Հարստության ձգտումն ու բարգավաճման կեղծ «ավետարանը»

«Իսկ նրանք, որ կամենում են հարստանալ փորձության և որոգայթի և շատ անմիտ վնասակար ցանկությունների մեջ են ընկնում. որ ընկղմում են մարդկանց սատակումի և կորուստի մեջ» (Ա Տիմոթեոս 6.9):

Որքան հեշտ է ցանկանալ հարուստ լինել: Պարզ է, որ մենք չենք ցանկանում լինել աղքատ, այնպես չէ՞: Բայց այստեղ՝ Աստվածաշնչում, Պողոսը Տիմոթեոսին մի սթափեցնող զգուշացում է տալիս, որ հարստանալու շտապողները ենթարկվում են տարատեսակ փորձությունների: Չգիտեմ, թե ինչ կասեք ձեր մասին, բայց սա ինձ ստիպում է դադար տալ և քննել իմ սիրտը, որովհետև «սատակումն ու կորուստը» միանշանակ իմ երկարաժամկետ ֆինանսական նպատակների մի մասը չեն կազմում:

Բայց իսկապե՞ս հարստանալու ձգտումը հակառակ է աստվածաշնչյան վարդապետությանը: Այո՛, հակառակ է: Հաշվի առեք, որ մի քանի խոսք հետո Պողոսը Տիմոթեոսին պատվիրում է (այդ թվում՝ բոլոր քրիստոնյաներին, մեզ ներառյալ). «Բայց դու, ով Աստծո մարդ, փախիր սրանցից և հետևիր արդարության, աստվածպաշտության, հավատքի, սիրո, համբերության, հեզության» (Ա Տիմոթեոս 6.11):

Աստված կամենում է, որ Իր երեխաները ձգտեն հարստության ոչ ավելի, քան մայրը ցանկանում է, որ իր երեխան վազի գնդակի հետևից երթևեկելի փողոցով: Հարցն այն չէ, որ հետապնդելի նպատակը սխալ է, այլ այն, որ այդ հետապնդումը կավարտվի կորստով: Նկատեք, որ Պողոսը չի խոսում հարստության դեմ, այլ «հարստանալ կամենալու», այլ խոսքերով՝ դեմ նրան, որ նպատակը Աստծուց փոխադրվի գումարների և աշխարհային եկամուտների ձեռք բերման վրա:

Բայց մի՞թե հենց այդ նույն հարստանալու ցանկությունը չէ, որ շարժում է մեր ողջ տնտեսական և ներդրումային համակարգը: Այո՛, հենց այդպես է: Դա խնդիր է, որովհետև մեր մշակույթի վերաբերյալ անգամ ամենամակերեսային ուսումնասիրությունները փաստում են, որ մարդկանց մեծ մասը ցանկանում է լինել հարուստ, իսկ դա նշանակում է, որ մարդիկ գլխով ընկղմվում են «փորձության և որոգայթի ու շատ անմիտ վնասակար ցանկությունների մեջ»:

Նրանք վազում են գնդակի հետևից արգելված ճանապարհով, և որպես արդյունք՝ մենք տեսնում ենք իսկական ավերություն. քանդված ամուսնություններ, կաշառված բիզնես, աղքատների շահագործում և ընտանիքներ, որոնք առանց գոյատևելու միջոցների են մնում այն պատճառով, որ իրենց հայրերը գնացել են ծայրահեղ ռիսկերի:

Իսկ քրիստոնյաների մի մասը մեղավոր է դրանում նույնքան, որքան մյուսները: Փաստացիորեն, շատ ժողովրդական քարոզիչներ իրենց հետևորդներին սովորեցնում են, որ նրանք պետք է կամենան լինել հարուստ և պետք է համառորեն Աստծուց խնդրեն նյութական ապահովություն, և որ հարստությունը ուժեղ հավատքի ցուցանիշն է: Սա իրականում աստվածաբանական կեղտաջուր է, և եթե մեկը ջանում է դրանով լցնել ձեզ, ապա առանց հետ նայելու՝ փախչեք նման մարդուց:

«Բարգավաճման ավետարանը»՝ ընդհանրապես ավետարան չէ: Սա հենց այն է, ինչը Պողոսը նկարագրում է՝ որպես «փորձություն և որոգայթ», որոնց պատճառով շատերը «շատ անմիտ վնասակար ցանկությունների մեջ են ընկնում»: Հեռու փախչեք այդ ամենից:

Եվ անգամ եթե ես և դուք չենք «խմում» այդ կեղտաջրերից, որը գովազդվում է բարգավաճման ավետարանի բազում քարոզիչներից, ամեն դեպքում՝ շատ հեշտ է հարստություն փափագելը:

Խնդիրը լավ տուն, լավ մեքենա, լավ կյանք ցանկանալը չէ, այլ մեր սրտում այդ ամենի ունեցած տեղը:

Ի ուրախություն բոլորիս՝ Պողոսը մեզ չի թողնում անպատասխան, այլ շարունակում է.

«Ներկա աշխարհիս հարուստներին պատվիրիր, որ չգոռոզանան և ոչ էլ ունայն մեծության վրա հույս դնեն, այլ կենդանի Աստծո վրա՝ որ ամեն բան տալիս է մեզ առատապես վայելելու համար։ Բարի գործեն, բարի գործերով հարստանան, առատաձեռն և կարոտներին հաղորդող լինեն։ Իրենց անձերի համար բարի հիմ գանձեն հանդերձյալի համար, որ հավիտենական կյանք ձեռք բերեն» (Ա Տիմոթեոս 6.17-19):

Ապավինեք Աստծուն: Հարստացեք բարի գործերով: Կիսվեք: Շինեք հավիտենական հարստություն երկնքում: Պահեք հավիտենական կյանքը: Աստված կօգնի մեզ:

Ռոբերտ Նետցլի