Պատմություն այն մասին, թե ինչպես մի պարզ խոսքը փրկեց ամուսնությունը

Պատմություն այն մասին, թե ինչպես մի պարզ խոսքը փրկեց ամուսնությունըԱմուսնական կյանքը միշտ չէ, որ լինում է ուրախ ու անամպ: Սակայն ջանալ՝ այն ավելի լավը դարձնելու, կարող ենք ամեն մեկս:

Իմ ավագ դուստրը՝ Ջեննան, վերջերս ասաց ինձ. «Երբ ես փոքր էի, ամենից շատ վախենում էի, որ դու և մայրիկը կբաժանվեք:

Բայց երբ 12 տարեկան դարձա, որոշեցի, որ գուցե այդպես ավելի լավ լիներ, չէ՞ որ դուք անդադար վիճում էիք»:

Եվ ժպտալով՝ նա ավելացրեց. «Ես ուրախ եմ, որ դուք, վերջիվերջո, հաշտվեցիք»:

Շատ տարիներ ես ու կինս սառը պատերազմ էինք վարում: Հետ նայելով՝ ես այնքան էլ չեմ հասկանում, թե ինչպես էինք որոշել ամուսնանալ. մեր բնավորություններն այնքան տարբեր են: Եվ տարիների հետ այդ տարբերություններն ավելի ուժգնորեն էին դրսևորվում: Հարստությունն ու փառքը մեր կյանքը ավելի հեշտ չդարձրեցին:

Ընդհակառակը, խնդիրները ավելի խորացան: Մենք վիճում էինք այնքան հաճախ, որ արդեն դժվար էր պատկերացնել միասին խաղաղ կյանք: Մենք մշտապես կոպտում էինք իրար, և երկուսս ջանում էինք թաքցնելու ցավը քարե ամրոցների հետևում, որոնք կառուցել էինք մեր սրտերի միջև:

Մենք հայտնվել էինք բաժանության եզրին և մեկ անգամ չէ, որ քննարկել էինք դա:

Ես ճամփորդության մեջ էի, երբ համբերությանս բաժակը լցվեց: Մենք վիճեցինք հեռախոսով, և կինս՝ Կերին, մի կողմ նետեց հեռախոսը: Ինձ լցրել էին բարկությունը, տկարությունն ու խորը միայնակությունը: Ես հասկացա, որ հասել եմ վերջնագծին՝ այլևս չեմ կարող դիմանալ:

Այդժամ Աստծուն դիմեցի: Ավելի ճիշտ՝ ողջ բարկությունս Նրա վրա թափեցի: Ես չգիտեմ, թե կարո՞ղ եմ արդյոք աղոթք կոչել այն, ինչ զայրացած գոռում էի այդ րոպեներին, սակայն դրանք մնացել են իմ հիշողության մեջ ընդմիշտ: Ես կանգնած էի լոգարանում և գոռում էի Աստծուն, որ այս ամուսնությունը սխալ է, և այլևս այդպես ապրել չեմ կարող:

Այո, բաժանության գաղափարը ինձ ատելի էր, բայց միասնական կյանքի ցավը տանջահար էր արել ինձ: Բացի զայրույթից, ինձ նաև համակել էր շփոթության զգացումը: Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչու ինձ ու Կերիին այդքան դժվար էր միասին:

Հոգուս խորքում ես գիտեի, որ իմ կինը լավ մարդ է: Եվ ես էլ այնքան վատ մարդ չեմ: Այդ դեպքում ինչո՞ւ մեզ մոտ չի ստացվում բարելավել հարաբերությունները: Ինչո՞ւ ես ամուսնացա մի կնոջ հետ, ում բնավորությունն այդչափ ինձ անհամապատասխան է: Ինչո՞ւ նա չի ցանկանում փոխվել:

Վերջիվերջո, բարկացած ու կոտրված ես նստեցի հատակին ու չկարողացա արցունքներս զսպել: Հանկարծ հուսահատության խավարից ասես լույս ծագեր. «Դու չես կարող փոխել նրան, Ռիկ, դու կարող ես փոխել միայն ինքդ քեզ»: Հաջորդ օրը տան շեմին ինձ սպասում էր իմ սառը ու տխուր կինը, ով անգամ հայացք չգցեց ինձ վրա, երբ հանդիպեցինք: Այդ գիշեր, երբ մենք այդքան մոտ էինք ու, միևնույն ժամանակ, այնքան հեռու. ես հասկացա, թե ինչ պետք է անեմ:

Հաջորդ առավոտյան ես հարցրեցի Կերիին.

-Ինչպե՞ս օրդ ավելի լավը դարձնեմ:

Կերին բարկացած նայեց ինձ.

-Ի՞նչ:

– Ի՞նչ անեմ, որ օրդ ավելի լավը դարձնեմ:

– Ոչի՛նչ,- կտրուկ պատասխանեց նա:- Ինչո՞ւ ես հարցնում:

– Որովհետև ես լրջորեն ուզում եմ անել դա,- ասացի ես:- Ես պարզապես ցանկանում եմ իմանալ, թե ինչպես քո օրը ավելի լավը դարձնեմ:

Նա հեգնական հայացքով ինձ նայեց.

– Դու ուզում ես ինչ-որ բա՞ն անել: Հրաշալի է, այդ դեպքում մաքրիր խոհանոցը:

Ակնհայտ էր. կինս ակնկալում էր, որ ես բարկությունից կպայթեմ, բայց ես ասացի. «Լավ»:

Վեր կացա և մաքրեցի խոհանոցը: Հաջորդ օրը հարցրեցի նույնը.

– Ինչպե՞ս քո օրը ավելի լավը դարձնեմ:

– Հավաքիր ավտոտնակը:

Ես խորը շունչ քաշեցի: Այդ օրը ես լիքը գործեր ունեի ու հասկանում էի, որ կինս մտածված ասաց դա՝ ինձ զայրացնելու համար: Այդ պահին ինձ հազիվ զսպեցի, որ ի պատասխան՝ բարկությունս չթափեմ նրա վրա:

Դրա փոխարեն ասացի. «Լավ»: Վեր կացա ու հաջորդ երկու ժամերը մաքրում ու կարգի էի բերում ավտոտնակը: Կերին չգիտեր, թե ինչ մտածեր: Եկավ հաջորդ առավոտը.

– Ինչպե՞ս քո օրը ավելի լավը դարձնեմ:

– Ոչ մի կերպ,- ասաց նա: -Դու ոչինչ անել չես կարող: Խնդրում եմ, վերջ տուր այդ հարցերիդ:

Ես պատասխանեցի, որ չեմ կարող, որովհետև ինքս ինձ խոսք եմ տվել:

– Ինչպե՞ս քո օրը ավելի լավը դարձնեմ:

– Ինչո՞ւ ես անում այս ամենը:

– Որովհետև դու թանկ ես ինձ համար: Եվ մեր ամուսնությունը՝ նույնպես:

Հաջորդ առավոտյան ես նորից հարցրեցի: Հաջորդ օրը նույնպես և հաջորդ օրը… Հետո, երկրորդ շաբաթվա կեսին հրաշք կատարվեց: Իմ հարցից նրա աչքերը լցվեցին, և նա սկսեց լացել: Հանգստանալով՝ կինս ասաց. «Խնդրո՛ւմ եմ, դադարեցրու ինձ այդ հարցը տալ: Խնդիրը քո մեջ չէ, այլ իմ մեջ: Ես գիտեմ, ինձ հետ դժվար է: Չեմ հասկանում, թե ինչու դու մինչ օրս մնացել ես ինձ հետ»:

Ես մեղմորեն նրա երեսը ափերիս մեջ առա ու ուղիղ աչքերին նայելով՝ ասացի.

– Որովհետև ես սիրում եմ քեզ: Ուրեմն ասա՛, ինչպե՞ս անեմ, որ քո օրը ավելի լավը դարձնեմ:

– Այդ ես պետք է հարցնեմ քեզ,- պատասխանեց նա:

– Պետք է, բայց ոչ հիմա: Հիմա ե՛ս եմ ցանկանում փոխվել: Դու պետք է իմանաս, թե ինչ նշանակություն ունես ինձ համար:

Կինս գլուխը դրեց ուսիս:

-Ների՛ր, ես այնքան ահավոր էի վարվում քեզ հետ:

-Ես սիրում եմ քեզ,- պատասխանեցի ես:

Ես շարունակում էի այս հարցը նրան տալ ավելի քան մեկ ամիս: Եվ մեր հարաբերությունները փոխվեցին: Վեճերը, որ մեր սովորական առօրյան էին դարձել, մնացին անցյալում: Հետո կինս սկսեց ինձ հարցնել. «Ի՞նչ ես ցանկանում, որ անեմ քեզ համար: Ինչպե՞ս լավագույն կինը դառնամ քեզ համար»:

Մեր միջև գոյացած պատը քանդվեց: Մենք սկսեցինք խոսել բաց ու անկեղծ, թե ինչ ենք ուզում այս կյանքից և ինչպես մեկս մյուսին ավելի երջանիկ դարձնենք: Ո՛չ, մենք միանգամից չլուծեցինք մեր բոլոր խնդիրները: Ես անգամ չեմ կարող ասել, որ մենք այլևս երբեք չվիճեցինք: Բայց մեր վեճերի բուն էությունը փոխվեց: Դրանք ավելի ու ավելի հազվագյուտ դարձան: Մեզնից ոչ մեկը չէր ցանկանում դիմացինին վիրավորել:

Ժամանակի հետ ես հասկացա, որ «Ինչպես քո օրը ավելի լավը դարձնեմ» հարցը պետք է տա յուրաքանչյուրը իր կյանքի ուղեկցին: Դա է իրական սերը: Եվ երջանկությունը չի ծնվում սիրելիիդ տիրելու ու պատկանելու ծարավից, այլ նրան երջանիկ դարձնելու անկեղծ ու խորը ցանկությունից:

Իրական սերը այն չէ, որ դիմացինին մեր կրկնօրինակը դարձնենք: Այն մեր սեփական կարողությունների ընդլայնման մեջ է՝ համբերություն ու հոգատարություն դրսևորելու սիրելի մարդու բարեկեցության համար:

Ես չեմ կարող ասել, որ իմ ու կնոջս փորձառությունը կաշխատի յուրաքանչյուր զույգի համար:

Ես, սակայն, անսահման շնորհակալ եմ այն ոգեշնչման համար, որ այդ օրը եկավ ինձ մոտ այդ պարզ հարցի միջոցով: Ես շնորհակալ եմ, որ պահպանվեց իմ ընտանիքը, ու իմ կինը իմ կողքին է արթնանում ամեն առավոտ: Երջանիկ եմ, որ անգամ հիմա՝ մեկ տասնամյակ անց, մեզնից մեկը ժամանակ առ ժամանակ արթնանում է ու հարցնում. «Ինչպե՞ս քո օրը ավելի լավը դարձնեմ»: Հանուն դրա արժե արթնանալ ամեն առավոտ:

Ռիչարդ Փոլ Էվանս` ամերիկացի հայտնի գրող