Քայլ դեպի անհայտություն. Ջոյս Մայեր

Շատերը, այդ թվում և ես, հաճախ ենք բախվում ինչ-որ անհայտ մի բանի: Մենք այդ երևույթին անծանոթ ենք, երբեք նման մի բանի հետ գործ չենք ունեցել, ուստի մեր բնական արձագանքն է. թողնել ու վերադառնալ նրան, ինչը մեզ քաջ հայտնի է ու սովորական:

Մենք միշտ վախ ենք ունենում ինչ-որ մի նոր բանի առջև: Բայց մտածեք ինքներդ. այն, ինչով դուք հիմա զբաղվում եք, չէ՞ որ նույնպես մի ժամանակ նոր էր ձեզ համար: Հեսուի գրքի առաջին գլխում մի մարդու մասին է խոսքը գնում, ում Աստված պատվիրել էր հիասքանչ մի հանձնարարություն. ես վստահ եմ, որ նա պատրաստ չէր դրան: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպես էր իրեն զգում Նավեան Հեսուն, երբ Մովսեսի մահից հետո Աստված ասաց, որ այժմ ինքն է առաջնորդելու Իսրայելի ժողովրդին Խոստացված երկիր:

Բնականաբար, Աստված գիտեր, որ Հեսուն գլուխ կհաներ այդ հանձնարարությունից, և ահա, թե ինչ Նա ասաց նրան. «Զորացիր և քաջ եղիր, որովհետև այս ժողովրդին դու պիտի ժառանգեցնես այն երկիրը, որի համար սրանց հայրերին երդում արի սրանց տալու համար» (Հեսու 1.6): Չեմ դադարում զարմանալ, թե որքան ուժեղ Աստված կօգնի մարդուն, եթե նա պարզապես հավատքի քայլ անի:

Փոխարենը վախենալու նոր հնարավորություններից, մենք պետք է ցնծանք, որ դրանք մեզ բաժին են հասել: Փոխարենը վախենալու նոր հանձնարարություններից, պետք է համարձակորեն դրանք հանձն առնենք: Թող բոլորը մեզ համոզեն, թե դա անիրական է. եթե մենք հավատքի քայլ անենք, ինչպես Հեսու Նավեն, և հետևենք Աստծուն, Նա կտա մեզ շնորհ առաջ գնալու և նպատակին հասնելու:

Ուժը ոչ թե մեր կատարելության, այլ Աստծո նախասահմանության մեջ է:

Իմ ծառայության սկզբում իմ մեջ միտք ծագեց տեղական հեռուստատեսությամբ թոք-շոու անցկացնել: Մենք հավաքեցինք կանանց խումբ, ովքեր Խոսքը լավ գիտեին, և վարձակալեցինք ստուդիա, որպեսզի նկարահանեինք մեր հեռուստահաղորդումները: Ես մտածում էի դրանք անել հարցազրույցների տեսքով, բայց ամենածիծաղելին այն էր, որ երբ ես որևէ մեկին հարց էի տալիս, ապա ինքս էլ պատասխանում էի այդ հարցին: Ինձ չէր հաջողվում լռել անգամ երկու վայրկյան, որպեսզի թույլ տայի որևէ մեկին պատասխանել իմ հարցին: Եվ գիտե՞ք, թե ինչ արձագանք մենք ստացանք հանդիսատեսից. անհետաքրքրություն, անտարբերություն. միայն կես տարի անց մենք ընդամենը մեկ նամակ ստացանք: Ինչո՞ւ մեր հաղորդումներն այդքան անհետաքրքիր էին հեռուստադիտողին: Որովհետև ես չէի համբերել, որ Աստված ինձ գաղափար տար, և գնացել էի իմ սեփական գաղափարն իրականացնելու հետևից:

Մի քանի տարի անց Աստված ասաց մեզ հեռարձակվել հեռուստատեսությամբ, իսկ մենք գաղափար անգամ չունեինք, թե ինչ էր պետք անել դրա համար: Միջոցառումների անցկացման համար նախատեսված մի դահլիճ վարձակալեցինք, որի առաստաղը շատ ցածր էր, սալահատակը վատ վիճակում էր, մի անկյունում բեմի նման մի բան կար, իսկ իմ հետևում՝ հետևի պլանում, կախված էր կապտագույն ինչ-որ կտոր՝ լոգարանի վարագույր հիշեցնող: Այդ ամենն այնքան անհեթեթ էր թվում, բայց հենց առաջին իսկ հաղորդման հեռարձակումից հետո 125 զանգ ստացանք: Մենք երջանիկ էինք:

Տեսնո՞ւմ եք. եթե մի բանի վրա կա Աստծո ձեռքը, ապա թեկուզ դա գեղեցիկ տեսք էլ չունենա և յուրահատուկ էլ չլինի, Նրա օծության շնորհիվ ամեն բան կստացվի:

Մի վախեցեք ոտք դնել անհայտության մեջ. այնտեղ ձեզ կարող է սպասել ձեր կոչումը:

Մեծ արտոնություն է՝ ապրել ոչ այնպես, ինչպես թելադրում են հանգամանքները, այլ համապատասխան նրան, թե ինչ է Աստված դնում ձեր սրտում: Եթե ձեզ մոտ չստացվի, ապա գոնե ձեզ կմխիթարի միտքը, որ դուք փորձեցիք:

Փորձեք հասկանալ, թե ինչի մեջ է ձեզ կանչում Աստված: Գտեք այն, ինչը կբերի ձեզ բավարարության զգացում, հասկացեք, թե ինչի դուք կարող եք հասնել և ինչպիսին դառնալ, հետո հավաքեք ձեր համարձակությունը և քայլ արեք դեպի այդ զարմանահրաշ, հիշարժան ուղին, որը կփոխի ձեր կյանքը:

Երբ կձեռնարկեք այդ լիովին նորն ու անհայտը, որպեսզի կատարեք Աստծո կամքը, ապա, հնարավոր է, Աստված ձեզ ընդհանուր ծրագիրը ցույց չտա, այլ փուլ առ փուլ, քայլ առ քայլ կառաջնորդի ու կուղղորդի ձեզ:

Ես խորհուրդ եմ տալիս ձեզ սկսել զբաղվել նրանով, ինչով տարված է ձեր սիրտը, որովհետև միակ բանը, որ կարող է բերել ձեզ բավարարվածություն ձեր կյանքում և ծառայության մեջ, դա կատարումն է այն բանի, ինչի մեջ ձեզ կանչել է Աստված: