Երանի՜ նրանց, որ կպահեն Աստծո Խոսքը

Երանի՜ նրանց, որ կպահեն Աստծո Խոսքը«Ահա շուտով գալիս եմ. երանի նրան որ այս գրքի մարգարեութեան խոսքերը պահում է» (Հայտնություն 22.7)։

Երբ մեր Տերը վերադառնա, ողջ մարդկությունը բաժանվելու է երկու խմբի՝ նրանք, որ պահել են Աստծո Խոսքը և նրանք, որ արհամարհել են այն: Ի՞նչ է նշանակում պահել Աստծո Խոսքը և ի՞նչ է նշանակում արհամարհել այն:

Սա կարևորագույն բանն է, որի վրա կենտրոնացնում մեր ուշադրությունն Աստված: Նույն գլխում կարդում ենք, որ երանելի են Նրա պատուիրանները պահողները՝ նրանցը կլինի իշխանությունը Կյանքի ծառի վրա և քաղաքի դռնով ներս կմտնեն, բայց դուրսն են լինելու շները և կախարդները և անառակները և սպանողները և կռապաշտները և բոլոր ստություն սիրողն ու գործողը։

Վա՜յ այն մարդուն, ով արհամարհում է Աստծո Խոսքը: Երանի՜ այն մարդուն, որ պահում է Աստծո Խոսքը: Նա պատրաստ է լինելու Տիրոջ գալուստին: Տերը գալու է և յուրաքանչյուր մարդու հատուցում է տալու նրա գործերի համեմատ: Այդ Օրը կարևոր չի լինելու, թե ինչ պատճառաբանություն կբերի մարդը Աստծո Խոսքի հանդեպ իր ոչ հնազանդ վերաբերմունքի համար:

Կարևոր չի լինելու, թե ինչ արդարացումներ կլինեն մեղքի կյանքով ապրելու համար: Շատերը կասեն՝ մենք չգիտեինք, շատերը կասեն՝ մեզ սովորեցրել էին, որ Դու ներող ես, անգամ եթե շարունակենք մեղքի կյանքով ապրել, շատերը կասեն՝ մենք Քեզ շատ ենք սիրել, պարզապես, աշխարհն էլ էինք սիրում: Մարդիկ տարբեր պատճառաբանություններ են բերելու, որոնցից ոչ մեկը չի կարող գոհացնել տերերի Տիրոջն ու թագավորների Թագավորին:

Նրա Խոսքը հստակ է՝ ահա, շուտով գալիս եմ… երանի՜ այս մարգարեության խոսքը պահողներին: Պահել Խոսքը նշանակում է թանկ գնահատել այն: Պահել Խոսքը նշանակում է երկյուղ ունենալ այդ Խոսքն ուղարկած Աստծո հանդեպ: Պահել Խոսքը նշանակում է ջանք անել այդ Խոսքի համեմատ ապրելու համար:

Պահել Խոսքը նշանակում է պատրաստ լինել զոհաբերելու և զոհաբերվելու հանուն այդ Խոսքը կյանք դարձնելու: Պահել Խոսքը նշանակում է ոչ միայն լսել, այլև ապաշխարել ու հնազանդվել այդ Խոսքի սկզբունքներին ու պահանջներին: Պահել Խոսքը նշանակում է սիրել այն և դրա Հեղինակին:

Երանի՜ այն մարդկանց, ովքեր կպահեն Աստծո Խոսքը:

Տեր Հիսուսի անունով Աստծո Խոսքի հանդեպ Աստծո ակնկալած վերաբերմունքի և հնազանդության խոնարհություն ու կամք եմ հռչակում այս գրառումը ընթերցողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան