Քրիստոնեական բարի պատմություններ

Պաղպաղակ եմ ուզում

Ես հինգ տարեկան էի, շատ ժամանակ էի անցկացնում տատիկիս հետ: Նա հավատացյալ է, ինձ իր հետ տանում էր աղոթքի հավաքույթների: Երբեմն ինձ էլ էին խնդրում, որ աղոթեի: Կար մի մաս, երբ ամեն մեկը աղոթքի մեջ իր խնդրանքն էր ներկայացնում՝ կապված շնորհի, երազանքների, տարբեր կարիքների հետ: Եվ ես էլ ասացի. «Ուզում եմ շա՜տ պաղպաղակ»:

Վերադառնալով այդ օրը տուն՝ մուտքի մոտ մեր առջև դուրս եկավ մի տղամարդ և մի դույլ պարզեց մեզ՝ լցված լիքը տարբեր պաղպաղակներով: «Մեր սառնարանն է վնասվել, վերցրեք այս պաղպաղակները»,- ասաց նա: Հնարավոր չէ փոխանցել իմ զարմանքն ու հիացմունքը, որ ես այդ ժամանակ վերապրեցի:

Գիտակցում էի, որ քնել եմ ղեկին

Երեկոյան գործերով Ռոստով էի գնացել իմ մեքենայով: Առավոտյան ժամը 4-ին արդեն վերադառնում էի Մոսկվա: Երկրորդ օրն էր՝ չէի քնել: Կանգ առնել ու քնել՝ չէի կարող, որովհետև հաջորդ առավոտյան պետք է հասցնեի աշխատանքի ներկայանալ…

Աչքերս բացում եմ այն զգացողությունից, որ ինչ-որ մեկը քնքշորեն գլուխս է շոյում: Բարձրացնում եմ գլուխս. մեքենաս կոկիկ կանգնեցված է մի անկյունում, բանալիները աջ ձեռքումս են… Գիտակցում եմ, որ քնել եմ ղեկին. բայց ինչպե՞ս էր այս ամենը կատարվել. մեքենայի անվնաս կանգառը, գլուխս շոյելը… Դուրս եմ գալիս մեքենայից, գլուխս եմ թափ տալիս, միևնույնն է՝ ոչինչ չեմ հասկանում: Մինչ օրս չեմ հասկանում, թե ինչպես էի փրկվել: Այդ օրից սկսած հավատում եմ Աստծուն: