Ձեր կոչման ապացույցը

Երկար տարիներ շարունակ ես լսում էի, թե ինչպես էին մարդիկ պատմում առաքյալ, մարգարե դառնալու իրենց կոչման մասին, կամ թե ինչպես մեկ օր գնալու են միլիոնավորներին փրկելու:

Նրանցից շատերը, սակայն, այնքան էլ չեն առաջացել այդ գործում: Նրանք, ովքեր նման բաների մեջ են կանչված, չեն խոսում այդ մասին և չունեն գեղեցիկ այցեքարտեր:

Այնուամենայնիվ, վերջերս ես մի հայտնություն ստացա Ա Թագավորաց գրքից, որը ցնցեց ինձ: Կա կոչում, իսկ կա նաև ժամանակ, երբ «մտնում ես կոչման մեջ»: Դավիթը կանչվում է, երբ դեռ փոքր երեխա էր, բայց թագավոր է դառնում ավելի ուշ: Նույնը կատարվում է Սավուղի հետ:

Ինչ եք կարծում՝ քանի՞ տարեկան էր Սավուղը, երբ հոր էշերին էր հետևում: Սա կարևոր է, որովհետև երբ կարդում եք պատմությունը, տպավորություն է ստեղծվում, թե նա երիտասարդ չամուսնացած տղա է, գուցե 20 կամ պակաս տարեկան: Իսկ երբ նա դառնում է թագավոր, գրված է, որ այդ ժամանակ արդեն 30 տարեկան էր:

Էշերը գտնելու անհաջող փորձերից հետո Սավուղի ծառան պատմում է նրան Սամուել մարգարեի մասին: Սավուղը անգամ չգիտեր, թե ով է Սամուելը, և խոսքը Իսրայելի ապագա առաջնորդի մասին է: Երբ Սավուղը գտնում է Սամուելին, նա անգամ չի ճանաչում նրան:

«Եվ Սավուղը դռան մեջտեղը Սամուելին մոտեցավ և ասաց. աղաչում եմ, ինձ ցույց տուր ո՞ւր է տեսանողի տունը։ Եվ Սամուելը պատասխանեց Սավուղին և ասաց. տեսանողը ես եմ. վեր եկ առաջս բարձր տեղը, և այսօր ինձ հետ կերակուր կերեք. և էգուց քեզ ճանապարհ կդնեմ և բոլոր սրտումդ եղածը քեզ կպատմեմ» (Ա Թագավորաց 9.18-19):

Նա ասում է Սավուղին, որ վերջինս թագավոր է դառնալու, և Սավուղին իսկապես զարմացնում է այդ լուրը: Երբ Սամուելը կանչում է ողջ Իսրայելին՝ Սավուղին թագավոր հռչակելու, ի՞նչ է վերջինս անում. նա թաքնվում է (Ա Թագավորաց 10.22):

Նա դեռ տղամարդ չէր, նա տղա էր: Նա չգիտեր՝ ինչ աներ որպես թագավոր:

Հաջորդ գլխում արդեն մենք տեսնում ենք Սավուղին դաշտում աշխատելիս: Շատերը կարծում են, թե դա հաջորդ օրն էր, բայց կարծում եմ, որ դա կատարվում է առնվազն մեկ տարի անց: Այդ ժամանակ իսրայելացիները որոշեցին պատերազմել Ամմոնացի Նաասի դեմ: Եվ պատգամավորներ ուղարկեցին իսրայելացիներին՝ հույսով, թե մեկը կօգնի իրենց:

Երբ սուրհանդակները եկան Սավուղի Գաբբան՝ ժողովրդին այդ խոսքերը փոխանցելու, այդ իմանալով ժողովուրդը բարձր ձայնով լաց եղավ: Այդ լուրը հասավ նաև Սավուղին, ով այդ ժամանակ դաշտից հետ էր դառնում:

«Եվ Աստծո Հոգին Սավուղի վրա եկավ այս խոսքերը լսելիս, և նրա բարկությունը շատ բորբոքվեց» (Ա Թագավորաց 11.6):

Սավուղը ստացել էր կոչում՝ թագավոր դառնալու, բայց հիմա նա ստացավ օծություն՝ լինելու առաջնորդ Իսրայելի վրա: Նա իր վրա պատասխանատվություն է վերցնում և գլխավորում առաքելությունը՝ թշնամուն պարտության մատնելու: Եվ հիմա, հանկարծ, ողջ Իսրայելը պատրաստ էր հետևելու Սավուղին՝ որպես թագավորի:

Ստացվում է, որ երբ Սավուղը թագավոր հռչակվեց, նա շարունակում էր ապրել սովորական կյանքով: Բայց մեկ օր Աստծո Հոգին իջավ նրա վրա, և նա առաջնորդեց մարդկանց, ինչպես վայել է առաջնորդին: Երբ մարդիկ տեսնում են նրա ծառայության պտուղը, միաձայն ընդունում են Սավուղին՝ որպես թագավոր:

Շատ մարդկանց ծառայության մեջ անհանգստացնում են տիտղոսները: Հիսուսին, սակայն, անհանգստացնում է այն, որ մենք պտուղ ունենանք: Հիսուսը սովորեցնում է մեզ՝ չկենտրոնանալ տիտղոսների վրա:

«Սիրում են ընթրիքներում առաջին բազմոցը, և ժողովարաններում առաջին աթոռները, և փողոցների մեջ բարևները. և մարդկանցից Ռաբբի Ռաբբի կոչվելը։ Բայց դուք Ռաբբի չկանչվեք, որովհետև մեկն է ձեր ուսուցիչը՝ Քրիստոսը. և դուք ամենքդ եղբայր եք։ Եվ երկրի վրա մեկին ձեզ հայր չկանչեք, որովհետև մեկն է ձեր Հայրը՝ նա որ երկնքումն է։ Ոչ էլ ուսուցիչներ կանչվեցեք, որովհետև մեկն է ձեր Ուսուցիչը՝ Քրիստոսը» (Մաթևոս 23.7-10):

Հիսուսը, չեմ կարծում, թե խոսում է այստեղ այն մասին, որ տիտղոսները չարիք են, բայց եթե ձեր հպարտությունը ուռճանում է այդչափ, ապա դուք անառողջ վիճակում եք:

Ձեր պտուղը կապացուցի, թե որն է ձեր կոչումը, ոչ թե ձեր այցեքարտը, կայքէջը կամ ֆեյսբուքյան էջը: Աստծո պարգևը մեծ դուռ կբացի: Կոչումը չէ, որ մարդուն դարձնում է ինչ-որ մեկը, այլ նրանում քայլելն ու պտուղ բերելը:

Ռոն Կանտոր