Մեծ ճերմակ գահի առջև

Ի՛մ ընկեր, կգա մի օր, երբ դու պարգևատրում կստանաս քո աշխատանքի համար, որը դու արեցիր այստեղ՝ երկրի վրա: Ոչ ոք չգիտի ժամանակը, որ սահմանված է այդ իրադարձության համար, բայց դու կարող ես համոզված լինել, որ այն նպատակասլաց ձևով մոտենում է:

Ես մտածում եմ այդ մասին հիմա ավելի, քան երբևէ: Շատերը գիտեն, որ ես պայքարում եմ  քաղցկեղի հետ վերջին 10 տարիների ընթացքում: 2011թ-ին ես անցկացրել եմ 9 ամիս մահվան շուքի ձորում: Բժիշկները հրաժարվում էին ինձնից՝ տալով ինձ մի քանի ժամ, գուցե մի քանի օր: Այդ ժամանակ, թվում էր, թե ամեն բան մոտեցել է իր ավարտին: Արդեն գնել էինք տեղ գերեզմանատանը, խոսել իմ թաղումը կազմակերպելու մասին: Ես պառկած էի հիվանդանոցում՝ սպասելով անխուսափելիին: Հոգուս մեջ, սակայն, աղաղակում էի. «Հիսո՜ւս, կկարողանա՞մ արդյոք քեզ համար ևս մեկ հոգի շահել»:

Իմ փրկության առաջին իսկ պահից ինձ հետաքրքրում էր հոգիներ շահելը Քրիստոսի համար: Հիմա ես պառկած էի մահվան մահճում՝ մտածելով, թե իմ կյանքն իր ավարտին է մոտեցել: Ի ուրախություն ինձ՝ դա չկատարվեց: Աստված հանեց ինձ այդ մահվան ձորից, և ես տեսա, թե ինչպես շատերը եկան Քրիստոսին: Ես չգիտեի ավելին, քան գիտեմ հիմա այն մասին, թե ինչ կլինի հետո, և դուք նույնպես:

Մեզնից յուրաքանչյուրը մի քանի տարի ունի այստեղ՝ այս երկրի վրա. սա փաստ է, որը ես ավելի ու ավելի եմ գիտակցում: Շատերը ապրում են նման մտածելակերպով. «Կեր, խմիր և քեֆ արա, վաղը մեռնելու ես»: Կյանքը, սակայն, այդպիսին չէ, ի՛մ ընկեր:

Սա ինձ հիշեցնում է Նոյի օրերը: Արդար այս մարդը մարգարեանում էր անօրեն ժողովրդին՝ դատաստանի օրը մոտենալիս: Նրանք ծաղրում էին ու անարգում նրան: Եվ մեկ օր Աստված ասաց այս մարդուն. «Բավակա՛ն է»: Նոյը իր ընտանիքի հետ մտավ տապանը, և Աստված Ինքը փակեց տապանի դուռը: Վերջ: Այլևս չկար կերակուր, ուրախություն ու խնջույք: Կային մարդկանց աղաղակները, ովքեր տապանից դուրս էին մնացել: Հիմա նրանք պատրաստ էին լսել, բայց արդեն ուշ էր:

Ընկերնե՛ր, ես գրում եմ սա՝ որպես զգուշացում: Ձեր կյանքը, անկախ նրանից՝ լավն է այն, թե վատը, հավիտյան չէ: Այն կավարտվի, և այն, ինչ արել եք ձեր կյանքի հետ, դատվելու է:

Որպես մեղավոր՝ դուք կկանգնեք մեծ ճերմակ գահի առջև, որպեսզի դատվեք ձեր գործերի համեմատ: Բոլորը, ում անունը չի գրվել Կյանքի Գրքում, կգցվեն կրակի լիճը (Հայտնություն 20.11-15):

Որպես սուրբեր՝ դուք նույնպես դատվելու եք: Ի ուրախություն ինձ՝ իմ կյանքում նույնպես եղել են Աստծո մարդիկ, ինչպիսիք են Դեյվիդ Ուիլքերսոնը և Լեոնարդ Ռավենհիլը, ովքեր նայում էին դեպի հավիտենությունը: Աստվածաշունչն ասում է, որ «մենք ամենս պետք է հայտնի լինենք Քրիստոսի ատյանի առաջին. որ ամեն մեկն ընդունի իր մարմնովն՝ ինչ որ գործեց՝ թե բարի, և թե չար» (Բ Կորնթացիս 5.10):

Պողոսն ասում է. «Ամեն մեկի գործը պիտի հայտնվի. որ օրը կերևացնի, որովհետև կրակով պիտի հայտնվի. և ամեն մեկի գործը՝ թե ինչպես է, կրակը կփորձի։ Եթե մեկի գործը, որ շինեց՝ հաստատ կենա, վարձք կառնի. և եթե մեկի գործն այրվի՝ վնաս կքաշի, բայց ինքը կապրի. այլ այնպես՝ ինչպես թե կրակով։ Չգիտե՞ք որ դուք Աստծո տաճար եք, և Աստծո Հոգին բնակված է ձեզանում» (Ա Կորնթացիս 3.13-15):

Գալիս է դատաստանի օրը: Ոչ ոք չի խուսափի դրանից: Մեզնից ամեն մեկը կանգնելու է Աստծո առջև՝ ստանալու իր գործերի համեմատ՝ կամ պատիժ, կամ պարգևատրում: Ամեն  գործ կրակով պիտի փորձվի: Այն, ինչ անօգուտ էր, կայրվի:

Այդ օրը ես հրաժարվում եմ Հիսուսի առջև կանգնել դատարկ ձեռքերով:

Գուցե ձեզ համար սա մի փոքր անսովոր է, բայց ես իմ հայացքը հավիտենության վրա եմ պահում: Դա իմ ցանկությունն է՝ արարել մի բան, ինչը մեծ արժեք կունենա, երբ կդրվի Քրիստոսի ոտքերի առջև:

Ինչ էլ դուք վաստակեք, դա հենց այն է լինելու, ինչ դնելու եք Նրա ոտքերի առջև: Ես ցանկանում եմ թանկարժեք թագ դնել Նրա առջև՝ աղաղակելով. «Արժանի է, արժանի է Գառն Աստծո, ով սպանվեց Գողգոթայի վրա: Հիսո՛ւս, դա լավագույնն էր, ինչ ես կարող էի անել: Ես գիտեմ, որ դա չի համեմատվի նրանց հետ, ովքեր իմ առջևից են գնացել, նրանց, ովքեր իրենց արյունն են թափել Քեզ համար, բայց դա իմ լավագույնն է»:

Հիշեք, որ կա Օրենսդիր, և կա՝ օրենք: Եթե օրենքը խախտված է, կա պատիժ: Եթե օրենքը պահվում է, կա օրհնություն: Որպեսզի այնտեղ թագ ունենանք, պետք է ապրենք Քրիստոսի համար այստեղ: Այնտեղ պսակ կրելու համար պետք է վերցնեք ձեր խաչն այստեղ:

Շատերը չունեն այդ թագը: Նրանք քիչ բան են արել իրենց կյանքի հետ այն օրից, ինչ եկել են Քրիստոսին: Նույն կերպ էլ նրանք չունեն Հիսուսի ոտքերի առջև դնելու ընծա:

Ի՛մ ընկեր, ժամանակը շատ կարճ է՝ այն վատնելու համար: Քո հայացքը դեպի հավիտենությունը դարձրու և սկսիր ապրել ներկայի կյանքով՝ հանուն ապագայի: Թույլ մի տուր ոչինչին՝ քեզ զրկելու քո թագից: Երբ Աստծո առջև կանգնես, դու կցանկանաս այդ թագը՝ Նրա ոտքերի առջև ծնկելու ու երկրպագելու համար:

Սթիվ Հիլլ