Պլաչիդո Դոմինգոն խոստովանում է, որ աղոթում է ամեն ելույթից առաջ

Համաշխարհային հայտնիության օպերային երգիչ և դիրիժոր Պլաչիդո Դոմինգոն խոստովանում է, որ իր ամեն ելույթից առաջ աղոթում է:

Գերմանական «Frankfurter Rundschau» թերթին տված հարցազրույցում 77-ամյա իսպանացի արտիստը կիսվում է, թե որքան տեղին են եղել իր աղոթքները:

Այժմ Դոմինգոն երազում է ուխտագնացության մասին դեպի Սանտյագո դե Կոմպոստելա, բայց մինչ օրս ելույթներով հագեցած առօրյան թույլ չի տալիս իրականացնելու տարիների այդ երազանքը:

2016թ-ի մարտին աշխարհահռչակ երգիչը հատուկ նպատակով գալիս է Հռոմ՝ իր ընտանիքի՝ կնոջ, ում հետ ամուսնացած է արդեն 50 տարի, ինչպես նաև՝ երեխաների և թոռների հետ միասին՝ մասնակցելու Հռոմի Պապի հետ ընդհանուր հանդիպմանը: «Մենք վաղուց էինք ցանկանում մեր ամբողջ ընտանիքով հավաքվել ու ներկա լինել նման հանդիպմանը, զրուցել Պապի հետ»,- ասում է Դոմինգոն:

2008թ-ին հայտնի իսպանացի երգիչը երաժշտություն էր գրել Հովհաննես Պողոս 2-րդ Պապի բանաստեղծության համար: «Անսահման սեր» ալբոմում ներառվել էր 12 ստեղծագործություն՝ անգլերեն, իտալերեն և իսպաներեն լեզուներով:

Խոսելով ձայնասկավառակի ստեղծման մասին՝ երգիչը հիշեցնում է, որ դեռևս 2003թ-ին, երբ ինքը կատարում էր Հովհաննես Պողոս 2-րդ Պապի խոսքերի հիման վրա ստեղծված «Խաղաղության երգ» ստեղծագործությունը, հենց այդ ժամանակ էլ իր մոտ հղացել էր գաղափարը մի ամբողջ ալբոմ ձայնագրելու մասին:

«Ես խնդրեցի թույլտվություն Պապից, և նա օրհնեց ինձ»,- ասում է Պլաչիդո Դոմինգոն: