Կռիվ տալ խավարի հե՞տ, թե՞ լույս վառել. Շուռնուխյան դեպքերից այն կողմ

Կռիվ տալ խավարի հե՞տ, թե՞ լույս վառել. Շուռնուխյան դեպքերից այն կողմ

Շուռնուխ գյուղը, որի անունը հայության մեծամասնությունը լսեց առաջին անգամ, միանգամից հայտնի դարձավ: Վերջերս տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո, ինչպես սովորաբար լինում է, դարձյալ համացանցը բաժանվեց երկու անզիջում մասի. մեկը չհանդուրժող վիրավորողներն են, ովքեր ամեն գնով դեմ են գնում բարոյականությանն ու ազգային արժեքների ոտնահարմանն ուղղված ցանկացած քայլի, մյուսներն էլ հակահարված տվողները, ովքեր սկսում են պաշտպանել մարդու իրավունքները և պաշտպանվելով հանդերձ՝ անցնում հակահարվածի: Թերևս մի բան հստակ է. հայ ազգը, որքան էլ կանգնած լինի Եվրոպայի մուտքի անցակետում, առայժմ ամուր կանգնած է ազգային, քրիստոնեական արժեքների ու սկզբունքների վրա (հուսով եմ՝ իրոք, ամուր է կանգնած):

Շուռնուխյան դեպքերը հերթական ահազանգն էին, կոչնակներն այն բանի, որ ուզենք, թե չուզենք, խոսքերով վառենք, թե վտարենք, միևնույնն է, ժամանակն անում է իրենը… Ու եթե երեկ նրանք 1-2 հոգի էին, այսօր՝ 9 հոգի, վաղն էլ գուցե հանդիպեն արդեն 30 կամ 40 հոգով, վաղը գուցե չբավարարվեն որևէ տնային հավաքույթով այլ ձգտեն ավելի մասշտաբային միջոցառումների. դժվար թե ժողովրդավարության ուղին բռնած ՀՀ-ն հիմքեր ունենա ապագայում նրանց մերժելու կամ վտարելու:

Խոսքը անհանդուրժողականության, ատելության քարոզչության մասին չէ. ի վերջո, յուրաքանչյուր ոք ինքն է ընտրում իր կյանքի ուղին և որևէ մեկս իրավասու չենք խառնվել մարդու անձնական կյանքին ու սեփական համոզմունքներին (խորհուրդ տալ կարող ենք, բայց ոչ երբեք ուրիշի փոխարեն որոշումներ կայացնել): Սակայն, երբ խոսքը գնում է բացահայտ քարոզչության մասին, երբ մարդն իր անձնական կյանքն ի ցույց է դնում բոլորին ու սկսում պրոպագանդել պղծությունն ու մեղքը, սրա հետ համակերպվել արգելում է անգամ Աստվածաշունչը:

Եթե ոմանք կարծում են, թե սեռական փոքրամասնությունները նոր-նոր են ի հայտ եկել Եվրոպայում, ապա սխալվում են. նրանք կային դեռ շատ հին ժամանակներից. հիշենք Աստծո բարկությունը առաջացրած Սոդոմն ու Գոմորը, հիշենք Պողոս առաքյալին ու նրա զգուշացումները «արվամոլների» ու «իգացյալների» մասին…

Աստված ասաց. «Որովհետև Սոդոմի և Գոմորի աղաղակը շատացավ , և որովհետև նրանց մեղքն էլ շատ ծանրացավ…» (Ծննդոց 18.20): Կարող եք կարդալ նաև Ծննդոց 19.4-7-ը:

«Եվ այր մարդու հետ՝ կնկան հետ պառկելու պես չպառկես. պղծություն է այդ»։ (Ղևտ. 18.22):

Ու քանի դեռ մարդկությունը երկու մասի բաժանված փորձում է հասկանալ՝ դա հիվանդությո՞ւն է, թե՞ չարիք, ի ծնե առաջացած կողմնորոշո՞ւմ է, թե՞ գիտակցված ընտրություն, Աստվածաշունչը հստակ տալիս է սահմանումը. դա մեղք է, և այդպիսինները չեն ժառանգելու երկինքը: Թերևս սա բավարար է, որ ես կայացնեմ իմ սրտում որոշում այդ երևույթի նկատմամբ:

«Չգիտե՞ք, թե անիրավներն Աստծու արքայությունը չեն ժառանգում. մի՛ խաբվեք. ո՛չ անառակներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ հափշտակողներ Աստծու արքայությունը չպիտի ժառանգեն (Ա Կորնթ. 6.9-10):

Աշխարհի մի ծայրում ողջունում են ու պաշտպանում նրանց իրավունքները, մեկ ուրիշ տեղ ծեծում են ու վռնդում… փաստն այն է, որ երկու դեպքում էլ տեղի է ունենում գովազդ, և մարդիկ ակամայից սկսում են խոսել նրանց մասին:

Ի՞նչ պետք է անենք մենք, ինչպիսի՞ն պիտի լինի մեր դիրքորոշումը: Անշուշտ, պետք է դատապարտել երևույթը: Եթե մի բան Աստվածաշունչն անվանում է մեղք ու պղծություն, դա չպետք է ընդունելի լինի, ով էլ որ լինի դրա քարոզչություն անողը՝ ճիշտ նույն կերպով, ինչպես՝ եթե հայտնվի մի մոլագար ու իր սրտում անհագ ցանկություն ունենա երեխաներ սպանելու, մենք դեմ կկանգնենք այդ արատավոր երևույթին, ոչ թե կփորձենք ըմբռնումով մոտենալ մոլագարին: Կամ էլ մեկը զգում է, որ ինքը հակում ունի գողության նկատմամբ, ավելին՝ ի ծնե զգացել է այդ հակումը, դժվար թե գտնվի որևէ մեկն ու ողջունի, փորձի պաշտպանել այդ երևույթը: Ես չեմ խոսում մարդկանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելու, նրանց ատելու մասին, այլ աստվածային դիրքորոշման. Նա սիրում է մեղավոր մարդուն, առաջարկում փրկության ճանապարհ, սակայն զզվում է մեղքից ու երբեք ընդունելության չի արժանացնում:

Սակայն պետք է նշել, որ այսօրվա ծեծելն ու վտարելը ոչինչ էլ չի որոշում. մենք չենք կարող մեր երեխաներին ու մատաղ սերնդին ետ պահել պղծությունից՝ ուրիշներին ծեծելով ու վտարելով մեր միջից (Եթե այդպես լիներ, թերևս մարդկությունը պիտի հոշոտեր ինքն իրեն, որովհետև մեկի մեղքերը երևում են, մյուսինը՝ ոչ, մեկը սեռական կողմնորոշման խնդիրներ ունի, մյուսը՝ թմրանյութի, երրորդը՝ ալկոհոլի, չորրորդն էլ՝ բամբասանքի ու նախանձի… ամենքս էլ մեղքի մեր պարկերն ունենք):

Փոխարենը՝ մենք պիտի էլ ավելի աչալուրջ լինենք՝ մեր երեխաներին մեծացնելու քրիստոնեական արժեքներով ու սկզբունքներով, մեծացնելու աստվածային սիրով, բայց և անհանդուրժողականությամբ՝ մեղքի ու պղծության նկատմամբ, ազգովին դեմ գնալով այն ամեն արատավոր երևույթներին, որոնք աղճատում ու աղավաղում են մեր՝ աստվածատուր էությունն ու քրիստոնեական կերպարը:

Ինչպես Պողոս առաքյալն էր ասում՝ «Մեր պատերազմը մարմնի ու արյան դեմ չէ…» (Եփ. 6.12): Ի վերջո, պիտի հասկանանք, որ խնդիրներ առաջացնողը հազարամյակների թշնամին է, ով խաբում է մարդկանց, ստրկացնում ու զրկում Լույսը տեսնելու, լսելու և զգալու կարողությունից:

Թող յուրաքանչյուրիս մեջ, մեր տներում ու մեր զավակների կյանքում միշտ վառ լինի աստվածային Լույսը: Լույսի մեջ խավարն անելիք չունի ու ինքնակամ անհետանում է:

Հիսուսն ասաց՝ «Ես եմ աշխարհքի լոյսը. Ով որ իմ ետեւից գայ, նա խաւարումը չի գնալ, այլ կեանքի լոյսը կ’ընդունի» (Հովհաննես 8.12):

Հ.Գ. Աստված ստեղծեց կին ու տղամարդ, ովքեր պիտի հարեն միմյանց, մնացած ամեն բան չարից է ու հակառակորդի ծրագիրը՝ եղծելու, փչացնելու սուրբը, կատարյալն ու աստվածայինը…

Արմեն Նիազյան