնիվ, Հենրի Նուվենը նշում է, որ այդ ողջ ընթացքում լսում էր մեղմ ու հեզ մի ձայն.

«Աղոթքը Աստծուն չի փոխում, այլ փոխում է նրան, ով աղոթում է»:

Գուցե աղոթքը մարդու մեջ այնպիսի փոփոխություններ է գործում, որոնք նրան կարողություն են տալիս լսելու ու պատասխան ընդունելու իր աղոթքին՝ պատասխան, որը նա երկար որոնում էր:

Հարատև աղոթքը փոխում է մեր ներքին վիճակը, մեր շունչը, և այդժամ Աստված հնարավորություն է ստանում այլ կերպ, նոր ձևով շփվելու մեզ հետ: Գուցե հենց սա է պատճառը, որ Աբրահամը, Մովսեսը, Հակոբը և հավատքի այլ հերոսներ Աստծո հետ «կատաղի» պայքարի մեջ էին մտնում: Աստծո հետ հաղորդակցությունից նրանց մեջ զարգանում էին աստվածային որակները:

Հարատև աղոթքի գլխավոր նպատակը նրանում չէ, որ ստանում ես ցանկացածդ: Ամենաարժեքավորը սա է. դու դառնում ես մեկը, ով կոչված ես լինելու:

Սար եմ ես մագլցում, թե գիրք եմ գրում՝ ես ունեմ նպատակ, որին ձգտում եմ, խնդիր, որը մտադրվում եմ իրականացնել: Իսկ աղոթքը ստիպում է ինձ կանգնել ճանապարհին ու հայացքս Աստծուն ուղղել:

Հատված Ֆիլիպ Յանսիի «Աղոթք» գրքից