Ներելով մեզ ատողներին` մենք կարող ենք շահել նրանց Աստծո համար. նախկին մահմեդական

Արևմտյան Աֆրիկա, Մալի. պետություն, որտեղ բնակչության գերակշիռ մասը մահմեդականներ են:

Նաոմի. այս անունով է հիշատակվում «Բաց դռներ» իրավապաշտպան կազմակերպության զեկույցում այս կինը, ում հայրը ժամանակին եղել է իսլամ տարածող մեկը: Երբ Նաոմին 8 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվում է Մալիի Տոմբուկտու քաղաքը:

Սկզբում նա ինքը դեմ էր քրիստոնեական հավատքին, բայց 12 տարեկան հասակում, շփվելով քրիստոնյաների հետ դպրոցում, նա փոխում է իր կարծիքը: Իր մահմեդական հարազատները հրաժարվում են իրենից այդ որոշումից հետո: Եվ նրան որդեգրում է տեղի միսիոներական ընտանիքներից մեկը, որը վերաբերվում է նրան սեփական դստեր պես:

Երբ միսիոներները լքում են Մալին, Նաոմին ստիպված է լինում վերադառնալ իր ընտանիք, որտեղ ամեն օր նրան հետապնդում են իր քրիստոնեական հավատքի համար: 16 տարեկանում նա հանդիպում է մի քրիստոնյայի Բելգիայից, և նրանք որոշում են ամուսնանալ՝ չնայած մահմեդականների կողմից իրենց հասցեին ուղղված ծաղրանքներին: Զույգը երկու երեխա է ունենում՝ Իբրահիմին և Յուսուֆին:

Նաոմին պատմում է, թե որքան հաճախ են եղել այն դեպքերը, երբ իր հարազատները ուղարկել են ջիհադիստների՝ իրեն ու իր ընտանիքին սպանելու և վախեցնելու համար:

«Բայց դա չէր հաջողվում: Հետո երբ մեկ անգամ իմ ամուսինը գործուղման էր մեկնել, այնտեղ նրան սպանեցին… սպանեցին իր հավատքի համար, նաև նախկին մահմեդական կնոջ հետ ամուսնության: Նրա գործընկերները հայտնեցին ինձ այդ սարսափելի լուրը: Ես գաղափար անգամ չունեմ, թե որտեղ է նրա մարմինը»,- ասում է Նաոմին:

Մի քանի տարի անց նա ստիպված փախչում է այդտեղից, քանի որ հալածանքները ուժգնանում են այդ տարածաշրջանում: Սակայն ծայրահեղական խմբավորումներից մեկը առևանգում է նրա որդիներից մեկին.

«Իբրահիմը՝ իմ երկրորդ որդին, սարսափի մեջ էր: Նա ինձնից բռնված պարզապես շշնջում էր. Հիսո՛ւս, օգնիր մեզ, Հիսո՛ւս, օգնիր մեզ»:

Մայրը, սակայն, չի կորցնում հավատքը և շարունակ աղոթում է իր որդու ազատագրման համար:

«Ես ողջ ընթացքում ծնկի եկած աղաչում էի Աստծուն, որ պահպանի իմ որդուն: Յուսուֆը առևանգողների մոտ ձևացրել էր, թե խուլ է: Նրանք դաժանորեն ծեծել էին նրան, բայց երկու օր անց բաց թողեցին»:

Հետո ընտանիքը տեղափոխվում է Մալիի մայրաքաղաք, որտեղ օգնություն է ստանում հավատակիցների և տեղական եկեղեցու կողմից:

Քրիստոնյա կինն այս բոլոր վերապրումներից հետո նայում է առաջ և ներում նրանց, ովքեր իրեն այդքան տառապանք են պատճառել.

«Ես պետք է սեր դրսևորեմ անգամ իմ ամենավատ թշնամիների հանդեպ: Ով գիտի: Գուցե շնորհիվ այդ ամենի՝ նրանք կդառնան Քրիստոսին, չնայած իմ հանդեպ իրենց վերաբերմունքին: Քրիստոնյաները մարդիկ են, ովքեր սիրում են իրենց թշնամիներին, իրենց ատողներին՝ որպես եղբայրների,- ասում է նա:- Ահա թե ինչպես մենք կարող ենք շահել նրանց՝ Արքայության համար»:

Աղբյուր՝ invictory.com