Ինչու քրիստոնյաներից շատերը չեն անի այս աղոթքը

Երեկոյան ժամը 10.30-ն է, ես վերջապես նստեցի անկողնուս վրա, բացեցի Աստվածաշունչս,  խնդրեցի Աստծուն՝ խոսել ինձ հետ Իր Խոսքով: Ես ունեցել էի բազում գործերով լցված օր:

Պարտաճանաչ ձևով կարդացի այն, ինչ պետք է կարդայի: Եվ հանկարծ երեք խոսքեր Աստվածաշնչից գրավեցին իմ ուշադրությունը: Ես դրանք գրի առա, հետո գնացի քնելու: Բայց չէի կարողանում:

Այդ խոսքերը մինչև հոգուս խորքը դիպչել էին ինձ: Ես պատկերացնում էի Դավիթ թագավորին իր ողջ զորությամբ ու փառքով այս խոսքերն ասելիս: Նա մեկն էր, ում սրի տակով հազարավոր մարդիկ էին անցել, նա ղեկավարել էր բանակներ ու հաղթել բազում պատերազմներ:

Եվ նա հռչակում է այս խոսքերը, որոնք ուղիղ մտան հոգուս մեջ.

«Դու քո ձեռքովը հեթանոսներին դուրս հանեցիր և նրանց տնկեցիր. չարչարեցիր ազգերը և նրանց փռեցիր: Որովհետև ոչ թե իրենց սրովը ժառանգեցին երկիրը, և ոչ իրենց բազուկը փրկեց իրենց. այլ քո աջը և քո բազուկը և քո երեսի լույսը, որովհետև հավանեցիր նրանց» (Սաղմոս 44.2-3):

Աստծո աջը, Նրա բազուկը ու Նրա երեսի լույսը բերեցին հաղթանակ:

«Դու ես իմ թագավորը, ով Աստված. հրամայեցիր Հակոբի փրկությունների համար: Քեզանով գետինը գցեցինք մեր թշնամիներին. Քո անունովը կոխ տվինք մեզ դեմ վեր կենողներին: Որովհետև ես իմ աղեղին չեմ հուսացել, և իմ սուրը չի փրկում ինձ: Այլ դու ես փրկում մեզ մեր թշնամիներիցը և ամոթ ես անում մեզ ատողներին: Աստծով կպարծենանք ամեն օր և քո անունիցը կգոհանանք հավիտյան» (Սաղմոս 44.4-8):

Դավթի զորությունը Աստծո աջն է, Նրա բազուկը և Նրա երեսի լույսը: Դավիթն իր բոլոր մեծ գործերն արել էր, որովհետև ուներ մտերիմ, ձեռք-ձեռքի, երես առ երես փոխհարաբերություն Աստծո հետ: Նա Աստծուց կախված մեկն էր:

Ես հասկացա, թե իրականում որքան եմ ապավինում սեփական անձիս և իմ զորությանը, կարողությանը, կապերին և փորձին՝ անելու այն, ինչ պետք է անեմ: Ես կարող եմ շատ բան անել՝ առանց Աստծո: Պարզեցի, որ ես իրականում «անկախ» մեկն եմ:

Իմ հաջորդ քայլը եղավ ապաշխարելը, որ իմ սեփական զորությանն եմ ապավինել: Ես Նրա ոտքերի առջև բերեցի իմ հմտությունները, իմ օժտվածությունը, իմ տաղանդները և կապերը: Ես խնդրեցի Նրան սովորեցնել ինձ՝ ինչպես կախված լինել Իրենից: Ես հանձնեցի, մի կողմ դրեցի իմ սեփական «սուրը» և վստահությունը սեփական անձիս հանդեպ:

Հաճախ չեմ լսում, թե ինչպես են քրիստոնյաներն անում նման աղոթք, որովհետև մենք չենք սիրում լինել կախված: Մենք տոնում ենք սեփական անկախությունը և շնորհավորում նրանց, ովքեր սեփական ուժերով միլիոններ են ձեռք բերում և ոչ ոքի կարիքը չունեն այդ գործում:

Ինքս աշխատելով մեդիա ոլորտում՝ ես մեծացել եմ լայքերի և share-երի հետևող աշխարհում: Տեսել եմ, որ մարդը ձգտում է հայտնիության, հաջողության ու ժողովրդականության, և հաճախ մենք ինքներս մեզ խաբում ենք՝ մտածելով, թե դրանք ունենալով՝ կօգտագործենք Աստծո փառքի համար:

Մենք դառնում ենք մեր սեփական սուտ գովազդի բանտարկյալը: Աստծո հաղթանակը կախված չէ իմ հայտնիությունից, հարստությունից կամ ինքնագովազդից: Աստծո ճանապարհներում հաղթող լինելը գալիս է միմիայն փոխհարաբերություններից:

Իմ ընկերներից մեկը, ով ծառայում է Աղոթքի Միջազգային Տանը Կանզաս Սիթիում, պատմում է, թե ինչպես ինքը դադարեց գրել մի քանի տարի շարունակ, որպեսզի ժամանակի մեծ մասն անցկացնի Աստծո երեսը փնտրելով: Աստծո հետ փոխհարաբերությունն ավելի թանկարժեք էր նրա համար, քան իր լրագրողական կարողությունները: Ես փորձեցի պատկերացնել ինքս ինձ, թե ինչպես չեմ անում այն, ինչի մեջ շատ հմուտ եմ, մի քանի տարի շարունակ՝ Աստծո երեսը փնտրելու համար…

Աղոթքի ընթացքն իմ հոգում մի բան է, որն ուղղված է իմանալուն՝ ինչպես Աստծուց կախված լինել: Իմանալ, թե ինչ է հաղթանակը, որը ձեռք է բերվում Նրա աջով, Նրա բազուկով և Նրա երեսի լույսով: Հաղթանակ, որ գալիս է ձեռք ձեռքի, շունչ շնչի, երես առ երես կենդանի Աստծո հետ փոխհարաբերության արդյունքում: Հաղթանակ, որ չի եղել սեփական կարողություններովս իմ «սուրը» կամ իմ տաղանդը օգտագործելու արդյունքը, այլ հաղթանակ կամ հաղթական շրջան, որն արդյունք է Նրանից լսելու ու Նրան պատասխանելու:

Լեյլանի Հեյվուդ