Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ է իրականում աղոթքը

Մի անգամ քահանային է մոտենում մի կին ու հարցնում. «Ձեզ մոտ կա՞ աղոթք չար աչքի դեմ, անքնության դեմ, հաջողության հասնելու համար…». և նա հերթով թվարկում է իր բոլոր կարիքներն ու խնդիրները: Այդ կինը մտածում էր, թե ամեն մի կարիքի ու խնդրի համար կա հատուկ, ինչ-որ մեկի կողմից կազմված աղոթք:

Քահանան ի պատասխան՝ հետաքրքրվում է. «Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ է աղոթքը: Եթե դուք կարծում եք, թե աղոթքը ուղղակի մի ծես է կամ պարտականություն, որը դուք պետք է ամեն օր անեք, ապա ձեր գործերը իսկապես վատ են»:

Այսպիսով, իսկ ի՞նչ է աղոթքը.

Աղոթքը անկեղծ զրույցն է Աստծո հետ, ինչպես սիրելի ու հարգելի մարդու, ընկերոջ հետ: Բայց նախ համոզվեք, որ Նա իրոք ձեր ընկերն է: Տիրոջ մասին ճիշտ պատկերացումը ծնում է վստահություն, որը մեծանում է օրեցօր և դառնում Նրա հետ ընկերության հիմքը: Փորձե՞լ եք դուք երբևէ կառուցել որևէ մեկի հետ ընկերական հարաբերություններ՝ առանց այդ մեկի հետ խոսելու, զրուցելու: Առանց շփման դա ուղղակի անհնար է: Եթե դուք ցանկանում եք սիրել Հիսուսին, խոսեք Նրա հետ, և Նա կպատասխանի ձեզ: Հենց սա էլ աղոթքի էությունն է:

Ինչի՞ համար և ինչպե՞ս աղոթել.

Որոշ մարդիկ չեն համարձակվում աղոթել, որովհետև չգիտեն՝ ինչ բառերով պետք է դիմել Ամենակարողին: Երբ մենք աղոթում ենք, Աստված մեր սրտերին է ականջ դնում, այլ ոչ թե մեր շուրթերին: Կարևորը ոչ թե բառերն են, այլ զգացումները, որոնք մենք այդ պահին վերապրում ենք մեր հոգու խորքում. «Մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տերը սրտին է նայում» (Ա Թագավորաց 16.7):

Եկեք Հիսուսի մոտ այնպես, ինչպես դուք կաք: Եթե շնորհակալությունը լցնում է ձեր սիրտը այն մտքից, որ Աստված ձեր ընկերն է, ասեք Նրան այդ մասին:

Ձեզ մեղքե՞րն են տանջում: Ուղղակի խոստովանեք Նրան դրանք. «Տե՛ր, իմ մեղքերն անհանգստացնում են ինձ»: Եթե դուք ուզում եք, որ Աստված ների ձեզ, խնդրեք Նրան այդ մասին:

Դուք հոգնել հոգսերի՞ց: Դուք կարիք ունեք ավելի լա՞վ ճանաչելու Աստծուն: Դուք ուժի՞ կարիք ունեք, որն ի վիճակի կլինի օգնել ձեզ՝ հաղթահարելու պիղծ սովորույթները: Ձեզ չի հերիքում իմաստությո՞ւնը, որպեսզի ճիշտ որոշում կայացնեք: Դուք մտահոգված եք ձեր հարազատների համա՞ր:

Ոււղակի պատմեք այդ ամենի մասին ձեր երկնային Հորը աղոթքով, և Նա կլսի ձեզ ու կպատասխանի ձեր խնդրանքներին:

Աղոթքից ստացած ուրախությունը չի լինի լիարժեք, մինչև դուք չվերապրեք Աստծո ներկայությունը: Աղոթքը բերում է մեզ, մեր կյանքը, մեր սիրտը հպման Աստվածային ուժի հետ: Աղոթքը բուժում է մեզ կասկածներից, հուսահատությունից ու մեղքից: Ուզո՞ւմ եք դուք հենվել այդ փրկարար ուժին: Եթե՝ այո, ուրեմն հենց հիմա դիմեք Նրան՝ ձեր երկնային Հորը, պարզ, անկեղծ աղոթքով:

Լյուդմիլա Յաբլոչկինա