Էնթոնի Հոպկինսը վկայում է ալկոհոլի կախվածությունից ազատվելու մասին

Ողջ աշխարհին հայտնի հոլիվուդյան դերասան Էնթոնի Հոփկինսը վերջերս Կալիֆորնիայում անցկացված «LEAP» 11-րդ ամենամյա միջազգային երիտասարդական համաժողովին խոսել է այն մասին, թե ինչպես է «վստահությունն առ Աստված» օգնել իրեն հաղթահարելու կախվածությունը և փրկել իր կյանքն ու կարիերան:

«Ահա թե ինչ են անում կինոյի կամ թատրոնի դերասանները. նրանք հարբում են,- ասել է 80-ամյա դերասանը՝ խոսելով Կալիֆորնիայի համալսարանի 500 ուսանողների առջև:- Այդ ժամանակ ինձ համար շատ դժվար էր աշխատել, որովհետև ես սթափ վիճակում չէի»:

Սակայն մի դեպք, որ կատարվել է 1975թ-ին, փոխել է նրա կյանքի ընթացքը. սարսափելի վիճակում հայտնված և հույսը կորցրած՝ նա հանդիպում է մի կնոջ՝ անանուն հարբեցողների խմբակում, ով հարցնում է նրան. «Ինչո՞ւ պարզապես չեք վստահում Աստծուն»: Այդ դեպքից հետո, 2011թ-ին տված հարցազրույցներից մեկում դերասանը, վերհիշելով ալկոհոլի կախվածության մեջ եղած տարիները, ընդունում է, թե որքան Աստծո կարիքն ուներ, չնայած որ այդ ժամանակ աթեիստ էր:

Հոպկինսը այս դեպքից հետո վկայում է, որ Աստված է իրեն փրկել ալկոհոլի կախվածությունից, նաև ասում, որ տարիքն առնելով՝ ավելի է խորանում հավատքի մեջ:

«Կարծում եմ՝ մենք շատ բան կարող ենք,- ասել է նա ուսանողներին:- Ես մինչև այժմ էլ չեմ կարողանում հավատալ, որ մինչ օրս կենդանի եմ, որովհետև ես պետք է մահանայի Ուելսում: Մեր ապրած ոչ մի պահը պատահականության արդյունք չէ»:

Դերասանը, ով ներկայումս ապրում է Մալիբու քաղաքում, իր կնոջ՝ դերասանուհի Սթելլա Արոյեի հետ, զգուշացրել է ուսանողներին գումարների կամ հաջողության հետևից վազելու վտանգների մասին:

«Եթե դուք վազում եք գումարների հետևից, դա չի հաջողվի: Եթե դուք վազում եք հաջողության հետևից, ապա դա նույնպես հաջողություն չի ունենա,- ասել է նա:- Պետք է ձգտել բարին գործել, իսկ մնացածը կտրվի: Գործեք այնպես, ասես դուք արդեն հասել եք այն ամենին, ինչ ցանկանում եք, և ամեն բան իր տեղում կլինի»:

Հոպկինսը նաև անկեղծացել է այն մասին, որ երիտասարդ տարիքում սկսել է դերասանությամբ զբաղվել, որովհետև «ոչինչ չուներ անելու»:

Դերասանը արժանացել է «Օսկար» մրցանակի 1992թ-ին: Դրանից հետո «Օսկար» մրցանակաբաշխությանը նոմինացվել է երեք անգամ:

«Տարիք առնելով՝ ամեն օր զգում եմ, որ այս ամենը հրաշք է: Նկատի ունեմ՝ իմ սիրտը բաբախում է, իմ թոքերը շնչում են: Այս ամենը սովորականից դուրս է՝ ոչ սովորական երևույթ»: