«Աստծուց մեծապես շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն տրվեց հայոց թատրոնում աշխատելու ու ստեղծագործելու». այսօր Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է

Այսօր արվեստի վաստակավոր գործիչ՝ հայ դերասան, բեմադրիչ, կինոսցենարիստ Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է:

Երվանդ Մանարյանը ծնվել է 1924թ-ի օգոստոսի 10-ին, Իրանի Էրաք քաղաքում: 1946թ-ին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում և արվեստում իր գործունեությունը ծավալել հայրենիքում:

Ներկայացնում ենք մի քանիսը նրա մտքերից, որոնք տեղ են գտել տարբեր տարիների նրա տված հարցազրույցներից:

«Հայաստանցին իր հայրենիքի, որտեղ ապրում է, վատը լավը տեսնում է, ուզում է ուղղել, ինչ-որ բանի տեր կանգնել, իսկ դրսում դու այս հայրենիքը չունես, հեռու է քեզնից։ Ուզում ես հայրենիք ունենալ:

Պետք է գաս՝ հայրենիքին տեր կանգնես, որովհետև քո վաստակի մի մասը նրան հատկացնելով, թեկուզ շատ զգալի մասը, այն չի։ Պետք է գաս, հողին տեր կագնես: Դա շատ բարդ ընթացք է, որը մեծ նվիրվածություն է պահանջում, այն աստիճան, որ ես ու ինձ նման շատերը կային… եկանք…

Տասնմեկ հոգի էինք, մնացել եմ միայն ես։ Հովհաննես Բադալյան, եթե վերջին շրջանի նորագույն գրականությունը լավ գիտեք՝ Աբիգ Ավագյան, մեր տասնմեկի մեջ ավագը նա էր, Ալբերտ Հայրապետյանը ֆիզիոլոգիական գիտությունների դոկտոր դարձավ, Համլետ Եգանյանը՝ պատմական գիտությունների դոկտոր, Հրայր Մովսիսյանը՝ բանասիրության թեկնածու, Մանուկ Բարսեղյանը՝ բժշկագիտության թեկնածու, մի խոսքով, նրանք բոլորը անուն թողած մարդիկ են։

Աստծուց մեծապես շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն տրվեց հայոց թատրոնում աշխատելու ու ստեղծագործելու»։

«Երեխան մաքուր պարզ հոգին բերում հանձնում է քեզ։ Եվ հետո երեխան զարմանալիորեն հավատում է։ Երեխաներ կան, որ վիճում են տիկնիկների հետ, չեն հանդուրժում տիկնիկի վատ արարքը: Պետք է դրանց հետ շատ զգույշ աշխատես: Չես կարող ազատ զգալ և ստեղծագործել, էստեղ մարդկային հարաբերությունների հարցն է։ Վաղվա քաղաքացին է նստած, որի հոգու մեջ առաջին հատիկները նետողը դու ես, իսկ մեծերի հետ այդպես չէ։ Այնտեղ ստեղծագործական հարցեր ու խնդիր ես դնում։ Մեծերի թատրոնը իր շատ բարձրությունները ունի, որը այս օրերին կարծես թե հաշվի չեն առնում»։

«Թատրոնի առաքելությունը փոխվել է, այսինքն` ինչի համար, որ այն հազարամյակներ առաջ կյանքի է կոչվել, այդ ուղղությամբ մեզանում այն համարյա չի գործում։ Մեզանում մեծապես տարված են թատրոնի գեղագիտական հարցեր ճշգրտելով, գեղագիտություն հղկելով, այնինչ թատրոնի բուն առաքելությունը հանդիսատեսի հետ բանավեճ ունենալն է։ Հանդիսատեսը գալիս է թատրոն` գաղափարներ վերցնելու, և այդ գաղափարները պետք է համահունչ լինեն այն հարցերին, որոնք հասարակությունը իր հետ բերել է դահլիճ։ Մանավանդ այս օրերին գեղագիտությունը մի քիչ էլ անտեղի է, որովհետև հեռուստատեսությունը, կինոն էնպիսի գեղագիտություն են երբեմն մատուցում, որ գնալ թատրոն այդ կարգի բաները տեսնելու` անիմաստ է։ Թատրոնը կոչված է հասարակության հարցերը լուծելու»։

«Թատրոնը ամբողջովին կախված է հանդիսատեսի հոգեկան ինքնությունից, ի՞նչ ես նրան տալիս, նա քեզնից ի՞նչ է վերցնում, ամենադաժան ապրանքափոխանակության նման մի բան է։ Ինչպե՞ս է գնահատում քո տվածը։ Սա է, որը խախտված է մեզանում, որովհետև այսօրվա հանդիսատեսը թատրոն է գալիս հարցերով, մեծ հարցերով, ոչ թե կենցաղային: Օրինակ՝ ամենամեծ հարցը պետականության հարցն է, սակայն մեր ո՞ր թատրոնն է հայ պետականության խնդիրը արծարծում։ Եթե բուն նպատակը զվարճանալն է, դա թատրոն չէ, ուրիշ հարց, որ զվարճությունների միջոցով է մեծ հարցը լուծվում։ Թատրոնում պարտադիր կերպով պետք է ճակատագրեր գործեն, ճակատագրերի բախում պետք է լինի, որը քեզ մտորելու առիթ տա»:

«Անտարբերությունից ավելի դաժան բան հասարակության համար գոյություն չունի»:

«Մենք երկիր ենք ավանդում մեզնից հետո եկողներին, հնարավորինս սկզբունքային: Այս պատասխանատվությունը մեզնից անբաժան լինի: Ցանկալի կլինի, որ մենք կարողանանք այդ կամուրջն անցնել այնպես, որ իմանանք ունենալու ենք հաղթանակ, որ ոգու հաղթանակ լինի, որ մեր զավակները մեզնից չամաչեն: Մենք չենք լինի երևի, ես իմ տարիքից ելնելով եմ ասում, բայց ես գիտեմ, որ իմ թոռները և ծոռներն այս հարցերին կանդրադառնան, երբ չեն կարողանա ինձ հետ խոսքի բռնվել… Պատասխանատվությունը մենք բոլորս պետք է զգանք, և կարողանանք հասցնել իր ճիշտ ավարտին»:

«Այն, որ հայերն առաջինը հավատացին, որ քրիստոնեությունն է ճիշտ ճանապարհը, շատ կարևոր է մեր զավակների, մեզնից հետո եկողների համար, որպեսզի նրանք չխարխափեն, որովհետև ճանապարհները հիմա մի քիչ նպաստավոր չեն ուղիղ գնալու համար»:

Պատրաստեց Գոհար Ավագյանը