«Body art». դաջվածքների թաքնված կողմը

Նախքան սրտիդ մոտ կդաջես սիրելի մարդուդ անունը, արժե մտածել, որ մարդն այդ կարող է վաղը չլինել, իսկ անունը կմնա:

Դաջվածքները, փիրսինգը, մարմնի վրա գրառումները վերջին ժամանակներում դուրս են եկել որոշակի շրջանակներից և մտել հանրության լայն շրջանակներ: Եվ այդ ամենը այնքան ոճային, հարգելի ուղղություն է դարձել արվեստի մեջ, որ ստացել է «body art» անվանումը:

Դաջվածք՝ բառացիորեն նշանակում է նկար, գրառում մարդու մաշկի վրա: Երկիր մոլորակի վրա գոյություն ունեցող բոլոր արարածներից միայն մարդն է, որ իր մարմինը որոշել է «զարդարել» նման ինքնատիպ ու յուրօրինակ ձևով: Եվ այս կերպ մարմինը «զարդարելու» սովորությունը եկել է դեռևս նախապատմական ժամանակներից:

Դաջվածքները կարող են պարունակել իմաստային երանգ և շատ բան պատմել կրողի մասին: Ու դրանց մեծամասնությանը մեկ բան է միավորում՝ անջնջելիությունը: Մեկ անգամ արված դաջվածքը այլևս երբեք չի վերանում և մնում է իր կրողի հետ մինչև կյանքի վերջ: Իմ անձնական կարծիքով՝ հենց դրանում՝ այդ անջնջելիության մեջ է դաջվածքի սկզբնական իմաստը:

Աստվածաշունչն արգելում է դաջվածքներ անելը և ահա, թե ինչու: Կյանքի մասին օրենքների մեջ, այսինքն փոխհարաբերությունների, կերակուրի, զոհաբերությունների, կռապաշտության և կախարդության և շատ այլ բաների մասին օրենքների մեջ մենք գտնում ենք դաջվածքների մասին պատվերը.

«Եվ մեկի համար ձեր մարմնի վրա վետեր չշինեք, և ձեր վրան կտկտած գիր չշինեք. Ես եմ Եհովան» (Ղևտացիս 19.28):

Այս և այլ օրենքները պատվիրելու պատճառը մեկն էր՝ կռապաշտությունը:

Մարմնի վրա գիրը, վետը և այլ նման դաջվածքները կռապաշտության բնական փորձառություն էին ենթադրում: Մարդիկ իրենց մարմնի վրա գրում էին կուռքերի անունները, որոնց ծառայում էին, ծակում էին իրենց մարմինը և օղեր դնում՝ իրենց աստվածների հիշատակման համար: Սա կապ է, որ հիշեցնում է մարդու և կուռքի ուխտի մասին, այն «աստծո», որին վերջինս երկրպագում է: Եվ սա խորհրդանիշ էր հավիտենական կապի՝ ողջ կյանքի տևողությամբ կապի: Կռապաշտության համատեքստում Աստվածաշունչը մարմնի վրա գրառումները, վետերը, գրերը և այլ փորձառությունը կտրականապես արգելում է: Իսրայելացիների մոտ հավիտենական ուխտի նշանն այլ էր՝ թլփատումը:

Սա գաղափար է այն մասին, որ մարմնի վրա դաջվածքի այս տեսակները խորհրդանշում են անփոփոխելիություն, հարատևություն, հավիտենություն՝ մարդու կյանքի սահմաններում:

Եվ Աստվածաշնչի այլ տեղերում գտնում ենք, որ Աստված օգտագործում է մարմնի վրա գրի խորհրդանիշը, բայց այլաբանորեն:

«Ահա ես իմ ձեռքի մեջ եմ նկարագրել քեզ, քո պարիսպները իմ դիմացն են միշտ» (Եսայի 49.16):

«Իմ օրենքը պիտի դնեմ նրանց ներսումը, և նրանց սրտի վրա պիտի գրեմ այն, և ես պիտի լինեմ նրանց Աստված, և նրանք պիտի ինձ համար ժողովուրդ լինեն» (Երեմիա 31.33):

Ինքնին այդ գրառման իրողությունը (ձեռքի, սրտի վրա և մտքի մեջ), չխոսելով համատեքստի մասին, շատ բան է ասում: Աստծո օրենքները, որ գրված են մարդու սրտի և մտքի մեջ, նույնպես գոյություն ունեն մարդկային կյանքի սահմաններում: Եվ ինչպես ասում է իմ ընկերը՝ նման «դաջվածքներ» պետք է ունենա ամեն քրիստոնյա:

Ինչպե՞ս է Աստված գրում իր ձեռքերի վրա և իմ սրտում, ես չգիտեմ, բայց գիտեմ, որ գրում է:

Հետևաբար, ես համոզված եմ, որ այդ դաջվածքի խորհրդանիշը մեծ նշանակություն և խորհուրդ ունի:

Եվ, վերջիվերջո, մերօրյա մարդիկ դաջվածքներ անելով՝ փորձում են արտահայտել իրենց անհատականությունը, անկրկնելիությունը, ըմբոստությունը կամ ինքնաբավությունը: Բայց ցանկանում ենք մենք, թե՝ ոչ, այդպես անելով՝ արտահայտում ենք մեր ներաշխարհը, մեկի կամ մի բանի հետ կապը, մեր հավատքը, մեր արժեքները կամ դրանց բացակայությունը, մեր առաջնահերթությունները, երբեմն էլ՝ մեր վախերը, մեր կուռքերը, մեր դևերը կամ աստվածները:

Վասիլի Գրեյներովիչ