Այս գաղտնիքները կկործանեն ձեր կյանքը

Մեղքը միշտ համոզում է ձեզ, որ իր մասին ոչ ոք չի իմանալու: Այն բավականին խորամանկ է՝ ասելու, որ ձեր մեղքի մասին իմանալն անհնար է: Այն անգամ կասի, որ դուք շատ լավ եք ջնջում հետքերը ձեր հետևից: Ես ավելի քան 20 տարի է, ինչ խորհրդատվություն եմ անցկացնում տղամարդկանց հետ, և կա մի բան, ինչում ես համոզված եմ. գաղտնիքներ գոյություն չունեն:

Ահա մի քանի փաստ, որ ապացուցում է ասածս. առաջինը՝ Աստված ամենուր է, և Նա տեսնում է, թե ինչ եք դուք անում: Երկրորդ. Նա տեսնում է ձեր սրտերն ու մտքերը: Երրորդ. ձեր մեջ է Սուրբ Հոգին, և այդ պատճառով գաղտնիքներին տեղ չկա: Չորրորդ. հրեշտակները տեսնում են, թե ինչ եք դուք անում: Հինգերորդ. ինչպես ասվում է Եբրայեցիս 12.1-ում. «Ուստի մենք էլ, որ վկաների այսքան բազմություն ունենք մեզ շրջապատած, դեն գցենք ամեն ծանրություն և մեզ դյուրավ պաշարող մեղքը. և համբերությամբ վազենք մեր առաջին դրած ասպարեզի ընթացքը»: Վեցերորդ. ձեր համակարգիչը պահպանում է ձեր այցելած կայքերի ցանկը:

Ես ապրում եմ Կոլորադոյում, և երաշտային ժամանակներում, որոնք տևում են մեզ մոտ տարվա մեծ մասը, հանկարծակի հեղեղներ են լինում: Իմաստուն գործարարներն ու տնտեսները պատրաստվում են դրանց ամառվա սկզբում՝ վերստուգելով, թե արդյոք բավականաչափ ավազով պարկեր ունե՞ն, որպեսզի նվազագույնի հասցնեն այն վնասները, որոնք կարող են այդ ջրհեղեղները հասցնել:

Վերջին տասնամյակում մեր մշակույթը դարձել է ավելի այլասերված: Կարելի է ասել, որ մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որին ծածկել է այլասերվածության ալիքը: Մի պահ մտածեք, թե ամեն օր ինչի հետ ենք մենք հաղորդակցվում տեսողական մակարդակի վրա. հեռուստացույց, գովազդ և համացանց տանը ունի ամեն մարդ, ընդ որում՝ ոչ միայն տանը, այլև հաճախ աշխատավայրում և գրպանում նույնպես: Կան ժամանցային ամսագրեր, գովազդային վահանակներ, էլ չխոսեմ խոհեմության բացակայության մասին, երբ խոսքը հագուստին է վերաբերում:

Ի՞նչ եք դուք անում, որ ձեր շրջապատում արգելափակեք այլասերվածության այդ ալիքը: Ցնցող է, թե որքան շատ են տղաները, ովքեր խոստովանում են, որ պայքարում են կրքի հետ, բայց մինչև հիմա իրենց համակարգիչներում, հեռախոսներում ու պլանշետներում չեն տեղադրել նման կայքերն արգելափակող հատուկ ծրագիր: Ընդունեք այսօր որոշում՝ թողնելու գաղտնի կյանքը և սկսելու պայքարը՝ ամեն տեսակ գաղտնի կյանքի դեմ:

Եղեք հաշվետու ձեր հովվին, կնոջը կամ մեկ այլ վստահելի մարդու: Անելով դա՝ դուք կսպանեք ձեզ տիրած ամեն վատ սովորություն և կարգելափակեք «գաղտնի կյանքի» կապանքները, որ ձեզ գերի են բռնում:

Մեղքի կեղծ շշունջը ձեր կյանքում իր պտուղներն է բերում: Սուտը այսպես է սկսվում. «Քանի դեռ դու չես արել … ամեն բան լավ է»: Մարդը կարծում է, թե քանի դեռ չի խախտել ինչ-որ սահմանագիծ, որը հենց ինքն է գծել, ամեն բան լավ է, և իր «գաղտնիքը» անվտանգության մեջ է: Ըստ իմ փորձի՝ նրանք, ովքեր ծախվում են այդ ստին, սկսում են այդ սահմանագիծը տեղաշարժել կամ պայմանական են այն դարձնում:

Հիշո՞ւմ եք Հիսուսի խոսքերը. «Ուստի ինչ որ խավարումն ասեցիք, լույսի մեջ կլսվի. և ինչ որ ներսի սենյակներումն ականջում խոսեցիք, կտուրների վրա կքարոզվի» (Ղուկաս 12.3): Եթե դուք դեռևս հավատում եք, որ գաղտնիքներ կարող են գոյություն ունենալ, ուրեմն ընկել եք թակարդի մեջ և մեկ օր կխայտառակվեք: Շատ մարդիկ, ովքեր հավատում են իրենց գաղտնիքներին ավելի հոժարակամ, քան Աստծուն, մեկ օր բռնվելու են:

Մի՛ հավատացեք գաղտնիքների մասին ստերին: Գաղտնիքը հիասքանչ հիմք է՝ ցանկասիրության սերմերն աճեցնելու համար: Հիշեք՝ դուք ստեղծում եք ցանկության սերմեր և թաքցնում դրանք կեղծ գաղտնիության ստվերում: Բայց փոխարենը դուք կարող եք ընտրել կյանք, որն ազատ է մեղքից:

Դոկտոր Դագ Վայս