Հույսը պատկանում է ձեզ

Պաղպաղակով լցոնած կոնը իմ ամենասիրելին է: Ես երբեք չեմ պատվիրում պարզապես վանիլային, այլ սիրում եմ վանիլի և շոկոլադի համադրությունը: Այս օրերին խորհում էի, թե որքան հաճախ կյանքում վիշտն ու ուրախությունը նույնկերպ միահյուսվում են և մատուցվում մեզ, ինչպես պաղպաղակի այս տեսակը:

Անցյալ շաբաթ իմ որդու կյանքում կարևոր իրադարձություն տեղի ունեցավ, և հիմա ես ու ամուսինս ուրախությամբ նայում ենք այդ գեղեցիկ զույգին ու երջանիկ ենք՝ տեսնելով այն կնոջը, ով պատրաստվում է իմ որդու կյանք մտնել: Մենք աղոթում ենք այս երիտասարդների և նրանց գալիք հարսանիքի համար:

Բայց նաև աղոթում ենք իմ սիրելի հորաքրոջ համար, ում քաղցկեղը օրեցօր մոտեցնում է Երկնքի դարպասներին: Եվ նույնպես աղոթում ենք նրա տան անդամների համար, ովքեր պատրաստվում են նրա կյանքից հեռանալուն:

Միշտ ուրախությունը միահյուսվում է վշտի հետ:

«Տե՛ր,- հարցնում եմ ես,- ինչպե՞ս ապրել նման աշխարհում»: Ես այս աղոթքն արել եմ մի քանի շաբաթ շարունակ: Անցյալ կիրակի նեղված սրտով այս ամենի մասին զրուցում էի Աստծո հետ, և ներսումս հարց կար. «Տե՛ր, ինչպե՞ս պահենք հույսը, երբ ուրախությունն ու վիշտը միշտ ասես ուղեկիցներ լինեն»:

Եվ Աստված, Ով տեսնում և հոգ է տանում, պատասխանեց ինձ:

Նույն օրը ես քարոզ էի լսում ֆեյսբուքում, երբ քարոզողը մի նախադասություն ասաց, որը միանգամից մտավ սրտիս մեջ. «Սատանան ցանկանում է գողանալ քո հույսը: Եթե դու սկսել ես կորցնել այն, ապա իմացիր, որ նա ստում է քեզ»:

Սատանան ուզում է գողանալ իմ հույսը, ահա ինչ ես հասկացա:
Այդ պահին միանգամից հիշեցի մի համերգ, որին տարիներ առաջ ներկա էինք ես և ամուսինս: Մեր առջև մի սևամորթ ընտանիք էր նստած, և նրանց երեխան լացում էր:

Մայրը նայեց նրան և զորավոր ձայնով, որը կարծում եմ՝ հատուկ է հենց սևամորթ մայրիկներին, ասաց. «Թույլ մի՛ տուր, որ սատանան գողանա քո ուրախությունը»:

Նրա այս կարճ, բայց համոզիչ քարոզը մնացել է ինձ հետ տարիներ անց, և ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նրան դրա համար: Նրա ձայնը կրկին ասես հնչեր իմ ականջներում, երբ լսեցի այս խոսքերը. «Թույլ մի՛ տուր, որ սատանան գողանա քո հույսը»:

Հույսը իմն է, որովհետև Աստված Իր գահի վրա նստած՝ ասում է. «Ահա ամեն բան նոր եմ անում» (Հայտնություն 21.5):

Ամուր պահեք ձեր հույսը: Թույլ մի տվեք ոչ ոքի գողանալ այն: Հույսը ձերն է: Այն պատկանում է ձեզ:

Այո՛, մեր ուրախ ժամանակներում անգամ վիշտը գտնում է իր տեղը, բայց երբեք ո՛չ առանց հույսի:

Քրիսթի Ֆիցուոթեր