Ես արթնանում եմ առավոտյան ժամը 5-ին… և դա փոխում է իմ կյանքը

Նախկինում ատում էի առավոտը: Եթե առավոտը մարդ դառնար և կարողանար շնչել, ես կհանդիպեի նրան մի մութ անկյունում և կհարվածեի ուղիղ երեսին… երկու անգամ:

Ես միշտ նախընտրում էի մինչև ուշ գիշեր արթուն մնալ, որովհետև համարում էի, թե գիշերվա ժամերը իմ ամենաարդյունավետ ժամերն են: Ես միշտ քնում էի մինչև ուշ առավոտ և արթնանում փնթփնթալով: Ինչ-որ մեկը հասկանո՞ւմ է, թե ինչի մասին եմ խոսում:

Վերջերս ձեռքս ընկավ մի գիրք, որը լիովին փոխեց առավոտ ասվածի իմ ընկալումը: Այն կոչվում էր «Ով վաղ է արթնանում»: Նրանում հեղինակը ընթերցողներին մարտահրավեր էր նետում՝ արթնանալ առավոտյան ժամը 5-ին, և տալիս գործնական խորհուրդներ, թե ինչպես անել դա:

Գուցե դուք ունեք ցանկություն՝ վերջ տալու այս հոդվածի ընթերցանությանը, բայց խնդրում եմ ձեզ լսել ինձ մինչև վերջ:

Նախկինում մտածում էի, թե ուշ քնելն ու վաղ արթնանալը ոչ մի կերպ չի ազդում իմ արդյունավետության վրա, բայց հետո կարդացի այս գիրքը և սկսեցի վաղ արթնանալ: Եվ դա փոխեց իմ կյանքը:

Հիմա ավելի քան երբևէ հավատում եմ, որ վաղ արթնանալը տանում է ավելի արդյունավետ ու նշանակալի կյանքի: Թույլ տվեք կիսվել փաստարկներով:

  1. Հիսուսն արթնանում էր վաղ առավոտյան

Ավետարանների հեղինակները հաճախ են գրում, որ Հիսուսը վաղ էր արթնանում (Մարկոս 1.35, Ղուկաս 4.42): Հիմա գուցե մտածում եք, թե դա ոչինչ չի նշանակում: Բայց ես կարծում եմ, որ Նա տեսնում էր իմաստ դրանում: Նաև կարծում եմ, որ եթե Ավետարանների հեղինակները գրում են այդ մասին ավելի քան մեկ անգամ, ապա անհրաժեշտ է դա ուշադրության տակ առնել: Գուցե դա հենց մեզ համար է գրված:

  1. Ավելի քիչ շեղումներ

Վաղ արթնանալու իմ կարճ փորձառությունից հասկացել եմ, որ այդ ժամանակ ավելի քիչ են մեզ շեղող բաները: Ես ունեմ երկու փոքր որդի: Երեխաները անհամբեր են և միշտ ինչ-որ բան ցանկանում եմ: Ես սիրում եմ խաղալ նրանց հետ: Եվ առավոտը լավ ժամանակ է՝ առանձնանալու Աստծո հետ:

  1. Ավելի շատ ուժ և ուշադրություն

Վաղ արթնանալուց հետո հասկացա, որ նախկինում առավոտը վերահսկում էր ինձ: Իսկ երբ ինչ-որ բան վերահսկում է քեզ, դա լավ չէ: Երբ ես քնում էի մինչև առավոտյան 9-ը, ինձ արթնացնում էին, ես բարկանում էի, այլևս ժամանակ չէր մնում երեխաների հետ անցկացնելու: Անհաջող համադրություն:

Բայց վաղ արթնանալով՝ ես եմ վերահսկում իմ ժամանակը: Եվ դա ինձ թույլ է տալիս կատարել ամենը, ինչ ծրագրել եմ: Ես ժամանակ եմ անցկացնում խոսքի ու աղոթքի մեջ: Եվ այդ ամենը մինչև երեխաների արթնանալը:

  1. Դուք ավելի քիչ կզբաղվեք ՈՉ ՆՇԱՆԱԿԱԼԻ գործերով

Վաղ արթնանալ՝ նշանակում է նաև շուտ քնել: Սա էլ ենթադրում է ժամանակի արդյունավետ օգտագործում: Եվ գիտեք, կյանքը պակաս լավը չէ առանց հեռուստացույցի և սոցցանցերի:

  1. Դուք կունենաք ավելի շատ ժամանակ ուրիշներին ծառայելու համար

Մենք չենք կարող օգնել ուրիշներին, եթե ինքներս լցված չենք Աստծո Խոսքով ու աղոթքով: Երբ իմ օրը սկսում եմ՝ թույլ տալով Աստծուն լցնել ինձ, դա հնարավորություն է տալիս լինել պտղաբեր և լցնել ուրիշներին: Իսկ սա էլ հենց քրիստոնեական կյանքի իմաստն է:

Եթե պայման չենք ստեղծում՝ ինքներս մեզ «լիցքավորելու» հոգևորապես, ֆիզիկապես և մտավորապես, ապա չենք կարողանա օգնել ուրիշներին:

Մի քանի օգտակար միտք, որ կօգնեն ձեզ կազմակերպել ձեր առավոտը.

  1. Հեռու մնացեք սոցմեդիայից և էլեկտրոնային փոստից:
  2. Պատրաստեք օրվա ծրագիր: Եթե չունենաք ծրագիր, գուցե պատճառ չգտնեք առավոտյան վաղ արթնանալու համար:
  3. Առավոտը ձեր ժամանակն է:
  4. Դուք ՊԵՏՔ է շուտ քնեք:
  5. Սա մարտահրավեր է, որը հեշտ չի տրվելու:
  6. Ոչ մի «ևս 5 րոպե»:
  7. Եղեք ճկուն: Իրավիճակները կարող են տարբեր լինել: Գուցե երեխաները վաղ արթնանան: Գուցե դուք հիվանդանաք: Բայց թույլ մի տվեք, որ մի քանի խախտումները փչացնեն ողջ պատկերը:
  8. Հավատացեք, որ այդ ժամանակը կբերի փոփոխություն ձեր կյանքում:

Վաղ արթնանալը մարտահրավեր է՝ գերագույնս ձեր կյանքն օգտագործելու:

Ֆրենկ Փաուել