Համաավետարանական երիտասարդական համագումար հայրենիքում

Ավարտվեց համաավետարանական երիտասարդական համագումարըՕգոստոսի 2-16-ը, աշխարհի 4 ծայրերից 100-ից ավելի Հայ Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) երիտասարդներ և ակտիվ ծառայողներ միացել էին Հայաստանի եւ Արցախի երիտասարդներին՝ Հայրենիքում:  Այս ծրագիրը կազմակերպվել էր Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) ֆինանսավորմամբ եւ աջակցությամբ՝ ԱՀԱԸ 100-ամյակի միջոցառումների շրջանակում: Նպատակը՝ հայրենիքին, ՀԱԵ 170-ամյա պատմությանը, իրենց ինքնությանը (թե՛ որպես հայ, եւ թե՛ որպես Հայ Ավետարանական քրիստոնյա) ինչպես նաեւ դրանցից բխող մարտահրավերներին ծանոթացնելն էր. գրում է amaa.am-ը:

Կոնֆերանսի կարեւորագույն բաժիններից մեկը՝ ՀԱԵ անցյալին, ներկային ու ապագային վերաբերող դասախոսություններն էին: Բանախոսների մի մասը՝ ԱՄՆ-ից եւ Մերձավոր Արեւելքից, վիդեոդասախոսությունների միջոցով ներկայացրեցին նյութը: Առաջին օրվա թեման ՀԱԵ անցյալն էր՝ պատմությունը, ձեւավորման պայմաններն ու սկզբունքային պատճառները: Երկրորդ օրը երիտասարդները լսեցին ՀԱԵ պաշտամունքի ոճի, ինչպես նաեւ ներկային վերաբերող այլ խնդիրների մասին: Երրորդ օրը ՀԱԵ ավագ հոգեւոր Հովիվ Վեր. Մկրտիչ Մելքոնյանը պատգամի միջոցով հորդորեց երիտասարդներին մտածել ՀԱԵ ապագայի մասին, փնտրել Աստծո կամքն ու տեսնել  իրենց առաքելությունն այդ կարեւոր գործում:

Համաավետարանական երիտասարդական համագումար հայրենիքումՅուրաքանչյուր դասախոսությունից հետո կոնֆերանսի մասնակիցները նյութը քննարկելու եւ վեր բարձրացված խնդիրների վերաբերյալ իրենց առաջարկները գրելու հնարավորություն ունեցան, որոնք ամփոփվեցին համագումարի նախավերջին օրը՝ օգոստոսի 15-ին: Առաջարկների ռազմավարական փաստաթուղթը նախատեսվում է ուղարկել ՀԱԵ համաշխարհային խորհրդին եւ աշխարհի բոլոր ծայրերում գործող ՀԱԵ հովիվներին, որպեսզի քննարկեն դրանց իրագործման հնարավորություններն ու կյանքի կոչելու ուղիները:

Սերտողություններից ու դասախոսություններից ազատ ժամերին երիտասարդները ծանոթացան հայկական մշակույթին՝ ժողովրդական երգեր ու պարեր սովորեցին, հայկական ավանդական փոխինձից մինչեւ խորովածի պատրաստման եղանակներին ծանոթացան, ցուցադրեցին իրենց տաղանդները:

Համաավետարանական երիտասարդական համագումար հայրենիքումՀամագումարի վերջին օրը Հանքավանի «Շիին Շողիկ» ճամբար էր այցելել նաեւ ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, ով իր խոսքում կարեւորեց համագումարն ու սփյուռքահայ երիտասարդների Հայաստանի կարիքավորներին ծառայելու պատրաստակամությունը (նախարարի այցի մանրամասները այստեղ՝ www.mindiaspora.am)։ Երիտասարդներին կոչ արվեց վերադառնալ Հայաստան՝ երկարաժամկետ կամ կարճաժամկետ ծրագրերով, եւ ծառայել հայրենիքին ներդնելով իրենց գիտելիքը, ընդունակություններն ու շնորհքները:

Ամփոփելով անցած 14 օրը կարելի է ասել, որ զգալի էր Աստծո ներկայությունը: Աղոթում ենք, որպեսզի այն հոգեւոր սնունդը եւ ուժը, որ երիտասարդները վայելեցին Հայրենիքում, իրենց հետ տանեն եւ նպաստեն իրենց եկեղեցիների ու ՀԱԵ միությունների աշխուժացմանը: Սա, թերեւս, երիտասարդների շրջանում ԱՀԱԸ 100-ամյակը տոնելու ամենակարեւոր տարբերակն էր:

Ամբողջական հոդվածը՝ amaa.am-ում