Աստծո ողորմությունը ծնում է ատելություն մեղքի հանդեպ. Չարլզ Սպերջեն

Չարլզ Սպերջեն«Մի նայեք, որ ես սևացած եմ» (Երգ Երգոց 1.6):

Քրիստոնյան, դառնալով ավելի հասուն, սկսում է ամաչել իր մեղքերից, քանի որ մեղքի հանդեպ նա ատելություն է զգում: Աստծո լույսի մեջ իրեն տեսնելով՝ նա զգում է իր հանդեպ ավելի շատ նողկանք, քան ուրիշները միևնույն մեղքը գործելիս:

Ուստի քրիստոնյան ձգտում է սրբության և ատում է մեղքը: Նա չի կարողանում այլևս տանել անգամ մի փոքրիկ բիծը մեղքի: Նա գիտի, թե ինչ բան է մեղքը ու դրա հետևանքները:

Մարդը, ով չգիտի ու չի վախենում Աստծուց, խախտում է Նրա բոլոր պատվիրանները՝ առանց խղճի խայթ ունենալու: Սակայն Երկնքի սիրելին, ով ունի իրավունք նստելու արքայական սեղանի շուրջ, ով վերապրել է իր ներսում Աստծո հավերժական սերը, չի կարող քայլել ինչ-որ անհասկանալի ու անորոշ ճանապարհով, որը կվիրավորի Սուրբ Հոգուն և անպատվություն կբերի Քրիստոսի անվանը:

«Փոքրիկ մեղքը», ինչպես ասում է աշխարհը, ճշմարիտ քրիստոնյայի համար մեծ մեղք է: Ուստի ես հարց եմ տալիս ձեզ. գիտե՞ք արդյոք դուք, թե ինչ բան է տրտմելը չմտածված արտաբերած խոսքերի համար: Դուք երբևէ ծեծե՞լ եք ձեր կուծքը նրա համար, որ զսպվածություն չեք ցուցաբերել ու բարկացել եք: Գուցե ձեզ դրդել են այդ քայլին, բարկացրել, բայց, միևնույնն է, դուք տանջվում եք մեղքի գիտակցումից, որ թույլ եք տվել գոռալ ու դուրս թափել ձեր բարկությունը:

Արդյոք ունեցե՞լ եք անքուն գիշերներ, երբ աշխատավայրում ասել կամ արել եք որևէ բան, ինչը, հետո մտածելով ու քննելով, չեք կարողացել ոչ մի կերպ արդարացնել: Արդյոք արտասվե՞լ եք նրա համար, որ ձեր Տիրոջ նման չեք վարվել և սխալ եք գործել այնտեղ, որտեղ վստահ էիք ձեր ճշմարտացի լինելու մեջ: Մեծ չէ քո բարեպաշտությունը, եթե դու դեռ երբևէ չես վերապրել այս ամենը:

Ապաշխարությունը, ինչպես և հավատքը, քրիստոնյա լինելու նշանն է: Մի մտածիր, թե մեր ապաշխարությունն ավարտվեց այն պահին, երբ մենք եկանք Քրիստոսի մոտ և ստացանք ներում մեր մեղքերի համար Նրա թափած սուրբ արյան հաշվին:

Ո՛չ, մենք ապաշխարելու ենք, քանի դեռ մեղանչում ենք ու քանի դեռ կարիք ունենք մաքրվելու: Քանի դեռ գոյություն ունի մեղքը, և քանի դեռ մենք հակում ունենք ցանկացած մեղքի հանդեպ, Աստծո ողորմությունը կծնի մեր մեջ ատելություն մեղքի հանդեպ և, դրանից էլ ելնելով, ձգտում՝ ավելի մոտենալու և խոնարհվելու Աստծո առջև: