Թուրքիայի հայաբնակ Վագըֆ գյուղում թանգարան կբացվի․ կազմակերպիչները կոչ են անում աշխարհասփյուռ մուսալեռցիներին աջակցել նախագծին

Թուրքիայի հայաբնակ Վագըֆ գյուղում թանգարան կբացվի․ կազմակերպիչները կոչ են անում աշխարհասփյուռ մուսալեռցիներին աջակցել նախագծինԱյժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Հաթայի նահանգի մեջ մտնող և մինչ օրս հայաբնակ մնացած Վագըֆ գյուղում շուտով կբացվի գյուղի պատմությանն ու մշակույթին նվիրված թանգարան, որն այստեղ ժամանող զբոսաշրջիկներին առավել մանրամասն կպատմի կիլիկիահայության՝ Թուրքիայում մնացած վերջին համայնքի անցյալի մասին։

Ինչպես փոխանցում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը, թանգարանի հիմնադրման հետ կապված աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև մյուս տարվա օգոստոս:

Նախագծի հեղինակները կոչ են հղել աշխարհի տարբեր անկյուններում բնակվող մուսալեռցիներին՝ Վագըֆի ու Մուսալեռի հետ կապված ցանկացած արխիվային նյութ, լուսանկար, նամակ կամ փաստաթուղթ ունենալու դեպքում կապ հաստատել իրենց հետ ու կիսվել դրանցով։

Նշվում է, որ թանգարանը հագեցած կլինի ժամանակակից տեխնիկական սարքավորումներով, այցելուներին կներկայացվեն նաև Վագըֆի բարբառի առանձնահատկությունները, ավանդական երգերն ու պարերը, խոհանոցն ու այլ մշակութային առանձնահատկություններ։

Վագըֆ գյուղը պատմական Կիլիկիայի տարածքում՝ Մուսալեռան լանջերին գտնվող վերջին հայկական գյուղն է:

Այն հաճախ անվանում են Թուրքիայի միակ հայկական գյուղը, քանի որ այն միակն է, որ ունի գործող եկեղեցի և երկրում պաշտոնապես գրանցված է որպես քրիստոնեական հայկական համայնք, մինչդեռ մահմեդականացված կամ ծպտյալ քրիստոնյա հայերի մի շարք գյուղեր ամբողջ Թուրքիայի տարածքում նման գրանցում չունեն՝ պետության ու պատրիարքարանի կողմից գրանցված և գործող եկեղեցի չունենալու պատճառով:

Աղբյուրը՝ tert.am