Ինչու գերհոգևոր մարդիկ չեն կատարում Աստծուց իրենց տրված կոչումը

Գերհոգևոր մարդիկ հաճախ սպասում են, թե Աստված կանի այն, ինչ իրականում Նա չի պատրաստվում անել:

Առաջին հայացքից՝ հոդվածի վերնագիրը կարող է զարմանք առաջացնել: Հատկապես նրանց, ովքեր կարծում են, թե իմ կյանքը նշանավորվում է գերբնականի վրա կենտրոնանալով:

Եվ նրանք ճիշտ են. իմ ողջ կյանքի ու ծառայության ընթացքում ես հիացել եմ Աստծո զարմանալի գործերով և հրաշքներով: Ես ինքս էլ ամեն անգամ զարմանում եմ, երբ մտածում եմ այն մասին, թե որքան հաճախ է Աստված դուրս եղել բնականի ու սովորականի շրջանակներից իմ կյանքում:

Ապրելու, առաջ շարժվելու, աղոթելու և գիշեր-ցերեկ Հոգով առաջնորդվելու կոչը քննարկման ենթակա չէ: Բացի այդ, հենց այս ամենի մեջ է քրիստոնեական կյանքն իմաստ ստանում և բերում ազատություն ու ճշմարիտ ուրախություն:

Եվ իմ նպատակն այն չէ, որ մարդկանց կոչ անեմ հրաժարվել հոգևոր կյանքից: Փոխարենը, այսօր ուզում եմ փորձել անդրադառնալ այն սխալին, որը բազում մարդկանց դարձնում է այնքան հոգևոր, որ նրանք չեն ճանաչում Աստծուց իրենց տրված կարողությունները և հնարավորությունները: Նրանք ԳԵՐհոգևոր են, փոխարենը լինեն հոգևոր անհրաժեշտ չափով: Փոխարենը լինեն գործունյա մարդիկ, նրանք անվճռական են:

Սովորական մարդն ունի զարմանահրաշ հնարավորություններ

«Եվ ասացին. եկեք մեզ համար մի քաղաք շինենք և մի աշտարակ, և նրա գլուխը մինչև երկինքը լինի, և մեզ համար անուն ստանանք, որպեսզի չցրվենք բոլոր երկրի երեսի վրա։ Եվ Եհովան իջավ մարդկանց որդիների շինած քաղաքը և աշտարակը տեսնելու։ Եվ Եհովան ասաց. ահա մեկ ազգ է և մեկ լեզու նրանց ամենի համար, և ահա սկսեցին շինել. և հիմա նրանց համար դժվար չի լինի ինչ որ խորհեցին՝ շինելու» (Ծննդոց 11.4-6):

Աստված ամեն մարդու օժտել է մեծ ունակություններով՝ քրիստոնյա լինի նա, թե՝ ոչ: Իհարկե, բոլոր մարդկանց պարգևները, տաղանդները տարբեր են, բայց ճշմարտությունն այն է, որ Հիսուսին նվիրված կյանքի սահմաններից այն կողմ էլ մարդիկ ունակ են զարմանահրաշ գործեր անելու:

Մի պահ մտածեք Գիզայում Մեծ Բուրգը կառուցելու մարդկանց մտքի և կարողությունների մասին: Անգամ այսօր ամենափայլուն ուղեղները ցնցված են հնագույն ճարտարապետության ձեռքբերումներով: Մի պահ մտածեք Մեծ Չինական Պատի մասին կամ աշխարհում ամենաբարձր երկնաքերների կամ այլ հրաշքների մասին: Տեխնոլոգիաների մակարդակը, որն անհրաժեշտ է եղել այդ ամենի կառուցման համար, իրապես ցնցող է:

Հիշեք անցյալի գյուտերը, որոնք այսօր փոխել են մեր կյանքը, բժշկական ձեռքբերումները, ավիացիայի և տիեզերագնացության ոլորտի հայտնագործությունները: Այդ բոլորը չէ, որ կատարվել են հոգևոր մարդկանց ձեռքերով: Սովորական մարդիկ նույնպես արարում են հրաշքներ:

Մարդիկ կառուցում էին Բաբելոնի աշտարակը, և Աստված գիտեր, որ նրանք ունեն բավարար կարողություններ դրա համար, ահա թե ինչու Նա խառնվեց և կանգնեցրեց այդ աշխատանքը: Եթե անհավատները ու անգամ չար մարդիկ այդքան շատ բան են անում, ինչո՞ւ են այդ դեպքում քրիստոնյաները գործելու փոխարեն, երբեմն դառնում գերհոգևոր և ենթադրում, որ եթե իրենք ոչինչ չանեն, ապա մի բան վերջում կստացվի. «Ես սպասում եմ, թե երբ Աստված դուռ կբացի», կամ «Աստված դեռևս չի խոսել ինձ հետ այդ մասին»:

Ես հանդիպել եմ նման մարդկանց: Նրանք սիրում են հոգևոր կյանքով ապրել, բայց հոգևոր կյանքն այդ որևէ կերպ չի անդրադառնում իրենց առօրյա կյանքի վրա: Նրանց առաջընթացը կիսամարգարեական խոսքերի հեղեղն է, որոնցով նրանք կիսվում են եկեղեցում, ֆեսբուքյան իրենց էջերում կամ մեկի հետ, ով պատրաստ է լսել:

Նրանք սիրում են խոսել գերբնական հայտնությունների (կամ ավելի ճիշտ՝ ֆանտազիաների) մասին, բայց երբ գործը հասնում է մի բան անելուն, նրանք վերադառնում են իրենց առեղծվածային, մառախլապատ գոյության մեջ: Նրանք ավելի նմանվում են սարում աշխարհից կտրված մի ճգնավորի, քան Աստծո Արքայության համար բահն իր ձեռքը վերցրած մարդու: Նրանք կարծում են, թե բավականաչափ իմաստուն և հասուն են, բայց իրականում նրանք հոգևորապես հասուն չեն և քիչ բան են անում ինչպես հոգևոր, այնպես էլ ֆիզիկական իմաստով:

Այո՛, մենք պետք է զարգացնենք մեր փոխհարաբերությունները Հիսուսի հետ: Մենք պետք է ունենանք մեր ծածուկ սենյակը, որտեղ հանդիպում ենք Աստծո հետ գերբնական ձևով: Մենք պետք է լինենք մարգարեներ և վառվենք Հիսուսի համար: Ուղերձս այլ է. մենք պետք է նաև դուրս գանք ծածուկ սենյակից և գործենք:

Դուք պետք է քայլ անեք

Աստվածաշունչն ասում է, որ արդարի քայլերը Տերն է ուղղորդում: Մենք կարող ենք համոզված լինել, որ Աստված մեզ հետ է, եթե մենք քայլ ենք անում Իր հետ գործելու:

Մենք շատ հաճախ նայում ենք երկինք՝ սպասելով մի նշանի, որպեսզի քայլ անենք կամ որոշում կայացնենք: Դադարե՛ք նայել, այլ քայլ արեք, գնացեք: Դադարե՛ք սպասել, որ Աստված ինչ-որ բան կանի: Նա արդեն ձեզ ունակ է դարձրել շատ բան անելու:

Գրեք գիրք այս տարի: Բիզնես սկսեք: Պատմեք մարդկանց Հիսուսի մասին: Սկսեք ծառայել: Սկսեք իրականացնել այն, ինչ վառվում է ձեր սրտում: Պե՞տք է արդյոք իմաստություն խնդրել ամեն որոշում կայացնելուց առաջ: Այո՛, իհարկե:

Ես ու կինս վայելում էինք հիասքանչ կյանք, որովհետև հաճախ դուրս էինք գալիս հարմարավետության շրջանակներից և գնում դեպի նոր ձեռքբերումներ:

Քանի որ մենք սովոր էինք ապրել, աղոթել և գործել Հոգով, մենք գիտեինք, որ Աստված կուղղի մեզ, եթե դա չլինի Իր կամքը: Մենք կգնանք, մինչև Աստված չասի՝ «կանգ առեք»: Այլ տարբերակ է՝ սպասելը, մինչև Աստված չհաստատի, որ դա Իր կամքն է: Ասեմ ձեզ, որ դա ճիշտ որոշում չէ, եթե ոչ միշտ, ապա հաճախ: Ունեցեք այնքան մտերիմ փոխհարաբերություններ Հիսուսի հետ Նրա գերբնական իրականության մեջ, որպեսզի կարողանաք առաջ շարժվել առանց կանգառների՝ իմանալով, որ անհրաժեշտության դեպքում՝ Աստված կուղղի ձեր կյանքը:

Դուք կարող եք անել դա

Աստված սիրում է ձեզ, և Նա ձեր կողմից է:

Ապրեք Հոգու մեջ: Աղոթեք Հոգով: Շարժվեք՝ Սուրբ Հոգու հետ համագործակցելով: Եղեք հոգևոր: Մի ապրեք գերհոգևոր կյանքով: Դա կարող է կանգնեցնել ձեզ և ձեր հոգևոր աճը:

Աստված ունի ծրագիր ձեզ համար, և Նա պատրաստ է ուղղորդելու ձեզ և անհրաժեշտության դեպքում՝ ուղղելու ձեր քայլերը, եթե միայն դուք գնաք:

Ջոն Բերթոն