Նրանց, ում համար ծանր ժամանակներ են

«Ձեր բոլոր հոգսը նրա վրա գցեցեք, որովհետև նա հոգս է անում ձեզ համար» (Ա Պետրոս 5.7):

Չկա ավելի լավ միջոց տխրությունը ցրելու, քան գիտակցումը, որ Աստված հոգ է տանում քո մասին: Մի անարգիր քո հավատքը մշտական անհանգստությամբ այս կամ այն բանի համար: Արի՝ քո հոգսը դիր Տիրոջ վրա:

Դու ծնկել ես մի ծանրության տակ, որը Նրա համար թեթև մի բան է: Այն, ինչը քեզ թվում է անտանելի բեռ, Նրա համար ընդամենը փոշի է՝ կշեռքի նժարին դրված: Չկա ավելի հաճելի բան, քան հենց այսօր Տիրոջ ձեռքերին տրվելը՝ չիմանալով ոչինչ, բացի Նրա կամքից:

Տառապո՛ղ զավակներ, լցվեք համբերությամբ: Աստված Իր ամենատեսության մեջ քեզ չի մոռացել: Թռչուններին կերակրողը քեզ էլ կտա: Մի հուսահատվիր, երբեք մի կորցրու հույսդ: Զինվիր հավատքով բազմազան տագնապների դեմ, և քո բոլոր շփոթմունքներին վերջ կդրվի:

Կա Մեկը, Ով հոգ է տանում քեզ համար: Նրա աչքերը ուղղված են դեպի քեզ, քո ցավից Նրա սիրտն էլ է կծկվում, և Նրա ամենակարող ձեռքը չի դանդաղում քեզ օգնության հասնել:

Ամենասև ամպերը կհորդեն ողորմության առատություն, ամենամութ խավարը իր տեղը կզիջի լուսաբացին: Եթե դու Նրա ընտանիքի անդամն ես, Նա կփաթաթի քո վերքերը և կբուժի քո կոտրված սիրտը:

Դժվարությունների ու փորձությունների ժամանակ մի կասկածիր Նրա ողորմությանը: Հավատա, որ Նա սիրում է քեզ ինչպես ուրախության, այնպես էլ փորձության պահերին:

Մի բուռ ալյուրով ու ամանի տակ մնացած յուղով Եղիան վերապրեց ու հաղթահարեց սովը: Ուրեմն դու էլ կհաղթես ու կանցնես առաջ: Եթե Աստված է քո մասին հոգ տանում, ապա արժե՞ արդյոք անհանգստանալ: Վստահիր Նրան:

Նա երբեք չի հրաժարվել քո հոգսը վերցնելուց, ոչ մի անգամ քո հոգսի ծանրությունից չի ճկռել: Սիրելի՛ Աստծո զավակ, դադարիր անհանգստանալ: Հանձնիր քո բոլոր հոգսը քեզ սիրող Տիրոջը:

«Ոչինչ հոգս մի արեք. այլ ամեն բանում աղոթքով և աղաչանքով և գոհությունով՝ ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսումը» (Փիլիպպեցիս 4.6-7):