Լճակը

Անձրև էր գալիս, և փողոցի մեջտեղում անձրևաջրից մի լճակ առաջացավ: Ով անցնում էր այդտեղով, տրտնջում էր ու ասում. «Ինչ կեղտոտ է»:

Անձրևաջրե լճակը ոչինչ չէր կարողանում պատասխանել և չէր էլ կարողանում տեղափոխվել մեկ ուրիշ վայր, որպեսզի ոչ ոքի չխանգարեր: Նա միայն արցունքներն էր իր թափում ու այդպիսով ավելի էր տարածվում փողոցով մեկ:

Երբ անցորդ չէր լինում, նա նայում էր բարձր երկինք ու երազում. «Օ՜, եթե ես ապրեի բարձր երկնքում, որտեղ այնքան գեղեցիկ է, այնտեղ ոչ ոք ինձ չէր տրորի ոտքերով և չէր անվանի ինձ կեղտաջուր: Այնտեղ չկա կեղտ, այնտեղ այնքան գեղեցիկ ամպեր են: Այնպե՜ս կցանկանայի ես էլ լինել այն ճերմակ ամպերի նման: Բայց դա անհնար է, ես ընդամենը կեղտոտ անձրևաջուր եմ»: Եվ նա նորից արցունքներով ողողում էր իր շուրջը: Նա նույնիսկ չէր էլ կասկածում, որ երբ ինքը նայում էր երկնքին, երկինքը նույնպես նայում էր իրեն և արտացոլվում իր մեջ:

Անձևը դադարեց: Դուրս եկավ արևն ու սկսեց տաքացնել: Անձևաջրե լճակը խոժոռվեց, կծկվեց, չէր կարողանում նայել արևի այդ ուժեղ փայլին: Իսկ արևը կանգնել էր հենց նրա ուղղությամբ ու թվում էր՝ նայում էր ուղիղ նրա սրտի խորքը: Հանկարծ լճակը զգաց, որ իր հետ ինչ-որ բան է կատարվում: Նա այլևս չէր ցանկանում լաց լինել, հակառակը, ինչ-որ ուրախություն էր պարուրել իրեն: Հաճելի ջերմություն էր զգում ներսում և թվում էր, թե բարձրանում էր երկրի վրայից:

Երբ վերջապես նա բացեց աչքերը, տեսավ իր կողքին լողացող ճերմակ ամպիկներին, ովքեր կանչում էին. «Ողջո՜ւյն, քույրի՛կ»: «Քույրի՞կ,- զարմացավ նա:- Ինչպե՞ս սա կարող է լինել: Ես չէ՞ որ ընդամենը կեղտոտ ջրակույտ եմ: Ինչպե՞ս ես կարող էի հայտնվել այստեղ: Երևի արևահարվել եմ, և այս ամենը ինձ միայն թվում է»: Ամպերը ծիծաղեցին. «Արևը չորացրեց քեզ ամբողջովին, գոլորշիացար ու դարձար ամպ: Դու այլևս կեղտոտ անձրևաջուր չես, այլ հիասքանչ ճերմակ ամպիկ: Արի միասին լողանք երկնքով»: Եվ նրանք բոլորը միասին տոնական պտույտ կատարեցին երկնքով:

Իսկ մարդիկ բարձրացնում էին իրենց գլուխները և ասում. «Նայեք, ինչ գեղեցիկ ամպ է»: Նրանք նույնիսկ չէին էլ կասկածում, որ դա այն կեղտոտ անձևաջուրն է, որի վրա իրենք այնքան փնթփնթում էին: Իսկ ամպիկը երջանիկ էր ու շնորհակալ երկնքից իր հիասքանչ վերափոխման համար:

«Բայց մենք ամենքս՝ բաց երեսով Տիրոջ փառքն ինչպես հայելու մեջ տեսնելով՝ նույն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դեպի փառք, ինչպես թե Տիրոջ Հոգուցը» (Բ Կորնթացիս 3.18):

«Ահա մի խորհուրդ եմ ասում ձեզ. ոչ թե ամենքս կննջենք, այլ ամենքս կփոխվենք։ Հանկարծ՝ մի ակնթարթում հետին փողի ժամանակին, որովհետև փողը կփչվի, և մեռելները հարություն կառնեն անապականելի, և մենք կփոխվենք։ Վասնզի պետք է, որ այս ապականացուն հագնի անապականությունը, և այս մահկանացուն հագնի անմահությունը» (Ա Կորնթացիս 15.51-53):