Հենդելի արթնությունը

Հենդելի արթնությունըԼսելով հռչակավոր խմբերգ «Ալելույա»-ն, որ տարբեր երգչախմբերի կատարմամբ հնչում է արդեն 300 տարի՝ հոգուդ մեջ ինչ-որ բան է բարձրանում. ցանկանում ես կանգնել ու երգել երգչախմբի հետ:

Այդ հիասքանչ ստեղծագործության հեղինակ Ֆրեդերիկ Հենդելն ունի շատ հետաքրքիր և ուսուցողական կենսագրություն քրիստոնյաների համար:

Նա ծնվել է Գերմանիայում՝ ապահովված բժշկի ընտանիքում, նույն տարում, երբ ծնվել է նաև Բախը:

Հայրը միշտ երազել է, որ որդին իրավաբան դառնա: Բայց Ֆրեդերիկին ձգում էր երաժշտությունը: Մեծ դժվարությամբ է հայրը համաձայնվում որդուն երաժշտական դպրոց ուղարկել:

Շնորհալի տղան մի քանի տարի անց արդեն կոմպոզիտոր էր: 20 տարեկանում նրան արդեն գիտեին Իտալիայի և Անգլիայի երաժիշտներն ու երաժշտություն սիրողները: Որպես կոմպոզիտոր՝ Հենդելը շատ պտղաբեր էր, նա գրում էր շատ լավ ու, միևնույն ժամանակ, շատ արագ: Երաժշտությունն այնքան նպատակասլաց կերպով էր ծնվում նրա մեջ, որ հազիվ էր հասցնում գրի առնել:

Հետաքրքիր է, որ այդ ժամանակ դեռ ոչ հայտնի կոմպոզիտոր Բախը միշտ երազում էր հանդիպել Հենդելին, բայց այդ հանդիպումն այդպես էլ տեղի չի ունենում, թեկուզ և նրանք անգամ միևնույն բժշկի այցելուներն էին:

Փառքը միշտ ուղեկցել է Հենդելին՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող կոմպոզիտորին: Այն ժամանակ մարդիկ անգամ պատրաստ էին կռվելու՝ միայն թե ներկա գտնվեին Հենդելի համերգներին:

Բայց գնալով նրա փառքը սկսում է մարել, քանզի մարդիկ սովորաբար ամեն ինչից էլ ձանձրանում են: Ժողովուրդը դադարում է գնալ նրա համերգներին: Նրա նոր ստեղծագործություններն այլևս չեն հետաքրքրում ունկնդիրներին, և շուտով նրան համարում են «հնաոճ»:

Հենդելն այդ ժամանակ մոտ հիսուն տարեկան էր: Կորցնելով իր անունը, դրա հետ միասին կաթված ստանալով և կորցնելով տեսողությունը՝ նա ընկնում է խորը դեպրեսիայի մեջ և մեկուսանում է:

Եվ մի առավոտ նա նամակ է ստանում մեկից, ով նախկինում շատ բարձր էր գնահատում իր արվեստը: Ծրարում Սուրբ Գրքից հատվածներ են լինում դրված: Դրանցից մեկը հատկապես դիպչում է կոմպոզիտորի սրտին. «Մխիթարեցեք, մխիթարեցեք իմ ժողովրդին, ասում է ձեր Աստվածը» (Եսայի 40.1): Այս խոսքն այնպես է ազդում Հենդելի վրա, որ 1741 թ-ի օգոստոսի 22-ին նա որոշում է կայացնում ու նորից սկսում աշխատել:

Այն, ինչ վերապրել էր նա իր անկման տարիներին, սկսում է լավ ազդեցություն ունենալ հենց իր վրա. բնավորությունը փափկում է, նոր ստեղծագործությունները նախկիններից ավելի հուզիչ են դառնում. բոլորը նա նվիրում է Հիսուս Քրիստոսին: Հենց այս ընթացքում է Հենդելը գրում իր ամենալավ ստեղծագործությունները, որոնցից մեկն էլ հենց «Ալելույա» խմբերգն է:

Այս հրաշալի խմբերգի առաջին բեմելի ժամանակ Անգլիայի թագավոր Գեորգ 2-րդը ոտքի է կանգնում՝ արտահայտելով իր խորը ակնածանքը Արարչի հանդեպ: Եվ մինչ այժմ ամեն անգամ «Ալելույա»-ի կատարման ժամանակ հանդիսատեսը ոտքի է կանգնում:

Հենդելը նորովի է ճանաչում ստանում և շարունակում է ստեղծագործել մինչև կյանքի վերջին օրերը:

Աղբյուր՝ bogoblog.ru