Մարիամի ու Մարթայի մասին. Սամվել Նավոյան

Երբ Մարիամը լսում էր Հիսուսի խոսքը՝ Նրա ոտքերի մոտ նստած, Ղուկաս 10.40-ում կարդում ենք, թե Մարթան հյուրասիրության հարցով շատ էր մտահոգված:

Մարթայի զբաղվածությունն արտահայտող բնագրային բառը «պերիսպառ»՝ տառացիորեն նշանակում է շարժվել փակ շրջանով: Այսպիսով, նա ուշադրությունը կենտրոնացրել էր իր պատրաստության կամ ծառայության վրա:

Ուրեմն ծառայությունն ինքնին կարող է մեզ շեղել Հիսուսից ու դնել փակ մի շրջանի մեջ:

Հոգևոր պատերազմը և սպասավորությունը մեզ նույնպես կարող են ապակենտրոնացնել Հիսուսից, դառնալ օրինական, ծիսական և անկյանք աշխատանք: Այսպիսով մենք սկսում ենք զբաղվել Տիրոջ համար և ժամանակ չենք գտնում լինելու Նրա հետ: Մեր ծառայությունն ընթանում է առանց օծության և, մեղմ ասած, չի նպաստում Աստծո թագավորության շինությանը…

Ի պատասխան Մարթայի հանդիմանությանը՝ Հիսուսն ասում է. «Մարիամը բարի բաժինն ընտրեց, որ չի վերցվի նրանից»: Դատչ Շիթսը գրում է, որ բնագրում «բարի» բառի համար օգտագործված է «ագատոս»-ը, որի հակադիր բառն է «կալոս»-ը (թարգմանվում է՝ լավ): «Կալոս»-ը արտաքնապես լավն է, որ գործնականում կարող է չլինել արժեքավոր: Մինչդեռ «ագատոս»-ն ունի օգտակար, առավելություններ ունեցող, պիտանի իմաստը:

Այսպիսով, երբ Մարիամի նման ժամանակ ենք տրամադրում՝ Հիսուսի ոտքերի մոտ խոնարհվելու, ապա մեր մեջ Նրանից ինչ-որ բան է ներդրվում: Այնպես որ, ոչ միայն արտաքնապես լավն ենք դառնում, այլև պիտանի ու օգտակար: Եվ Նրա ներկայության մեջ սպասելով՝ թույլ ենք տալիս, որ մեր յուրաքանչյուր ծառայություն ծնունդ առնի Տիրոջ հետ մեր հարաբերություններից:

Հոգևոր պատերազմը և սպասավորությունը պիտի սկսվի երկրպագությունից…