Ընդունի՛ր իրական ընկերությունը

Սիրիր քո ընկերոջը, ինչպես քո անձը«Ընկերը դժբախտության մեջ է ճանաչվում», «Ընկերոջ սիրտը ուրախությանդ մեջ կերևա», «Ուզու՞մ ես ճանաչել ընկերոջդ, հետը ճամփորդության գնա»…

Նման ասույթների շատ ենք հանդիպում, բայց այս ամենն այնքան էլ իրական չէ:

Այս խորհուրդները զուտ մարդկային կենսափորձից են գալիս, որոնք ամենքի կյանքում չէ, որ կիրառելն արդյունավետ կլինի:

Հավատացնում եմ ձեզ, որ իմ տխուր օրերին կողքիս եղել են բազում դավաճան մարդիկ, ովքեր իմ մասին բամբասում էին հենց այն ժամանակ, երբ ես դժբախտության մեջ էի, թեպետ մյուս կողմից օգնում էին ինձ շատ հարցերում:

Ճամփորդության ժամանակ էլ ունեցել եմ ընկերներ, որոնք իրոք ընկերներ էին մեծատառով, բայց երբ վերադարձանք հայրենիք, նրանք շատերի նման մոռացան մեր համատեղ անցկացրած լավ ու վատ օրերը:

Ուրախության մասնակցելն էլ չափանիշ չէ: Շատերը քեզ հետ ուրախանում են՝ սպասումով, որ քո ձեռքբերումներից անմասն չեն մնալու:

Ամենքի ժպիտով մի խաբվիր: Տխրությանդ ժամին էլ ոմանց կարեկցանքը թող քեզ չմոլորեցնի:

Ընկերության մասին փիլիսոփայական ասույթներն այնքան են լցնում մեր կյանքը, որ մոռանում ենք իսկական ընկերության չափանիշը:

Քո իրական ընկերը նա է, ով հանուն քեզ զոհել գիտի:

Երբ ուրախ ես, իսկ նա տխուր, ապա քո ուրախությունն ամրացնելու համար կժպտա իր տխրության միջից:

Երբ դու տխուր ես, իսկ նա ուրախությամբ լցված, ապա պատրաստ է զոհել ամեն բան, քանի դեռ ուրախ չի տեսնում քեզ:

Թե խրախճանքի եք, նա չի պարելու մինչև քեզ պարելիս չտեսնի:

Թե զվարճանքի եք, ապա չի ժպտա անգամ, մինչև դու չզվարճանաս:

Հաց էլ չի ուտի, մինչև դու սեղան չնստես:

Քո ընկերը նա է, որին չես տեսնի հարուստ, քանի դեռ դու աղքատ ես:

Նրան չես տեսնի կանգնած, քանի դեռ դու ընկած ես:

Չես տեսնի նրան լողալիս, քանի դեռ դու խեղդվում ես:

Իրական ընկերը միշտ քեզ մոտ է կանգնած:

Հիմա, երբ ընդունեցիր, որ զոհը ընկերության գլխավոր չափանիշն է, գուցե մտովի սկսեցիր փնտրել նման ընկերոջ քո կյանքում, բայց ո՛չ, այդ դու չէ, որ պիտի փնտրես նրան, այլ մինչ փնտրելդ նա արդեն կանգնած է կողքին:

Քո ամեն կարիքի լուծման մեջ նա ներդրում ունի: Դու իր կողքին քեզ զգում ես ապահով, իսկ իր մասին հիշում ես միայն հպարտությամբ ու ժպիտով:

Նման մարդու համար ինքդ էլ պատրաստ ես զոհելու: Հիմա տեսա՞ր նման մարդու քո կյանքում: Եթե նրան ընկեր չես համարել ուրեմն շտապիր ուղղել սխալդ ու ասել իրեն այդ մասին:

Իսկ եթե արդեն ընկերներ եք, ուրեմն շնորհավորում եմ. դու գանձ ես գտել:

Սիրիր քո ընկերոջը, ինչպես քո անձը (Մաթևոս 19.19):

Ռուբեն Կարոյան