Աստվածաշունչը, որ եղել է Լուսնի վրա, հանվել է աճուրդի ԱՄՆ-ում

Փոքրիկ Աստվածաշունչը, որ հասցրել է լինել Լուսնի վրա, վաճառքի է ներկայացվել «Nate D.Sanders Auctions» աճուրդային տան կողմից. տեղեկացնում է invictory.org-ը:

«Հակոբոս թագավորի Աստվածաշնչի» (1611թ) կրկնօրինակը Լուսնի վրա հասցրել է «Ապոլլոն-14» օդանավի անձնակազմը, որը 1971թ-ի փետրվարի 5-ին կատարել է երրորդ վայրէջքը Լուսնի վրա: Աստվածաշնչի օրինակի ներքևի մասում տեղադրված է գրառում՝ «Լուսնային առաջին Աստվածաշունչ. «Ապոլլոն-14». 1971թ-ի փետրվարի 5»: Ըստ աճուրդային մասնագետների գնահատականների՝ այս հազվագյուտ իրը կարող է վաճառվել նվազագույնը 50 000 ԱՄՆ դոլարով:

Սուրբ Գրքի 1245 էջերը գրի են առնված միկրոկնիքի մեթոդով: Ընդհանուր առմամբ՝ նման օրինակների տպաքանակը 512 է: Եվ 100-ը դրանցից գտնվել են լուսնային վայրէջքային մոդուլի վրա:

Սակայն միայն 11-ը այդ օրինակներից, որոնք գտնվել են լուսնային մոդուլի վրա, ունեն վավերականության երկու երաշխավորագիր, որոնցից մեկը ստորագրված է լուսնային մոդուլի օդաչու Էդգար Միտչելի կողմից, ով հաստատել է, որ Աստվածաշնչի այդ օրինակը եղել է Լուսնի վրա: