Ո՞ւմ նկարն է դրված դրամապանակիդ մեջ

Դրամապանակի նկարըՄի անգամ գնացքում վերահսկիչը գնացքի մարդաշատ հատվածում մի մաշված դրամապանակ է գտնում:

Նա բացում է այն՝ դրա մեջ տիրոջ անունը նշող ինչ-որ փաստաթուղթ գտնելու ակնկալիքով: Սակայն այնտեղ մի քիչ գումարից և Հիսուս Քրիստոսի նկարից բացի ոչինչ չի գտնում:

Վերահսկիչը բարձրացնում է դրամապանակը և ներկաներին հարցնում, թե ումն է այն:

Մի ծեր մարդ տեղից բացականչում է.

– Այն իմն է, խնդրո՛ւմ եմ, տվե՛ք ինձ:

Սակայն վերահսկիչը կասկածանքով նայում է նրան և ասում.

– Նախ դու պետք է ապացուցես, որ այն քոնն է, և նոր միայն կստանաս դրամապանակը:

Ծեր մարդը մեղմորեն ժպտում է և ասում.

– Դրամապանակի մեջ Հիսուս Քրիստոսի նկարն է դրված:

Սակայն ծերունուն ի պատասխան՝ վերահսկիչն ասում է.

– Դա ապացույց չէ: Ցանկացած մեկն էլ  կարող է իր դրամապանակում դնել Հիսուս Քրիստոսի նկարը: Ի՞նչ յուրահատուկ բան կա նրանում, որ Հիսուսի նկարն է այնտեղ: Ինչո՞ւ քո նկարը չես դրել:

Խորը շունչ քաշելով՝ ծերունին ասում է.

– Թո՛ւյլ տվեք՝ բացատրեմ, թե ինչու այնտեղ դրված չէ իմ նկարը…

Այս դրամապանակն ինձ հայրս է նվիրել, երբ դեռ դպրոցական էի և շատ չնչին գումար էի ունենում ինձ մոտ: Այդ ժամանակ դրամապանակում մշտապես դրված էր  ծնողներիս նկարը:

Երբ պատանի էի, պարզապես տարված էի իմ արտաքին տեսքով: Դրամապանակիս մեջ դրված ծնողներիս նկարը փոխարինեցի իմ նկարով: Ինձ դուր էր գալիս ամեն անգամ այն բացելիս տեսնել իմ նկարը:

Տարիներ անց ես ամուսնացա: Կինս շատ գեղեցիկ էր, ես անչափ շատ էի սիրում նրան, ուստի դրամապանակումս տեղադրեցի նրա նկարը:

Երբ մեր առաջնեկը ծնվեց, իմ կյանքում մի նոր փուլ սկսվեց: Ես կրճատեցի աշխատանքային ժամերս, որպեսզի կարողանամ շատ ժամանակ տրամադրել նրան: Եվ այդպես՝ դրամապանակիս մեջ նկարի համար նախատեսված պատվավոր տեղն այս անգամ զբաղեցրեց որդիս:

Մինչ ծերունին պատմում էր այս պատմությունը, վերահսկիչի աչքերից գլորվում էին արցունքի խոշոր կաթիլներ:

– Ծնողներս, – շարունակեց ծերունին,- տարիներ առաջ մահացան, իսկ անցած տարի էլ՝ կինս հեռացավ կյանքից: Տղաս՝ իմ միակ որդին,  չափազանց զբաղված է իր սեփական ընտանիքով և ժամանակ չունի ինձ տրամադրելու համար:

Այն ամենը, ինչ ժամանակին այդքան մոտ էր իմ սրտին, այժմ չափազանց հեռու է ինձնից:

Հիմա դրամապանակումս դրել եմ Հիսուսի նկարը: Եվ, ցավոք, նոր եմ հասկացել, որ միայն Նա է մեր հավիտենական ուղեկիցը: Նա երբեք ինձ չի լքի:

Ավա՜ղ, եթե միայն ես դա հասկանայի ավելի շուտ: Եթե միայն այս տարիների ընթացքում սիրեի Տիրոջն այնքան ուժգին, որքան սիրել եմ ընտանիքս, այսօր այդքան միայնակ չէի լինի:

Վերահսկիչը լուռ դրամապանակը տալիս է  ծերունուն և գնացքի կանգ առնելուն պես՝ դուրս ցատկում այնտեղից և վազում դեպի մոտակա գրախանութը:

Մոտենալով վաճառողին՝ նա ասում է.

– Խնդրո՛ւմ եմ, տվե՛ք ինձ Հիսուս Քրիստոսի փոքրիկ նկարը, ես այն պետք է դնեմ իմ դրամապանակում…

Հ.Գ. Սիրելի՛ բարեկամ, այսօր ինքդ քեզ հարց տուր, թե ինչ տեղ է զբաղեցնում այս պահին Հիսուս քո կյանքում: Մտածի՛ր այդ մասին…