Բամբասանքը թույն է

Բամբասանքը թույն էՄի երեկո ես ընթրում էի իմ չորս ընկերների հետ, որոնց չէի տեսել շատ երկար ժամանակ:

Մենք հաճելի ժամանակ էինք անցկացնում՝ զրուցելով, քննարկելով տարբեր հարցեր, երբ հանկարծ իմ բերանից մի «փոքրիկ» բամբասանք դուրս թռավ, որը մտադիր չէի ասելու: Դա սեռական սխալ կողմնորոշում ունեցող մի կնոջ մասին էր:

Այդ մասին, սակայն, ես անձամբ նրանից չէի լսել և, ճիշտն ասած, ոչ մի իրական փաստարկ էլ չունեի: Իսկ այդ դեպքում՝ եթե անգամ ճիշտ էր իմ ասածը, միևնույնն է, ես իրավունք չունեի դա ասելու:

Գիտեք, անգամ հիմա այդ մասին գրելով՝ ես ինձ վատ եմ զգում: Եվ այդ պահին էլ, երբ դա ասացի, անմիջապես զգացի, թե ինչպես է ամոթը բարձրանում իմ մեջ: Ուրեմն ինչո՞ւ ասացի. գուցե խմածս երկու բաժակ գինի՞ն էր անզգույշ խոսքերիս պատճառը, գուցե հպարտությու՞նս, թե գիտեի մի նորություն, որն իմ ընկերները դեռ չգիտեին:

Իրականում ուրիշ տգեղ պատճառներ էլ կային: Բայց ես գիտեի, որ դա բարի քայլ չէր, լավ չէր և խելացի չէր:

Հիշեցի Քեմբրիջի համալսարանի էլեկտրոնային բառարանում «բամբասանք» բառի սահմանումը. «վատ զրույց կամ լուր մարդու անձնական կյանքից, որը ճշգրիտ չէ»:

Բամբասանքը թույն է՝ անկախ նրանից դո՞ւք եք նախաձեռնում, տարածում, լսում, թե՞ ձեր մասին են բամբասում: Այն նման է վարակի, որ տարածում է իր բացասական ազդեցությունն այն մարդկանց վրա, որոնք դիպչում են, իսկ վարակվելուց հետո դժվար է բուժվել:

Մենք պատասխանատու ենք ոչ միայն նրա համար, թե ինչ ենք տարածում, այլև՝ թե ինչ ենք լսում և ինչպես ենք արձագանքում:

Լսելուց առաջ նախ պետք է պարզել, թե ասողը ստացե՞լ է թույլտվություն այն մարդուց, ում խնդրի մասին պատրաստվում է այժմ խոսել, և արդյոք ճի՞շտ է, օգտակա՞ր է, բարի՞ է զրուցել տվյալ թեմայի շուրջ՝ չմոռանալով պարզել ինքներս մեզ համար, թե արդյոք կխոսեի՞նք տվյալ մարդու կամ նրա խնդրի մասին, եթե նա ներկա լիներ:

Հաճախ մարդկանց աղոթքի խնդրանքը տարածելով՝ մեզ թվում է, թե հոգ ենք տանում նրանց մասին՝ մյուսներին նույնպես ընդգրկելով աղոթքի մեջ, բայց սա նույնպես բամբասանք է՝ ծածկված ընդունելի հանդերձով:

Աստվածաշունչը շատ հստակ է ասում, որ բամբասանքը կործանարար է, այն չի արդարացնում հույսերը (Առակաց 11.13), բաժանում է մտերիմ ընկերներին (Առակաց 16.28) և կռիվ է գցում (Առակաց 25.9-10):

Մենք պետք է մեր ասելիքը զտենք այս կետերով:

Սառա Աբել