Մինչ կհասնեի տատիկիս տուն… վկայություն

Մի անգամ ամռանը տատիկիս տան ճանապարհին իմ ոտքի հետ ինչ-որ բան եղավ ու սկսեց ուռել: Մինչ ես կհասնեի տատիկիս տուն, ոտքս այնքան էր ուռել, որ վերջին մի քանի մետրը մի ոտքի վրա թռչելով անցա: Ծունկս ծալել ընդհանրապես չէի կարողանում:

Տատիկս երբ տեսավ, թե ինչ է պատահել, սարսափեց, ինչ-որ անբուժելի հիվանդության մասին շշնջաց ու անմիջապես ավելացրեց, որ գյուղում մի տատիկ կա, ով ինչ-որ ուժերով բուժում է նման հիվանդությունները, և միայն նա կարող է ինձ օգնել: Նա ինձ համոզում էր իր օգնությամբ հասնել այդ տատիկի տուն:

Իսկ ես նորաթուխ քրիստոնյա էի և եկեղեցում արդեն հասցրել էի լսել, որ կա Աստված, և կա սատանա, կա ուժ Աստծուց և կա ուժ սատանայից: Եվ գիտեի, որ չարի ուժերին դիմելն անեծք է բերում: Իսկ Աստված զորավոր է՝ բուժելու ամեն ցավ: Տատիկիս ասացի, որ չեմ ուզում գնալ ինչ-որ անհասկանալի մեթոդներով բուժող մեկի մոտ: Նա ասաց, որ եթե ես ամաչում եմ կաղալով տանից դուրս գալ, ապա ինքը կարող է գնալ իր նշած տատիկի մոտ, խնդրել նրան գալ ու իր գործն անել իմ ոտքի հետ:

Ես կտրականապես հրաժարվեցի, ասացի, որ Աստված ինձ կբուժի: Մի տեսակ մեծ հավատք էր իջել ինձ վրա, և ես, անկեղծ ասած, այդ պահին ուրիշ տարբերակ էլ չունեի, քան Աստծուն վստահելը:

Մի կերպ ոտքս քարշ տալով մտա առանձին սենյակ, դուռը փակեցի ու սկսեցի աղոթել պարզ խնդրանքով. «Տե՛ր, դու գիտես, որ այս հիվանդությունը բժիշկները չեն կարողանում բուժել: Այն տատիկին ես չեմ ուզում դիմել: Եվ ես չունեմ այլ ելք, քան Քեզ դիմելը: Օգնիր ինձ, խնդրում եմ: Ես հավատում եմ, որ Դու կարող ես դա անել»:

Դա շատ կարճ աղոթք էր, բայց լի հավատքով: Սենյակից ես դուրս եկա երկու ոտքերիս վրա ամուր կանգնած: Այտուցը դեռ լիովին չէր անցել, ոտքս էլ դեռ այրվում էր տաքությունից, բայց ես արդեն կարողանում էի կանգնել այդ ոտքիս վրա: Հաջորդ օրը ոտքիս տաքությունը անցավ: Այտուցը փոքրացավ, և ես կարողացա արդեն կոշիկս հագնել ու տուն վերադառնալ: Իսկ մյուս օրն արդեն ինձ զգում էի այնպես, ասես այդ ամենն ինձ հետ չէր էլ պատահել:

Ահա այսպիսի հրաշք արեց Աստված ինձ հետ:

Ելենա Տ.