Ուսանողուհին միջոց է հնարել, որով փրկում է մարդկանց ինքնասպանությունից

«Ուիրմուտ» կամուրջը անգլիական Սանդերլենդ քաղաքում տարբերվում է ոչ միայն իր ինքնատիպ ճարտարապետությամբ, այլև այն բանով, որ այստեղ կատարվում են բազում ինքնասպանություններ:

Բայց 18-ամյա Փեյջ Հանտերին հաջողվում է ինչ-որ չափով շտկել դրությունը, և ըստ մասնագետների հաշվարկների՝ նա կարողացել է փրկել նվազագույնը 6 հոգու: Իսկ միջոցը, որով աղջիկը դա անում է, մասնագետները կոչում են նորարարական. նրանց կարծիքով, այն օգնում է «հասնել նրանց, ովքեր նման ծանր շրջանով են անցնում». գրում է gcshelp.org-ը:

Փեյջ Հանտերը 18 տարեկան է: Նա սովորում է Սանդերլենդից ոչ հեռու գտնվող Իստ Դյուրեմ քոլեջում և աշխատում խանութում: Աղջիկը մանկությունից տարբերվում էր իր բարությամբ և դրական տրամադրվածությամբ: Մի օր Փեյջի մոտ հիասքանչ գաղափար է առաջանում. կամրջի ողջ երկայնքով կախել ոգեշնչող և քաջալերող խոսքերով թղթեր, որոնք ապրել շարունակելու զորություն կտան այն մարդկանց, ովքեր գալիս են այդտեղ իրենց կյանքին վերջ տալու:

Աղջիկը որոշում է դրանք գրել գունավոր գրիչներով գունավոր թղթերի վրա, որպեսզի իր գրառումներին առավել ջերմություն հաղորդի: Նա այդ քաջալերական գրառումները կախում է տխրահռչակ կամրջով մեկ՝ ավելի քան 40 տեղերում: Որոշների վրա թողնում է տեղական հոգեբանական օգնության ծառայության հեռախոսահամարը, որով հետագայում զանգում է 6 հոգի:

«Ուժե՛ղ եղիր, որովհետև ամեն բան լավ է լինելու: Գուցե, հիմա քո հոգում անձրև է, բայց անձրևն էլ մեկ օր դադարում է»:

«Խորը շունչ քաշիր: Մի քայլ հետ գնա: Պետք չէ՛: Մեզ համար միևնույնը չէ, թե ինչ ես դու անում»:

«Անգամ չփորձես խաչ քաշել քո կյանքի վրա: Ո՛չ այսօր: Ո՛չ էլ վաղը: Երբե՛ք»:

Շուտով այս նախաձեռնության մասին իմանում է տեղական ոստիկանությունը, որը որոշում է աղջկա այս քայլը գնահատել պատվոգրով: Նրանք արդեն նշել են այդ մասին թվիթերյան իրենց էջում՝ աղջկա գրառումները «հույսի ուղերձներ» կոչելով, որոնք օգնում են «մխիթարելու նրանց, ովքեր հուսահատության մեջ են»:

«Պարզապես ցանկանում եմ օգնել մարդկանց»,- ասել է Փեյջը՝ պատվոգիրը ստանալիս:

Մարդիկ, ում նման շրջադարձային պահերի օգնել են աղջկա գրառումները, կիսվել են իրենց սոցկայքի էջերում և շնորհակալություն հայտնել հեղինակին: Ահա դրանցից մեկը.

«Այդ օրը ժամը 18.00-ին ես քայլում էի կամրջով հաստատակամ մտադրությամբ՝ ինքնասպանությամբ վերջ տալու կյանքիս, երբ հանկարծ տեսա գունավոր թղթեր՝ մոտ 40 հատ ամեն կողմից: Այդ պահին, երբ գրեթե բարձրացել էի կամրջի վրա, հայացքս ընկավ թղթերից մեկին. «Ուժե՛ղ եղիր, որովհետև ամեն բան կկարգավորվի: Գուցե հիմա քո հոգում անձրև է, բայց անձրևները մեկ օր դադարում են»: Եթե չլինեին այդ խոսքերը, հիմա կլինեի գետի խորքում, և իմ հարազատների սրտերը կոտրված կլինեին: Այս պատճառով շնորհակալ եմ քեզ»:

Փեյջը չի պատրաստվում կանգնել և արդեն հնարել է նոր գրառումներ՝ կամրջով անցնողների համար: